Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պարոն Միրզոյանը ձեր պաշտպանության կարիքը չունի» Գորգիսյանը՝ «Իմ քայլին»

Հունվար 24,2020 13:40

«Արժե՞ր քննիչ հանձնաժողովի՝ ըստ մեզ իրավական, իսկ ըստ ձեզ՝ քաղաքական հարցը դարձնել ԱԺ նախագահի անաչառության և ժողովրդավարության հարց: Գուցե և արժեր: Բայց, եթե նման տարաձայնությունները կրկնվեն, դուք պատրաստվո՞ւմ եք մեզ հռչակել ավտորիտար: Իսկ գուցե փողոցային պայքա՞ր սկսեք մեր դեմ»,-«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին ԱԺ ամբիոնից այսօր նման հարցադրումներով դիմեց «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլի» չքվեարկելու պատճառով Երեւանի քաղաքապետի գործունեությունում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքը տապալվեց, ինչից հետո երեկվա նիստում «Իմ քայլը»-ԼՀԿ բանավեճը սրվեց: Մարուքյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին մեղադրեց խորհրդարանի աշխատանքն ապահովել չկարողանալու համար:

Մարիա Կարապետյանը շեշտեց, որ եթե վերջին մեկ տարում Արարատ Միրզոյանը կատակով կամ նուրբ հանդիմանանքով չկանխեր պատգամավորների միջեւ թեժ քննարկումները, իրավիճակը կվերածվեր քաղաքական դեգրադացիայի: «Պարոն Մարուքյան, դուք յոթ տարի պատգամավոր եք: Էլ սեղաններին եք խփել, էլ միջամտել տեղից, գոռացել…դուք յոթ տարի պատգամավոր եք եղել ոչ լեգիտիմ ազգային ժողովներում: Այս ազգային ժողովում ձեր խոսքն ու վարքը կշիռ ունի, եւ ձեր հանդեպ ԱԺ նախագահի կողմից սանկցիայի կիրառումը դա է փաստում (երբ Մարուքյանը տեղից վեր կացավ եւ մոտեցավ Ռուբեն Ռուբինյանին, Արարատ Միրզոյանը նախազգուշացում տվեց.-խմբ.), որքան էլ դա ձեզ պարադոքսալ թվա»:

«Լուսավոր Հայաստանից» արձագանքեց Գեւորգ Գորգիսյանը. «Շատ լավ է, որ իշխանությունն այսօր ունի լեգիտիմություն, բայց դա չի նշանակում, որ այդ լեգիտիմությունը պետք է բերի ամենաթողության, որովհետեւ դա միշտ ունենում է վատ հետեւանքներ: 90-ականների սկզբին դա տեսել ենք: Ասում եք՝ եթե պարոն Միրզոյանը չլինի, քաղաքական դեգրադացիայի կենթարկվեք… է, մի ենթարկվեք: Եթե պարոն Միրզոյանը պետք է ձեզ զսպի, որ չենթարկվեք, ցավում եմ ձեր համար, եւ կարծում, որ պարոն Միրզոյանը ձեր պաշտպանության կարիքը չունի»:

Ապա Գեւորգ Գորգիսյանին ելույթով դիմեց «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը. «Իմ համար քաղաքական գործչի քաղաքական պատասխանատվությունը սեփական խոսքերի հանդեպ պատասխանատվությունն է: Եթե պարոն Գորգիսյանն իրեն համարում է քաղաքական գործիչ եւ արժեւորում սեփական խոսքը, թող մոտենա այս ամբիոնին եւ փաստով ցույց տա, թե ում եմ անձնական վիրավորանք հասցրել, ինչպես երեկ ասաց:  Թող ներողություն խնդրի, որովհետեւ վիրավորել է իմ անձը: Սպասում եմ պարոն Գորգիսյանի արձագանքին»:

  Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031