Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ. իշխանափոխությունից հետո էլ ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ցուցաբերել կրավորական կեցվածք՝ ՀՀ տարածքում ռուսական բազայի զինծառայողների կողմից կատարած հանցավոր գործողությունների նկատմամբ

Հունվար 24,2020 14:15

2018 թվականի հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի՝ զինվորական տեխնիկայով երթն ուղեկցվել էր ինքնաձիգների կրակահերթերով, ինչը մեծ խուճապ էր առաջացրել գյուղում: Բնակիչները նախապես տեղեկացված չէին եղել զորավարժություններին, որ իրենց գյուղի տարածքով անցնելու է ռուսական բազայի զինվորական ծանր տեխնիկան:

Փանիկցիները ռուսական հրամանատարական կազմից բացատրություն էին պահանջել այն մասին, թե ինչու իրենք նախօրոք չեն զգուշացվել այդ մասին: Ռուսական կողմը բավարարվել էր բնակիչներից ընդամենը ներողություն խնդրելով: Գյուղացիների դժգոհության առիթներից մեկն էլ այն էր, որ ռուսական ռազմաբազայի ծանր զինտեխնիկան տեղաշարժվելով վնասում է ճանապարհները, իսկ ռուսական կողմը այդ վնասը փոխհատուցելու մասին չի էլ մտածում:

Միջադեպին անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակը՝ հավաստելով, որ դեպքի հանգամանքները և դրա ուսումնասիրության արդյունքները զեկուցվում են վարչապետին, իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը լրատվամիջոցների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ «այս կոնկրետ փաստով դրսևորվել է Ռուսաստանի իշխանությունների իրական վերաբերմունքը նոր Հայաստանի նկատմամբ»։

Միջադեպի հետքերով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2019 թ. հոկտեմբերի 29-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին պարզելու՝ ինչ քայլեր են ձեռնարկվել միջադեպի կապակցությամբ, հարուցվել է արդյոք քրեական գործ, եթե այո՝ ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածով և ինչ փուլում է գործի քննությունը:

Գրասենյակը հարցման մեջ անդրադարձել էր նաև հանգամանքին, որ ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություններն իրականացրել են ՀՀ տարածքում գտնվող գյուղում` առանց նախապես տեղեկացնելու ՀՀ իրավասու մարմիններին, ընդ որում՝ դրանք ուղեկցվել են կրակոցներով, պայթյունների բարձր ձայներով, ցնցումներով, ինչը բնակիչների շրջանում առաջացրել է ոչ միայն խուճապահար վիճակ, այլև հանգեցրել մեծահասակների ու երեխաների ուշագնացության դեպքերի։

Պահպանելով տեղեկություն տրամադրելու՝ օրենքով սահմանված ժամկետները՝ Շիրակի մարզի դատախազությունից ՀՔԱՎ գրասենյակին պատասխանել էին, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների կողմից զենք և պայթուցիկ նյութեր օգտագործելու դեպքի առիթով նախապատրաստված նյութերը «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն՝ ուղարկվել են ՌԴ իրավասու մարմիններին:

Չբավարարվելով անորոշ ու ըստ էության ոչինչ չասող պատասխանով՝ ՀՔԱՎ գրասենյակը 2019-ի նոյեմբերի 21-ին դարձյալ գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ տեղեկանալու, թե ՌԴ իրավասու մարմնին նյութերն ուղարկելուց հետո, դատախազությունն ինչ տեղեկություններ ունի այդ գործի շրջանակներում իրականացված քայլերի և արդյունքների մասին:

2-րդ գրության պատասխանն ավելի քան ապշեցուցիչ էր. «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված համաձայնագրով չկա որևէ պարտավորվածություն՝ ընդունված որոշման մասին համաձայնագրի մյուս կողմին տեղեկացնելու»:

Հարկ ենք համարում ՀՀ գլխավոր դատախազությանը հիշեցնել, որ միջադեպը տեղի էր ունեցել ՀՀ-ի տարածքում և քրեական գործը պետք է հարուցվեր հենց ՀՀ գլխավոր դատախազության կողմից, գործի քննությունն էլ իրականացնեին ՀՀ քննչական մարմինները՝ համաձայն «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» համաձայնագրի 4-րդ հոդվածի, որը հստակ սահմանում է՝ «ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների կողմից ՀՀ տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով կիրառվում է ՀՀ օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արձանագրում է, որ իշխանափոխությունից հետո էլ, ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ցուցաբերել կրավորական կեցվածք՝ ՀՀ տարածքում ռուսական բազայի զինծառայողների կողմից կատարած հանցավոր գործողությունների նկատմամբ: Քրեական գործ հարուցելու նախաձեռնություն ցուցաբերելու, միջադեպն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրելու և քննություն իրականացնելու, ռուսական բազայի զինծառայողներին ու հրամանատարին հարցաքննելու փոխարեն՝ ՀՀ դատախազությունը ցուցաբերում է ակնհայտ անտարբերություն, աչք փակում հանցավոր այս միջադեպի վրա՝ բավարարվելով այդ մասին ռուսական կողմին միայն գրավոր ծանուցելով, հարկ չհամարելով հետաքրքրվել՝ արդյոք հարուցվել է քրեական գործ, տարվում է քննություն, կան գործով ներգրավված անձինք, թե՝ ոչ:

Վերլուծելով ՀՀ տարածքում ՌԴ զինվորական ներկայության վերաբերյալ միջպետական պայմանագրերը՝ 2019-ին հրապարակված «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների իրավիճակի վրա» զեկույցում, ՀՔԱՎ գրասենյակը մի շարք մտահոգություններ ու եզրահանգումներ էր առանձնացրել, մասնավորապես՝

ա. պայմանագրերով/համաձայնագրերով նախատեսված չեն ՀՀ կողմից իր տարածքում գտնվող ՌԴ ստորաբաժանումների գործունեության նկատմամբ մշտադիտարկման եւ վերահսկողության մեխանիզմներ,

բ. ՀՀ պետբյուջեից ՌԴ զինվորական ստորաբաժանումների պահպանմանը հատկացվող միջոցները շարունակվում են համարվել գաղտնի տեղեկություն, հանրությունը ծանոթ չէ անգամ դրանց ընդհանուր չափին՝ ի տարբերություն ՀՀ պաշտպանական բյուջեի ընդհանուր չափի, որը հայտնի է,

գ. հաշվի առնելով, որ ՀՀ տարածքում ՌԴ զինվորական ստորաբաժանումների տեղակայման համար հատկացված տարածքները տրամադրվում են անվճար, ենթադրվում է, որ գնահատված չէ նաև տարածքների օգտագործման դիմաց ենթադրյալ վարձակալության վճարների չափերը,

դ. հնարավոր չէ գնահատել և նման գնահատում արված չէ, թե ՀՀ տարածքում ՌԴ զինվորական ստորաբաժանումների գործունեության համար որքա՞ն է վճարվում ՀՀ պետբյուջեից և, ընդհանրապես, ֆինանսական ի՞նչ բեռ է կրում մեր երկիրն իր տարածքում ՌԴ ստորաբաժանման պահպանման և տարածքների օգտագործման համար,

ե. ՀՀ կողմից ռուսական բազայի և սահմանապահ զորքերի գործունեության մշտադիտարկման և վերահսկողության մեխանիզմների բացակայությունը հանգեցնում է ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման, չկան նաև այդ խախտումների համարժեք փոխհատուցման մեխանիզմներ:

 

Հիշեցնենք՝ զեկույցի հրապարկման օրը՝ 2019-ի հոկտեմբերի 31-ին, շնորհանդեսին հրավիրված՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, թեև, այդպես էլ չէր արձագանքել հրավերին ու ներկա չէր քննարկմանը, շնորհանդեսի ավարտին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «մտահոգություն» էր հայտնել զեկույցի հրապարակման առիթով։

Հղում անելով զեկույցին՝ ՀՔԱՎ գրասենյակը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ բազմաթիվ խնդիրներ, որոնց բախվում են ՀՀ քաղաքացիները, պայմանավորված են ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի գործունեության նկատմամբ ՀՀ-ի իշխանությունների կողմից ոչ արդյունավետ հսկողությամբ: Մասնավորապես՝ մեր քաղաքացիների համար այդպես էլ հստակ չեն ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի նկատմամբ ՀՀ-ի վերահսկողության մեխանիզմները, բազայի զինծառայողների կողմից նման հանցավոր պահվածքի դեպքում իրավական գնահատական տալու ընթացակարգերը, ինչն էլ հանգեցնում է անպատասխանատու, անպատիժ գործողությունների շարունակական դրսևորումներին:

«Ռուսական ռազմական բազան՝ որպես ՀՀ-ում գործող կառույց, պետք է իր գործունեության համար ունենա և´ լիազորություն, և´ պատասխանատվություն. մենք տեսնում ենք, որ լիազորություններ կան, պատասխանատվության ինստիտուտը ամրագրված չէ»,- պնդում է ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ հիշատակելով ՀՀ-ում ռուս զինծառայողների գործողությունների և նրանց մասնակցությամբ միջադեպերի մի շարք աղմկահարույց օրինակներ՝ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում ռուսական ռազամաբազայի զորավարժարանի տարածքում 2 երեխաների զոհվելու դեպքը՝ պայթուցիկի պատճառով, 2013-ին, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունը՝ 2015 թ.-ին, հարբած ռուս զինծառայողի՝ գիշերով Գյումրու բնակարաններից մեկը ներխուժելու փորձը՝ 2016-ին, Փանիկում տեղի ունեցած զորավարժությունները՝ 2017 թ.–ին, Ջուլիետա Ղուկասյանի ողբերգական սպանությունը՝ 2018 թ.-ին:

Ամենաթողության վերածված այս վիճակը հետևանքն է այն բանի, որ տարիներ շարունակ մեր երկրի իշխանությունները ռուսական ռազմակայանի ղեկավարությանը չեն պարտավորեցրել հարգել այն երկրի օրենքները, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան: Ի վերջո, ռուսական ռազմակայանը պետք է հարգի միջպետական պայմանագրերը և ՀՀ օրենքները, որոնք կնքվել են դաշնակից համարվող 2 երկրների միջև: Հայաստանի իշխանություններն էլ իրենց հերթին պետք է միջոցներ ձեռնարկեն՝ հայ-ռուսական միջպետական պայմանագրերի հանդեպ հարգալից վերաբերմունք ձևավորելու ուղղությամբ, հակառակ պարագայում նման տհաճ միջադեպերը չեն բացառվում, ինչպես օրինակ՝ 2020 թվականի հունվարի 22-ին ՀՀ Տավուշի մարզում արձանագրվածը: Պայթյունի նմանվող ձայնը լսվել էր անգամ հարևան Լոռու մարզում: Միջադեպը լայն արձագանք գտավ հատկապես սոցիալական ցանցերում՝ դառնալով խուճապի առիթ: 1 օր անց՝ հունվարի 23-ին, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, հղում անելով ՌԴ պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությանը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում էր կատարել ու տեղեկացրել, որ ոչինչ չի պայթել, պարզապես Հայաստանում ռուսական ավիաբազայի «Էրեբունի» ռազմական ավիացիայի Ми-8МТВ ռազմական տրանսպորտային ուղղաթիռների երիտասարդ օդաչուներն օրվա ընթացքում կատարել են պարզ և բարդ հնարքներ՝ եղանակային բարդ պայմաններում: Ըստ հաղորդագրության՝ օդաչուների և թռիչքային տեխնիկայի մասնագետներից շուրջ 100 զինծառայող ներգրավվել է գործնական վարժանքներին, ներառվել ցամաքային և ավիացիոն ռազմական տեխնիկայի շուրջ 30 ստորաբաժանում: Տավուշի մարզպետի՝ 1 օր անց ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը տարածելը, լավագույնս վկայում է այն մասին, որ հերթական անգամ գործ ունենք անպատասխանատու վարքագծի հետ: Անգամ մարզի իշխանությունները նախապես չեն տեղեկացվել ծրագրվող օդային վարժանքներին, ինչ մնաց, թե բնակչությունը տեղեկացվեր: Ստացվում է, որ դարձյալ անտեսվել են ՀՀ քաղաքացիների իրավունքները:

Ռուսական ռազմաբազան, արհամարհելով թե´ միջպետական համաձայնագրերն ու պայմանագրերը, թե´ ՀՀ օրենքները, գործել է իր նպատակահարմարությամբ, որովհետև երբևէ չի հանդիպել ՀՀ իշխանությունների կոշտ արձագանքին այս հարցում:

Ամփոփելով՝ ՀՔԱՎ գրասենյակը ևս մեկ անգամ արձանագրում է, որ ՀՀ տարածքում Ռուսաստանի Դաշնության զինվորական ներկայությունը կարգավորող միջպետական պայմանագրերը/ համաձայնագրերը չեն համապատասխանում Հայաստանի՝ որպես ինքնիշխան, իրավական պետության չափանիշներին ու ՀՀ Սահմանադրությանը:

Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք ՀՀ իշխանություններին վերանայել միջպետական պայմանագրերը/համաձայնագրերը և դրանք համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությունը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031