Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետական սեփականության գույքն օտարվել է շուկայական արժեքից գրեթե 13 անգամ պակաս գնով. հարուցվել է քրեական գործ

Հունվար 24,2020 12:40

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը պետական սեփականություն հանդիսացած հերթական գույքի օտարման գործընթացի  վերաբերյալ, որի ընթացքում պարզվել են առերևույթ թույլ տրված հանցավոր դրսևորումներ:

Մասնավորապես, ուսումնասիրություններով պարզվել է, որ ՍՊԸ-ի կողմից 2017թ. մարտին կազմված եզրակացությամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված, ՀՀ-ին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Նոր-Նորք համայնք, Միկոյան փողոց, թիվ 18/2 հասցեում գտնվող 145.2 քմ մակերեսով վարչական մասնաշենք 2-ի, 495.32 քմ մակերեսով ավտոլվացման տեղամասի, 18.9 քմ մակերեսով բենզալցման կայանի, 1062.8 քմ մակերեսով տնտեսական մասնաշենքի, 3687.6 քմ մակերեսով արտադրական մասնաշենքի, 24.5 քմ մակերեսով էլեկտրակայանի, 27.7 քմ մակերեսով տրանսֆորմատորային ենթակայանի, 10.14 քմ մակերեսով արհեստանոցի, 31.36 քմ մակերեսով պահեստի, 220.14 քմ մակերեսով ճաշարանի, 471.22 քմ մակերեսով վարչական մասնաշենք 1-ի, 102 քմ /183.6 խմ/ մակերեսով պարսպի և 24678 քմ մակերեսով հողատարածքի շուկայական արժեքը գնահատվել է ընդամենը 92.4 մլն ՀՀ դրամ:

Մինչդեռ ՍՊԸ-ի կողմից գնահատումն իրականացվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ առանց ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման, բացի այդ, գնահատման եզրակացությունը սահմանված կարգով չի հաստատվել Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ:

Չնայած այս ամենին՝ ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է գույքը մրցույթով օտարել՝ հիմք ընդունելով վերջինիս գնահատման վերոնշյալ արժեքը:  Արդյունքում 2017թ. սեպտեմբերի 4-ին կայացած մրցույթով գույքն օտարվել է 35.5մլն ՀՀ դրամով:

Հետագայում կատարվել է վերը նշված անշարժ գույքի 2017թ. շուկայական արժեքի վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ օտարված գույքի շուկայական արժեքը 2017թ. մարտ ամսվա դրությամբ կարող էր կազմել 464մլն ՀՀ դրամ, կամ ՍՊԸ-ի կողմից գնահատված արժեքից գրեթե 5 անգամ ավելի։

Այսպիսով, արձանագրված փաստերը վկայում են, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, 2017թ. ընթացքում իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել Գույքի գնահատման աշխատանքներ, ապա ապօրինի գործողությունների արդյունքում ընդունել են վերջինիս կողմից կազմված՝ օրենսդրության պահանջներին հակասող անհիմն եզրակացությունը, և դրանով գնահատված՝ հավանական շուկայական արժեքից գրեթե հինգ անգամ պակաս արժեքը հիմք է դարձվել  գույքը հետագայում մրցույթով օտարելիս: Արդյունքում՝ գույքն օտարվել է հավանական շուկայական արժեքից գրեթե 13 անգամ պակաս գնով՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրության արդյունքներով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031