Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է հնարավորություն տալ նաեւ, որ Ազգային ժողովն ինքն իրեն լուծարի. Դանիել Իոաննիսյանի առաջարկը. «Հայկական ժամանակ»

Հունվար 24,2020 11:48

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը դիմում է ներկայացնելու Արդարադատության նախարարություն՝ առաջարկելով հանձնաժողովում ընդգրկել ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի անունը: Այդ մասին տեղեկացրեց Իոաննիսյանը:

Հարցին, թե հանձնաժողովում ընդգրկվելու պարագայում ի՞նչ փոփոխություններ են պատրաստվում առաջարկել, Իոաննիսյանն ասաց, որ կան մի շարք հարցեր, որոնք դեռ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից առաջ էին առաջարկել եւ չի փոխվել, առաջարկների մի մասն էլ դրանից հետո առաջացած խնդիրներին են վերաբերում:

«Օրինակ՝ Սահմանադրության 109-րդ հոդվածն ասում է, որ 50 հազար քաղաքացի կարող է ստորագրահավաք անել եւ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: Ընդ որում, եթե այդ նախաձեռնությունը խորհրդարանի կողմից չի ընդունվում, ապա 200 հազար ստորագրությամբ այդ հարցը կարող է դրվել հանրաքվեի: Կարծես թե շատ լավ կարգավորում է, բայց այդ կարգավորումը Սահմանադրությունում գրված է այնպես, որ լինի անիրագործելի. ժամկետային եւ քանակական սահմանափակումները, ըստ էության, գործնականում անհնարին են դարձնում այդ նորմի գործելու հնարավորությունը: Արդեն քանի տարի է՝ այդ նորմը կա, ոչ ոք նույնիսկ չի էլ փորձել նախաձեռնել նման ստորագրահավաք»,- նկատեց ՀԿ ծրագրերի համակարգողը:

«Հաջորդ առաջարկը հետեւյալն է. օրինակ՝ ՀՀ քաղաքացիները պե՞տք է իրավունք ունենան ԱԺ արտահերթ ընտրություններ պահանջելու՝ առանց փողոց փակելու, առանց վարչապետի հրաժարականը պահանջելու, եթե ընդդիմությունը համարում է, որ Ազգային ժողովում արտահերթ ընտրություն է պետք: Այսինքն՝ այն, ինչ 2018 թվականին էր տեղի ունենում, դրա նորմալ, իրավական լուծումները պետք է տալ Սահմանադրությունում: Պետք է հնարավորություն տալ նաեւ, որ Ազգային ժողովն ինքն իրեն լուծարի: Պետք է հնարավորություն տալ, որ ինչ-որ շատ մեծ քանակի ստորագրություն հավաքելու դեպքում Ազգային ժողովը լուծարվի կամ հարցը հանրաքվեի դրվի»,- առաջարկը մանրամասնեց Իոաննիսյանը:

Իոաննիսյանը գործող Սահմանադրությունում խնդրահարույց է համարում նաեւ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կայուն մեծամասնության ձեւավորման ինստիտուտը, ինչպես նաեւ այն, թե ընդհանրապես ինչ հարցեր կարելի է դնել հանրաքվեի: Նա կարծում է, որ ԱԺ-ն եւ Կառավարությունը պետք է հնարավորություն ունենան միջպետական պայմանագիրը հանրաքվեի դնելու:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031