Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Օրեր անց հայտնի կլինեն հանքարդյունաբերության ոլորտում 10% եւ ավելի բաժնեմաս ունեցողները». Թունյան

Հունվար 24,2020 11:38

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկում է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որը սահմանում է՝ էլեկտրաէներգիայի, ջերմաէներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար դիմող եւ 10% մասնաբաժին ունեցող իրավաբանական անձանց ինքնությունը պետք է թափանցիկ լինի, այդ անձինք պետք է հայտարարագրվեն:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն օրինագծի հարակից զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Արտաշես Պետրոսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ 10%, թող ամբողջությամբ բացահայտվի: Արտաշես Պետրոսյանը նշեց՝ այս պահին առաջարկվում է մինչեւ 10% ունեցող փայատերերին բացահայտել, իսկ նախադեպը հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունն է, որն ընդունվեց նախորդ տարի եւ որով հանքարդյունաբերության ոլորտում 10% բաժնեմաս ունեցողները պարտավոր են հայտարարագրվել:

«Օրենքն աշխատի, հասկանանք, թե արդյոք կարիք կա՞ շեմն իջեցնելու»,-նշեց Արտաշես Պետրոսյանը:

«Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը, կարեւորելով օրինագիծը, շեշտեց՝ նախկինում այն չէր կարող ընդունվել, քանի որ ԱԺ դահլիճում նստած էին մարդիկ, որոնք բնական պաշարների տերեր էին եւ բացահայտվել չէին ցանկանա:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրեց՝ կառավարության եզրակացությունն այս օրինագծի վերաբերյալ բացասական է, քանի որ Արդարադատության նախարարությունն իրագործման հետ կապված խնդիրներ է տեսնում. «Եկեք ընդունենք առաջին ընթերցմամբ եւ քննարկենք ռիսկերը եւ հակափաստարկները: Եթե մինչեւ երկրորդ ընթերցում մեզ համոզեն, որ խնդիրներ կան, հետ կվերցնենք օրենքը: Քանի որ հանքարդյունաբերության ոլորտում այս մեխանիզմը ներդրել ենք, նույնը նաեւ էներգետիկայի ոլորտում պետք է ներդնենք»:

Ապա Թունյանը հայտնեց, որ հանքարդյունաբերության ոլորտում 10% իրական սեփականատերերի մասին տեղեկությունների հրապարակման վերջնաժամկետը հունվարի 30-նն է. «Այսինքն, մի քանի օրից պետք է ունենանք հանքարդյունաբերության ոլորտում 10% եւ ավելի բաժնեմաս ունեցողների անունները»:

Անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ կարծիք հայտնեց, որ օրինագիծը շոշափում է նախկին իշխանության եւ նրանց սպասարկող օլիգարխների շահերը, սակայն իր համար 10% շեմի ամրագրումը հասկանալի չէ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել