Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պատասխանատվություն ենք կրում սերունդների համար՝ պահպանելու և նրանց փոխանցելու մեր մշակութային ժառանգությունը. Վինչենցո Դել Մոնակո

Հունվար 24,2020 11:36

Մշակութային ժառանգության կառավարման, պահպանության, արժևորման տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ, Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) Մշակութային ժառանգության դեպարտամենտի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Համագործակցության զարգացման իտալական գործակալության աջակցությամբ՝ հունվարի 23-ին, Մատենադարան. Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտաժողովների դահլիճում տեղի է ունեցել «Մշակութային ժառանգություն. փորձ և հեռանկարներ միջազգային համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովի պաշտոնական բացումը:

Պաշտոնական  բացմանը  մասնակցել են  ՀՀ-ում  Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն,   ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Համագործակցության զարգացման իտալական գործակալության  ներկայացուցիչ  Պիետրո Պիպին, Բոլոնիայի համալսարանի մշակութային ժառանգության դեպարտամենտի  ղեկավար  Լուիջի Կանետտին,  Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն  Արման Ծատուրյանը, Մշակութային ժառանգության կառավարման, պահպանության, արժևորման տարածաշրջանային կենտրոնի  տնօրեն  Անի Ավագյանը:

«Կանայք, որ ղեկավարում են այս կառույցը, շատ նպատակասլաց են և պրոֆեսիոնալ, և վստահ եմ, որ հանուն համաշխարհային մշակույթի ժառանգության պահպանման՝ Տարածաշրջանային կենտրոնի հետ համագործակցությունը շատ արդյունավետ է լինելու և նոր դռներ է բացելու»,-ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

«Մշակութային ժառանգություն. փորձ և հեռանկարներ միջազգային համատեքստում» խորագրով գիտաժողովը տեղացի, տարածաշրջանի և միջազգային փորձագետների համար փորձի փոխանակման հարթակ է: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող մշակութային ժառանգության կառավարման և խնամքի, ոլորտի մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև համայնքի ներգրավման ձևերն ու հիմնախնդիրները, տարածաշրջանի մասնագետները մտքեր են փոխանակել մշակութային արժեքների արժևորման, կառավարման և պահպանության վերաբերյալ, կողմերը հանդես են եկել զեկույցներով:

«Մենք պատասխանատվություն ենք կրում սերունդների համար՝ պահպանելու և նրանց փոխանցելու մեր մշակութային ժառանգությունը: Վստահ եմ՝ համաժողովի ավարտին շատ բան կունենանք մեզ հետ տանելու»,-իր խոսքում նշել է ՀՀ-ում  Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն:

Գիտաժողովը կշարունակվի նաև հունվարի 24-ին: Այն կեզրափակվի մասնագիտական կլոր սեղան-քննարկումով. մասնակիցները կներկայացնեն իրենց մոտեցումները ներկայացված թեմաների վերաբերյալ։

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031