Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Հակոբյան. «Պետք է մասնագիտական լուրջ բանավեճ լիներ, դրա փոխարեն թեման փոխվեց, և պատգամավորներն ամբողջ մի օր ժամանակ կորցրեցին այլ հարցերի վրա». «Փաստ»

Հունվար 24,2020 11:23

Օրերս Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթն առավել հայտնի է մեկ այլ՝ «քրեական ենթամշակույթ» կրող խմբի և անձանց վերաբերյալ օրենքի նախագիծ անվանումով։

Նախագծերի փաթեթի թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընթերցման քննարկումներն անցան բավական թեժ մթնոլորտում։

Ընդհուպ պատգամավորներն իրար հասցեին անձնական վիրավորանքներ ուղղեցին, գուցե հարցը նաև ծեծկռտուքի հասներ, բայց դրանից հաջողվեց խուսափել։ Նկատողություններ պատգամավորներին, հեռացում ԱԺ նիստերի դահլիճից։ Ազգային ժողովի նիստերի դահլիճում մի իսկական խառնաշփոթ էր։

Միևնույն ժամանակ տպավորություն էր, որ այդպես էլ այս հարցի շուրջ բովանդակային քննարկում տեղի չունեցավ, կարևոր հարցերն անտեսվեցին, իսկ նախագծի թերությունների մասին բարձրաձայնող ընդդիմադիր պատգամավորներն էլ տարբեր պիտակավորումներ ստացան իրենց գործընկերների կողմից։

Մշակութաբան, հրապարակախոս Կարինե Հակոբյանը ևս կարծում է, որ Ազգային ժողովում այդպես էլ վերը նշված հարցի շուրջ բովանդակային քննարկումներ տեղի չունեցան։ Նա չի շրջանցում նաև մշակույթ տերմինի անհարկի օգտագործման հարցը։

Նշում է՝ այժմ «մշակույթ» եզրույթը սկսել են գործածել ոչ թե գեղարվեստական մշակույթի, այլ քրեական աշխարհի առնչությամբ։ «Խնդիրը լուծելու փոխարեն, այն էլ ավելի է խորանում։ Նկատի ունեմ հետևյալը. մենք անկախություն ձեռք բերեցինք մեր մշակութային ինքնությունը պահելու, պահպանելու, զարգացնելու համար, սակայն այդ գիտակցությունը մինչև այսօր չունեցանք։

Սա գագաթնակետին հասավ, երբ փակեցինք մշակույթի նախարարությունը։ Իսկ դա վերաբերմունքի նշան էր, որովհետև, երբ դու ինչ-որ բան կարևորում ես, հակառակը՝ դրա լիազորությունները մեծացնում ես։ Այդ առիթով շատ եմ խոսել։ Հայաստանի պես երկրում, այսպիսի մշակույթ ունեցող երկրում պետք է մշակույթի գերնախարարություն լիներ, բայց հակառակն արվեց։

Դրանից հետո արդեն ամեն ինչ կարելի է նույն համատեքստում դիտարկել և հասկանալ։ Չենք կարևորում մշակույթը։ Խոսքով չէ, որ պետք է այն կարևորել, այլ՝ գործով։ Իսկ գործով չի կարևորվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Անդրադառնալով օրենքին, որը պետք է պայքարի հասարակության ներսում քրեական բարքերի բացառման համար՝ հրապարակախոսը նշում է, որ վատ բարքերը պետք է փոխել պետության կրթական-դաստիարակչական քաղաքականությունը փոխելով և պահպանելով ու զարգացնելով մշակույթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031