Քաղաքագետ Հակոբ Բադալյանի խոսքերով, եթե գնահատում ենք իրավիճակը, ապա ԱԱԾ և Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունների վերաբերյալ իրավիճակը ստացվում է տարօրինակ և մի քիչ էլ անլուրջ, որովհետև եթե եղել է պետական հեղաշրջման փորձ, ապա այդ փորձը պետք է ունենա իրավական հետևանք, քրեորեն հետապնդելի հետևանք, որովհետև հասկանալի է, թե ինչ հանցագործության մասին է խոսքը։ Իսկ եթե չկա նման հետևանք, ապա հարց է առաջանում, թե առհասարակ ինչի մասին է խոսքը, կամ նման փորձի հանդեպ ոչ համարժեք արձագանք է եղել։
«Քանի որ Անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է, որ նման փորձ է եղել, իսկ ԱԱԾ-ին ասում է, որ նման տեղեկության չի տիրապետում, ապա իրավիճակն իսկապես տարօրինակ և անլուրջ է»,- ասաց Բադալյանը՝ հավելելով, որ ենթադրվում է, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից նման հայտարարությունները իրականում ունեն քարոզչական բնույթ, արվում են քարոզչական նպատակներից ելնելով։ «Քաղաքական իշխանությունն այդ մասին խոսելով՝ այդպիսով պատասխանում է իր հանդեպ քարոզչական, տեղեկատվական այն գրոհներին, որոնց մասին մենք բոլորս գիտենք, ականատես ենք լինում տեղեկատվական դաշտի մի զգալի մասից»,- ասաց քաղաքագետը։
Դիտարկմանը՝ ամեն դեպքում, հաշվի առնելով հանգամանքը, թե ինչ կարգի բարձրաստիճան պաշտոնյա է անում այդ պնդումը, չպետք է դրան հաջորդի իրավական պրոցես և, այնուամենայնիվ, պարզի, թե ինչի մասին է խոսում Արմեն Գրիգորյանը, Բադալյանը պատասխանեց. «Ես արդեն ասացի, որ իրավիճակը բավական տարօրինակ և անլուրջ է, և այդ մասին պետք է խորհել, իսկ քաղաքական ղեկավարությունը պետք է պատասխանատու կերպով մոտենա այս հարցին ու հստակ պատասխան տա՝ եղե՞լ է պետական հեղաշրջման փորձ, թե՞ չի եղել։ Եթե եղել է, ապա տարօրինակ է ասել՝ քրեական գործ հարուցելու կարիք կա, թե ոչ։ Պետական հեղաշրջման փորձը աներկբա պետք է արժանանար այնպիսի արձագանքի, որի հետևանքներից մեկն էլ պետք է լիներ քրեական գործի հարուցումը։ Իսկ եթե մինչ հիմա քրեական գործ չկա, ապա հասկանալի չէ, թե ինչ պետական հեղաշրջման մասին է խոսքը։ Իսկ հաջորդ հարցն այն է, թե ինչու է ԱԱԾ-ն ասում, որ տեղյակ չէ, ի վերջո, որտեղ է ոչ կոմպետենտությունը և ոչ համարժեք վերաբերմունքը իրավիճակին՝ ԱԱԾ-ո՞ւմ, թե՞ Անվտանգության խորհրդում։ Այս հակադրությունները թողնում են բավական անլուրջ տպավորություն»։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, սակայն, վստահաբար պնդում է, որ գլխավոր դատախազությունն անհապաղ պետք է քրեական գործ հարուցի Արմեն Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ։ «Բավական անհասկանալի իրավիճակ է, բայց եթե Անվտանգության խորհրդի քարտուղարն է պնդում, որ հեղաշրջման փորձեր եղել են, դա նշանակում է, որ դրա հետևում պաշտոնատար անձինք են եղել, պաշտոն չունեցողների կողմից պետական հեղաշրջման փորձ չի լինում։ Հետևաբար, Գրիգորյանի հայտարարությունը պետք է դիտել հաղորդում հանցագործության մասին, գլխավոր դատախազությունը պետք է անպայման ընթացք տա դրան։ Նման հայտարարությունները չեն կարող իրավական հետևանք չունենան, որի դեպքում միայն կարող ենք ակնկալել հստակություն, թե դա ում կողմից է կատարվել, ինչ միջոցներով, ինչ մեխանիզմներով»,- նկատեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ եթե բարձրաստիճան պաշտոնատար անձը նման հայտարարություն է անում, ապա հանրությունը իրավունք ունի ստանալու օբյեկտիվ տեղեկատվություն, թե ինչ է կատարվում պետության ներսում։ Դա նաև կնպաստի պետության հանդեպ վստահությանը։ «Իրավիճակը պետք է բացատրություն ունենա։ Հակառակ դեպքում պարարտ հող է ստեղծվելու մեկնաբանությունների շահարկումների համար։ Գլխավոր դատախազությունը անհապաղ պետք է քրեական գործ հարուցի ԱԱԽ քարտուղարի հայտարարությունների հիման վրա և հանձնարարի, որ քննությունը իրականացվի Հատուկ քննչական ծառայության կողմից»,- եզրափակեց Սաքունցը։
Կարդացեք նաև
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում