Հունվարի 23-ին Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում տեղի ունեցավ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) երրորդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկումը։ Զեկույցի ներկայացման նպատակով Ժնևում էր գտնվում ՀՀ պաշտոնական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորությամբ։
Պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, արտաքին գործերի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների պաշտոնյաներ։
Արտաքին գործերի նախարարի տեղակալը ներկայացրեց զեկույցը՝ անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում կատարված քայլերին, օրենսդրական բարեփոխումներին, ձևավորված դրական պրակտիկային։ Իր խոսքում Արտակ Ապիտոնյանը վերահաստատեց որպես ՀՀ կառավարության առանցքային հանձնառություն՝ մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության առավել ամրապնդումը շարունակելու երկրի իշխանությունների պատրաստակամությունը, կարևորեց ՄԱԿ տարբեր մարմինների հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը, մասնավորապես, Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման առումով։
ՄԱԿ անդամ երկրների շուրջ հարյուր ներկայացուցչություններ հանդես եկան Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող ելույթներով։ Բազմաթիվ երկրներ բարձր գնահատեցին Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո արձանագրված ժողովրդավարական առաջընթացը և կոռուպցիայի դեմ պայքարը, ներկայացրին հարցադրումներ և հանդես եկան առաջարկություններով։
Կարդացեք նաև
ՀՀ պատվիրակության անդամներն իրենց հերթին ներկայացրին մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրենց ոլորտների ձեռքբերումները և առկա մարտահրավերները, պատասխանեցին ՄԱԿ անդամ երկրների պատվիրակների հարցերին ու ներկայացրին պարզաբանումներ։
ՀՊԴ կանոնակարգի համաձայն՝ ՄԱԿ անդամ երկրների առաջարկությունները համակողմանիորեն կուսումնասիրվեն և դրանց վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կներկայացվի Մարդու իրավունքների խորհրդի հունիսյան նստաշրջանի ժամանակ։