Այսօր՝ հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ՊՆ 1945 Տ համարանիշի ավտոմեքենայով թիվ 142 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել մի երեխայի։
Երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։
Ոստիկանությունը պարզում է մահացած երեխայի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված վայրում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, և թե բնակիչները, թե դպրոցի աշխատակիցները բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարան, ճանապարհային ոստիկանություն, որպեսզի նշված վայրում տեղադրեն լուսակիր և արհեստական անհարթություն, սակայն ամեն անգամ պատասխանել են, որ այդ հարցը պետք է լուծվի դպրոցի հաշվին։ Բնակիչներն անգամ սպառնում էին փակել ճանապարհը, սակայն դասակի հրամանատար Մ. Սիմոնյանը իրավիճակի մասին տեղեկացրեց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանին, ով հանձնարարեց, որպեսզի տեղում ուսումնասիրեն խնդիրը և հարցը լուծվի՝ ի շահ բնակչի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: