Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ստուգումը չի՞ իրականացրել գնահատման հանձնաժողովի բոլոր անդամների կողմից

Հունվար 24,2020 14:00

Դատավորի թեկնածուն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի

Գոհար Գրիգորյանը դիմել էր վարչական դատարան, հայտնել էր, որ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին մասնակցել է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացմամբ բաժնի համալրման նպատակով անցկացված որակավորման ստուգման գրավոր քննությանը: Գրավոր քննության առաջադրանքը պարունակել է 2 իրավական խնդիր` յուրաքանչյուրը` 5 հարցադրումով, որոնցից առաջինը վերաբերել է նյութական, իսկ մյուսը` դատավարական իրավունքներին:

Երկու իրավական խնդիրներում էլ տեղ գտած 5-ական իրավական հարցադրումներին նա տվել է սպառիչ պատասխաններ, սակայն արդյունքների ամփոփման արդյունքում նյութական խնդրի դիմաց նրա պատասխանները գնահատվել են 0 միավոր, իսկ դատավարական խնդրի դիմաց՝ 27 միավոր:

Ըստ հայցվորի, հանձնաժողովը գրավոր աշխատանքը ստուգել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի թիվ 34-Ո-91 որոշման 4-րդ հավելվածի 9-րդ, 11-րդ եւ 16-րդ կետերի խախտմամբ` ստուգումը չի իրականացրել գնահատման հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, դրա արդյունքում հանձնաժողովի անդամների կողմից առանձին-առանձին համապատասխան ձեւի ստուգաթերթեր չեն լրացվել եւ վերջնական գնահատականը չի հաշվարկվել գնահատման հանձնաժողովի բոլոր անդամների կողմից` առանձին-առանձին նշանակված գնահատականների միջինից: Դատավորի թեկնածուի հայցադիմումի համաձայն, գրավոր աշխատանքին կցված ստուգաթերթը ստորագրել են հանձնաժողովի բոլոր անդամները եւ այն, ըստ էության, հիմք է հանդիսացել ամփոփիչ քննարկման ժամանակ հանրագումարային վերջնական գնահատականը որոշելու եւ գնահատման հանձնաժողովի արձանագրության մեջ ներառելու համար:

Նյութական խնդրի պատասխանների վերաբերյալ էլ, հայցվորը հայտնել էր, որ հանձնաժողովի միայն մեկ անդամն է ստուգաթերթում որոշակի վերացական գրառումներ կատարել, որն էլ, երկակի չափանիշների կիրառման պայմաններում, իր աշխատանքը գնահատել է զրո միավոր:

Վկայակոչելով «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածի առաջին մասը եւ 29-րդ հոդվածը, մի շարք միջազգային եւ ներպետական նորմեր, հայցվորը կարող է որպես շահագրգիռ անձ ոչ իրավաչափ ճանաչել իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ, կամ որեւէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը:

«Քննարկվող պարագայում ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդն է սահմանում դատավորների թեկնածուների համալրման նպատակով որակավորման ստուգման գրավոր քննության կազմակերպման եւ անցկացման կարգը, ընդ որում, նույն մարմնի որոշմամբ է ձեւավորվում նաեւ համապատասխան մասնագիտացում ունեցող գնահատման հանձնաժողովը, որի գործունեությունը դադարում է գրավոր քննության արդյունքներն ամփոփելու ժամկետը լրանալուց հետո: ԲԴԽ-ն միաժամանակ սահմանում է քննական հարցերի պատասխանները շարադրելու չափորոշիչները, դրանք չպահպանելու հնարավոր հետեւանքները, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամների կողմից գրավոր աշխատանքի գնահատմանը, լրացվող ստուգաթերթի ձեւին եւ բովանդակությանն առաջադրվող պահանջները»,- նշել էր Գ.Գրիգորյանը:

Վարչական դատարանը Գոհար Գրիգորյանի հայցն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի՝ որակավորման գրավոր քննությունն ամփոփելու վերաբերյալ վարչական ակտը` գնահատման հանձնաժողովի ստուգաթերթը, ոչ իրավաչափ ճանաչելու եւ իրեն գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը հավաքած եւ դատավորների թեկնածուների ցուցակի հերթական կամ արտահերթ համալրման համար հետագայում կայանալիք որակավորման ստուգման հարցազրույցի փուլ անցած հավակնորդ ճանաչելու պահանջների մասին, հայցը մերժել էր:

Ըստ վարչական դատարանի, «Դատարանը փաստում է, որ հնարավոր չէ կանխատեսել, թե որքան միավոր կհավաքեն հետագայում անցկացվելիք որակավորման գրավոր փուլին մասնակցած հավակնորդները, հետեւաբար` հնարավոր չէ կանխատեսել, թե որքան կլինի որակավորման գրավոր քննության հանրագումարային արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը, հետեւաբար` այդ պայմաններում եւս իրավաչափ չէ Հայցվորին ճանաչվել գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավոր հավաքած եւ դատավորների թեկնածուների ցուցակի հերթական կամ արտահերթ համալրման համար որակավորման ստուգման հարցազրույցի փուլ անցած հավակնորդ»:

Դատարանն արձանագրել էր, որ այս վարչական գործով այլ ապացուցներ ձեռք բերելու, դրանք հետազոտելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ «անկախ այդ ապացույցների բովանդակությունից, դրանցում պարունակվող ապացուցական փաստերից, դրանք այս կամ այն կերպ չեն կարող հիմք հանդիսանալ վերոնշյալ հիմնավորումներից տարբերվող եւ վեճն այլ կերպ լուծող այլ դատական ակտ կայացնելու համար»:

Վերաքննիչ վարչական դատարանը հունվարի 30-ին չի բացառվում հրապարակի որոշումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031