Տարեվերջին Aravot.am-ը զրուցել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի հետ:
-2019 թվականը դուք առաջին անգամ եզրափակում եք որպես հավաքականի գլխավոր մարզիչ: Մարզական առումով այն ինչպիսի՞ն էր:
-Անցած մրցաշրջանը հունահռոմեական ոճի ըմբիշների համար, ընդհանուր առմամբ, հաջող էր, սակայն կարող էր ավելի լավ լինել:
-Թերեւս, ամենամեծ «անհաջողությունը» այցելել էր Արթուր Ալեքսանյանին, որն աշխարհի առաջնությունում մտնելով եզրափակիչ, կողոսկրի վնասվածքի պատճառով ստիպված եղավ հրաժարվել չեմպիոնական չորրորդ ոսկու համար գոտեմարտից:
Կարդացեք նաև
-Այո, ցավոք, այդպես ստացվեց: Թեեւ հավաքի ժամանակ հին վնասվածքը դեռ զգացնել էր տալիս, սակայն Արթուր Ալեքսանյանն այդ առաջնությանը շատ լավ էր պատրաստվել: Բոլոր գոտեմարտերում նկատվում էր թարմություն, հաղթանակի հասնելու մեծ ցանկություն: Ավաղ, վճռորոշ գոտեմարտից առաջ այնպիսի վիճակ էր ստեղծվել, որ անգամ լիարժեք նախավարժանք չէր կարողանում անել:
-Հավաքականում սերնդափոխության մասին ի՞նչ կասեք:
-Սերնդափոխությունը նորմալ է ընթանում: Դա շատ լավ երեւաց Հայաստանի առաջնության ժամանակ, որտեղ մասնակիցների մոտ 70 տոկոսը երիտասարդ ըմբիշներ էին: Հեռանկարային երիտասարդներ ունենք, եւ ապագան նրանցն է: Նրանցից մեկն էլ Մալխաս Ամոյանն է: Նրա իրական, լուրջ նվաճումները դեռ առջեւում են: Նուր-Սուլթանում աշխարհի մեծահասակների առաջնությունում գոտեմարտը վարելու գործոնը հստակ նկատելի էր, սակայն զգացվում էր փորձի պակասը, ինչը կլրացվի ժամանակի ընթացքում, եթե շատ աշխատի իր վրա: Միայն տաղանդի հաշվին շատ երկար ճանապարհ գնալ հնարավոր չէ:
-2020 թվականը օլիմպիական է: Անցկացվելու է վարկանիշային ընդամենը երկու մրցաշար՝ եվրոպական եւ համաշխարհային: Երկուսում էլ ուղեգրի արժանանալու համար անհրաժեշտ է մտնել եզրափակիչ: Դրանց մասնակցող հավաքականի կազմերը ե՞րբ հայտնի կդառնան եւ ի՞նչ սկզբունքով կընտրվեն մարզիկները:
-Հավաքականի բոլոր անդամները սկզբում նախապատրաստվելու են տարվա առաջին կարեւոր մեկնարկին՝ Եվրոպայի առաջնությանը, իսկ վարկանիշային մրցումներին մասնակցողների կազմը հայտնի կլինի միայն դրանից հետո: Մենք Եվրոպայի առաջնությունում հույսեր ենք կապում տարբեր քաշային կարգերի հետ: Կկողմնորոշվենք ըստ մասնակցության արդյունքների: Իսկ վարկանիշային երկու մրցումների մասին կարող եմ ասել, որ շատ դժվար է լինելու: Բայց լավատեսորեն ենք տրամադրված ու վստահ, որ լավ է լինելու:
-Վերջին տարիներին շատ սուր մրցակցություն է 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանի եւ Կարապետ Չալյանի միջեւ: Ընդ որում, մրցակցությունը միայն մարզական չէ: ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հավաքականի մարզումներին, կարծես, չի մասնակցում՝ մարզվում է առանձին ծրագրով: Կարապետ Չալյանը միշտ հավաքականի հետ է: Լուծումն ինչպիսի՞ն է լինելու:
-Ամեն ինչ աշխատելու վրա է: Մրցումներ կան առջեւում:
-Ընդունված կարգ կա, որ հավաքականում տեղ ունենալու համար պետք է մասնակցել երկրի առաջնությանը:
-Մենք պայմանավորվել էինք, որ Ջուլֆալակյանը Հայաստանի առաջնությունը բաց է թողնելու, սակայն մասնակցելու է Նիսի մրցաշարին: Կարապետ Չալյանը հավաքներում լավ է աշխատում: Ես նրանից գոհ եմ:
-Նրանց միջեւ օլիմպիական խաղերից առաջ ստուգողական գոտեմարտ կարո՞ղ է կազմակերպվել: Արսենը հաջորդ հավաքներին կմասնակցի՞:
-Հիմա կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող: Մեր վերջին պայմանավորվածության մասին արդեն ասացի: Իսկ թե Արսենը հետագա ո՞ր հավաքներին կմասնակցի, չեմ կարող ասել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. Այս ընթացքում Ֆրանսիայի Նիս քաղաքում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որտեղ 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը եզրափակչում հաղթելով ադրբեջանցի մրցակցին՝ նվաճեց հաղթողի կոչումը, 2-րդ մրցանակակիր դարձան 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը եւ 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, իսկ Գեւորգ Ղարիբյանը՝ 60 կգ, Սլավիկ Գալստյանը՝ 67 կգ, Մալխաս Ամոյանը՝ 72 կգ եւ Ռուբեն Ղարիբյանը՝ 82 կգ արժանացան 3-րդ մրցանակի:
Հ.Գ.Գ. Արսեն Ջուլֆալակյանը Դանիայում մասնակցեց միջազգային բարձրագույն կարգի մրցաշարի եւ տանելով յոթ հաղթանակ՝ հավասարը չունեցավ 77 կգ քաշային կարգում:
«Առավոտ» օրաթերթ
23.01.2020