Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Հակոբյանը՝ Ապրիլյան պատերազմի եւ ուսանողական կյանքի մասին

Հունվար 24,2020 13:00

Ապրիլյան պատերազմի մասնակից տղաներից շատերը ուսանողներ էին, որոնք հերոսաբար պաշտպանեցին հայրենի սահմանները, եւ վերադառնալով քաղաքացիական կյանք՝ շարունակեցին կրթությունը՝ ստիպված լինելով վճարել ուսման համար:

Արթուր Հակոբյանը եւս Քառօրյա պատերազմի ընթացքում հայոց բանակի զինվոր էր, որն այժմ սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական կուրսում, զուգահեռ էլ աշխատում է։ Արթուր Հակոբյանը ապրում է Արտաշատ քաղաքում։

Աշխատանքը համատեղում է կրթության հետ, մի քիչ բարդ է, բայց հասցնում է: Սովորում է վճարովի հիմունքներով։ Վարձավճարը մասնակի զեղչվել է։ Նա ցանկություն ունի կրթությունը շարունակել արտասահմանում, եթե ամեն ինչ հաջողվի։

«Ապրիլյան քառօրյայի ժամանակ տասը ամսվա ծառայող էի։ Ապրիլի 2-ին նոր էի դուրս գրվել բուժկետից, ջրծաղիկի պատճառով 10 օր այնտեղ էի։ Ապրիլի 2-ի լուսադեմին արթնացանք կրակոցների ձայնից, ժամը 5-ին տագնապը հնչեց, մենք կիսահագնված բարձրացանք զինամթերքի պահեստ ու սկսեցինք լիցքավորել ծանր հրետանին, եւ դուրս եկանք զորամասից։

Փողոցներում մարդկանց բազմություն էր, բոլորը մեզ հաջողություն էին մաղթում։ Սկզբում չէինք գիտակցում, որ կռիվ է սկսվել։ Հետո սկսեցինք գիտակցել պահի լրջությունը։ Ծառայությանս մեջ եղել եմ հրետանու հաշվարկող, նաեւ ճիշտ հաշվարկներ կատարելու շնորհիվ կարողացանք խոցել հակառակորդի նշանակետերը։

Ամենամեծ թվով կրակոցները եղան ապրիլի 2-ին։ Այդ ժամանակ ամեն ինչ կարծես կանգ առավ մեզ համար, ոչինչի մասին չէինք մտածում, ոչ մի նպատակ, ցանկություն։ Միայն ջանում էինք ճիշտ կատարել մեզ տրված առաջադրանքը ու ողջ մնալ։

Հիշում եմ՝ այդ օրը 40 աստիճան ջերմություն ունեի, անտանելի ցուրտ էր, անձրեւ, պատսպարվելու տեղ չկար, զինվորական համազգեստս ամբողջությամբ թաց էր, բայց հիվանդության մասին չէի էլ մտածում, կար մի կարեւոր առաջադրանք ու ես ինձ չէի ների, եթե մնայի բուժկետում ու չկանգնեի ընկերներիս կողքին՝ մեր երկրի համար կարեւորագույն այդ պահին։

Խրամատները դեռ պատրաստ չէին, մեքենայի մի ջարդոն գտանք, երեք զինվորներով փորձեցինք կրակ վառել ներսում ու գոնե մի քիչ տաքանալ, սարսափելի ցուրտ էր, խոտը՝ թաց, կրակ վառել չհաջողվեց, միայն ծուխ էր, հակագազներով մտանք այնտեղ, փորձեցինք ծխով մի փոքր տաքանալ։

Այդ օրը մեզ հաջողվեց խոցել հակառակորդի 3 կիլոմետր երկարությամբ տանկերի շարասյունը եւ նրանք նահանջեցին։ Կրակոցները շարունակվեցին հաջորդ օրերին»,-հիշում է Արթուրը։

Արթուրը հիացմունքով էր պատմում բանակային ընկերների մասին. «Ապրիլից մինչեւ մայիս ապրեցինք Աղդամի տարածքում, շատ մտերմացանք: Այդ վայրը մեզ համար հարազատ էր դարձել, հիմա էլ ամեն անգամ հանդիպելիս՝ հիշում ենք, թե ինչպիսի օրեր ենք անցկացրել միասին։ Աղդամում ամեն ինչ պատրաստել էինք մեր ձեռքերով»։

Նաեւ հրամանատարին է ջերմությամբ հիշում, որն իր մարդկային եւ մասնագիտական գիտելիքներով մեծ ներդրում է ունեցել իր ծառայողական կյանքում։ Հատկապես տպավորիչ է համարում այն օրը, երբ տեղանքում կապ չկար, ու հրամանատարը կոորդինատային հաշվարկները զինվորներին փոխանցելու համար, եղանակային խիստ պայմաններում ինքն էր տանում։

«Հրամանատարի սխրանքները եւ օրինակելի վարքը մեծ ազդեցություն են ունեցել մեր բոլոր համախմբվածության համար»,- նշում է Արթուրը։

Թամարա ԱՎԱԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031