Արյան փոխներարկման մարզային 5 կայաններ կմիացնեն Երեւանի արյունաբանական կենտրոնին
Առողջապահության նախարարությունը մտադիր է արյան փոխներարկման մարզային հինգ կայաններ միացնել «Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ին: Այս մասին նախագիծը նախարարությունը երեկ է դրել շրջանառության մեջ: Ըստ այդմ, «Հրազդանի մարզային արյան բանկ»-ը, Արմավիրի, Լոռու, Գյումրիի եւ Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանները կմիանան Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին, որն էլ կլինի այս կայանների իրավահաջորդը, ուստի մարզային այս կայանների իրավունքներն ու պարտականություններն անցնելու են մայրաքաղաքում գործող արյունաբանական կենտրոնին:
Նախարարությունը նման նախագիծ է մշակել, քանի որ, ինչպես նշված է հիմնավորման մեջ, 2018-ին արյան փոխներարկման մարզային կայաններում ուսումնասիրությունից հետո բազմաթիվ խնդիրներ է հայտնաբերել, օրինակ՝ մեծ քանակությամբ խոտանված արյուն:
«Ուսումնասիրվել են արյան հավաքման, հետազոտման, մշակման եւ պահպանման վիճակը, կադրային եւ սարքավորումներով հագեցվածության մակարդակը, ինչպես նաեւ բոլոր այն գործոնները, որոնք պոտենցիալ ռիսկայնություն կարող են առաջացնել արյան եւ դրա բաղադրամասերի բավարար ու պատշաճ որակի պաշար ունենալու համար: Արդյունքում առավել խնդրահարույց են համարվում ՀՀ-ում արյան հավաքումն իրականացնող ենթակառուցվածքները, քանի որ գործող կայանները գտնվում են շատ վատ վիճակում, մասնավորապես դրանց բացարձակ մեծամասնությունը չի համապատասխանում սահմանված նորմերին ինչպես շենքային, այնպես էլ սարքավորումային եւ սանիտարական նորմերի պահպանման տեսանկյունից»,-գրված է նախագծում:
Կարդացեք նաև
Նախարարությունը վստահեցնում է՝ ուսումնասիրությունների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել արյան խոտանի տեսակարար կշռին, բոլոր կենտրոններում այն առկա է, սակայն կան կենտրոններ, որոնք մտահոգիչ են: Արյան ծառայության մարզային ստորաբաժանումներում հայտնաբերվել են մի շարք խնդիրներ: Օրինակ՝ բարձր է արյան եւ դրա բաղադրամասերի խոտանումը հիմնականում արյան եւ դրա բաղադրամասերի պահպանման ժամկետները լրանալու պատճառով, մասնավորապես 2018 թվականի ընթացքում հավաքագրվել է 4070 պարկ արյան բաղադրամաս (էրիթտրոցիտային զանգված եւ թարմ սառեցված պլազմա), իսկ 834 պարկ արյան բաղադրամաս խոտանվել է: Նախարարությունն այս խնդիրների ենթադրյալ պատճառներ է նշում՝ մասնագետները ճիշտ չեն հավաքում արյունը, նրանց հավաքած արյունը մեծ պահանջարկ չի վայելում եւ այլն, մարզային կայանները ունեն իրարից տարբերվող եւ ոչ օպտիմալ կառուցվածք, կադրային խնդիրներ:
Մասնավորապես, ըստ նախարարության, մեկ մարզային ստորաբաժանման հաստիքացուցակը հասնում է մինչեւ 18,5 հաստիք, օրինակ` Լոռու կայանը, իսկ Արմավիրի կայանում` 9,5 հաստիք: «Հաստիքացուցակի անհավասարության շեշտը դրվում է հիմնականում վարչական մասի հաստիքների վրա, իսկ դրանցից մեծ մասը կենսաթոշակային տարիքի անձինք են, միասնական կառավարման եւ համակարգման բացակայության պայմաններում արյան եւ դրա բաղադրամասերի դեֆիցիտի»,-վստահեցնում է նախարարությունը:
Նախարարությունը, 2019-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, այսպես ասած, ստուգողական ուսումնասիրություն է արել, կատարել է մարզային արյան կայանների գույքագրում, ու նորից հաստատվել է՝ գործող կայաններն ունեն անբավարար շենքային պայմաններ եւ հագեցած չեն պահանջվող սարքավորումներով եւ կադրերով: Բացի այս, նախարարությունը վստահեցնում է՝ պարբերաբար տեղեկություններ է ստանում, որ մարզային արյան կայաններում արյան հավաքման համար անհրաժեշտ սարքավորումներն անսարք վիճակում են, օրինակ՝ Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանում ցենտրիֆուգա սարքը խափանված է, ինչի պատճառով մարզի արյան ծառայության գործընթացը կանգ է առել:
Արդյոք մարզում այս կայանները չեն գործի: Այս առնչությամբ նախարարությունը վստահեցնում է՝ ֆիզիկապես արյան ծառայության մարզային ստորաբաժանումները չեն փակվելու, այլ կգործեն որպես արյունաբանական կենտրոնի մասնաճյուղեր կամ բաժանմունքներ, կունենան իրար նման կառուցվածք եւ հաստիքացուցակ, իսկ մարզի մասնագետները հնարավորություն կունենան մասնակցել արյունաբանական կենտրոնում կազմակերպվող գիտական կոնֆերանսներին, վերապատրաստումներին եւ դասընթացներին:
«Հաշվի առնելով ՀՀ աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական դիրքի առանձնահատկությունները՝ արյան ծառայությունը պետք է մշտապես պատրաստ լինի արագ արձագանքել բնական, տեխնոգեն աղետների եւ ռազմական գործողությունների ժամանակ առաջացած արյան մեծացած պահանջարկին՝ ապահովելով անհրաժեշտ քանակի բարձրորակ արյան բաղադրամասեր:
Ուսումնասիրությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ստեղծելու մեկ միասնական ցանց՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի գլխավորությամբ: Պետք է լինի միասնական կառավարման համակարգ եւ միասնական ռեեստր, որտեղ տեղադրված կլինի արյան բաղադրամասերի հավաքման, սպառման եւ խոտանման մասին ողջ տեղեկատվությունը»,-նշված է նախագծում:
Արյունաբանական կենտրոնին մարզային այս կայանների միացումով, ինչպես հայտարարում է նախարարությունը, կնվազեցվեն վարչական ծախսերը եւ կնպաստեն արյան ու նրա բաղադրամասերի արդյունավետ օգտագործմանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.01.2020