Լրահոս
Օրվա լրահոսը

11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից. կառավարությունն իջեցրել է ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորը

Հունվար 23,2020 17:26

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է մի քանի հրատապ հարցերի:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ 2020 թվականին ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի, հրատապ oգնությունների վճարման գործընթացը կարգավորելու նպատակով: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով, մասնավորապես, սահմանված է, որ յուրաքանչյուր տարի պետք է սահմանի ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող անապահովության սահմանային միավորը: Հաշվի առնելով աղքատության դեռևս բարձր մակարդակը, եկամուտների բաշխվածության անհավասարության բացասական դինամիկան, գործող ծրագրի ազդեցությունն աղքատության մակարդակի վրա՝ որոշմամբ առաջարկվում է պահպանել ՀՀ 2020 թ. պետբյուջեով նախատեսված նպաստառու ընտանիքների թվաքանակը և նպաստի չափ, այդ թվում երեխաներին տրվող հավելումները: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2020 թ. համար ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորը սահմանել 28.00՝ 30.00-ի փոխարեն:

«2019- 2020 թվականների ընթացքում բարձրացվել է նվազագույն կենսաթոշակի չափը, ինչպես նաև 2020 թվականից արդեն՝ միջին կենսաթոշակի չափը, նվազագույն աշխատավարձի չափը, հուլիսից՝ երեխաների ծննդօգնության գումարը կավելանա, ինչպես նաև 2 տարեկան երեխաներին տրվող խնամքի նպաստը: Այս եկամուտները, թեկուզ փոքր չափով, բայց ազդեցություն են ունենալու ընտանեկան նպաստի համակարգի վրա: Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ սահմանային միավորի մեծությունը նույնը թողնելու դեպքում, նպաստի իրավունքը կկորցնի շուրջ 11 հազար ընտանիք՝ իրենց 45 հազար անդամներով: Ուստի, դա կանխելու նպատակով առաջարկվում է իջեցնել ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորը: Արդյունքում 11 հազար մարդ կպահպանի նպաստի իրավունքը և, ըստ կանխատեսումների՝ համակարգ մուտք կգործի շուրջ 1000 ընտանիք»,-ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սահմանային միավորն իջեցնելով, այդ ընտանիքներին տրվում է նպաստ ստանալու հնարավորություն. «Այսինքն՝ թոշակը մի քիչ ավելանում է, նրանց անապահովության միավորը նվազում է և նրանք նպաստի համակարգից դուրս են հայտնվում: Մենք հիմա, որպեսզի դա տեղի չունենա, նպաստի համար անհրաժեշտ միավորները իջեցնում ենք՝ 30-ից դարձնելով 28: Սրա արդյունքում ոչ միայն այդ 11 հազար ընտանիքը պահպանում է նպաստ ստանալու հնարավորությունը, այլ ևս 1000 ընտանիք է ընդգրկվում համակարգում: Ես կարծում եմ, որ սա շատ ճիշտ որոշում է: Մենք ընդհանուր առմամբ անընդհատ նպաստի գործող համակարգի նկատմամբ բացասական վերաբերմունք ենք ցուցաբերում, բայց նաև մեր նախանշվող բարեփոխումներից առաջ շատ կարևոր է, որ այս քայլերով, այս անցումային ժամանակաշրջանում հնարավորություն տանք, որպեսզի ոչ միայն նպաստառու ընտանիքները, այլև ընդլայնված ևս 1000 ընտանիք ադապտացիոն մի շրջան անցնեն»:

Սակայն, վարչապետի խոսքով, այդ ընտանիքները պետք է իմանան, որ նպաստով երբեք ոչ մի ընտանիք աղքատությունը չի հաղթահարելու: «Ձգտել շարունակել մնալ նպաստի համակարգում՝ նշանակում է ձգտել շարունակել մնալ աղքատ ընտանիքի կարգավիճակում: Եվ մենք ասում ենք, որ այն ընտանիքները, որոնց անդամները աշխատունակ են, նրանց համար աղքատությունը հաղթահարելու մեկ ճանապարհ կա՝ աշխատանքը, որի համար մենք պետք է ստեղծենք բոլոր՝ և՛ հարկային, և՛ վարկային, և՛ կրթական պայմանները: Այս համակարգի զարգացման արդյունքում, երբ աշխատունակ մարդիկ մեր աջակցությամբ սկսեն իրենց կարիքները հոգալ, սա մեզ հնարավորություն կտա, որ անաշխատունակ մեր հայրենակիցների սոցիալական կարիքներն ավելի արդյունավետ կարողանանք սպասարկել»,-ընդգծել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ այս որոշմամբ փաստորեն ապահովվում է անցնցում անցումային շրջանը:

Զարուհի Բաթոյանը մանրամասներ է ներկայացրել նաև «Նպաստ+» ծրագրի ընթացքի վերաբերյալ և նշել. «Գյուղատնտեսական աշխատանքով, անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն էր ընձեռվել 25 ընտանիքի: Մենք առաջին մոնիթորինգն ենք իրականացրել 15 համայնքներում, որտեղ որևէ խախտում և որևէ անհամապատասխանություն չենք գրանցել: Հակառակը՝ բնակինչերն իրենց գոհունակությունն են հայտնում, և գրեթե բոլորն առաջարկ են ներկայացնում՝ այս ծրագրերն ընդլայնելու և պահպանելու: Այսինքն՝ ոչ թե մեկանգամյա ծրագիր իրականացնելու, այլ այն դարձնելու լայնածավալ պետական քաղաքականություն»:

Նիկոլ Փաշինյանը ևս ընդգծել է այդ ծրագրի կարևորությունը և նշել. «Շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները ճիշտ ըմբռնեն, թե մենք ինչի համար ենք դա անում: Դա անում ենք, որպեսզի իրենք դուրս գան աղքատության նպաստի համակարգից: Մենք դա անում ենք, որպեսզի իրենք աշխատանքով կարողանան իրենց ընտանիքի կարիքները բավարարել: Ուզում եմ ասել, երբ ասում են շարունակական լինի, այո՛, մենք պատրաստ ենք, որ այս ծրագիրը շարունակական լինի, բայց այն պետք է նաև հիմնված լինի արդյունքների վրա»: Վարչապետի գնահատմամբ՝ անհրաժեշտ է վերլուծության արդյունքում հասկանալ, թե ծրագրից օգտվող քանի ընտանիք է դուրս գալիս նպաստի համակարգից, քանիսն են հայտարարագրում, որ կառավարության աջակցությամբ աղքատությունը հաղթահարել են և այսուհետ իրենք կհոգան իրենց ընտանիքի կարիքները: «Ինչքան շատ լինի այդպես վարվող քաղաքացիների թիվը, ինչքան շատ մարդ դուրս գա նպաստի համակարգից – ընդ որում մենք նպաստը մեկ տարով բոլոր դեպքերում պահպանում ենք և այդ մարդկանց ժամանակ ենք տալիս, որպեսզի դուրս գան նպաստի համակարգից – այնքան մեծ միջոցներ կտրամադրենք այս խնդիրը լուծելու համար: Այդ մարկանց պետք է նաև խրախուսել, որ նրանք հաջորդ փուլով ներգրավվեն «խելացի անասնագոմերի» ծրագրի մեջ: Այսինքն՝ մենք մարդկանց պետք է զարգացման տրամաբանության մեջ դնենք և ոչ թե ինչ որ, մի ստատիկ վիճակ պահելու»:

Արտոնություն է տրամադրվել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը

Կառավարությունը բավարարել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է սերուցքային կարագի արտադրության համար (գյուղմթերքի վերամշակում): Արդեն իսկ իրականացվել է 2 մլրդ դրամի ներդրում կարագի արտադրամասի ստեղծման համար, նախատեսվում է իրականացնել 11 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 318 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ` 140,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 12.3 մլրդ դրամ, որից 2 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 10.3 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 11 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1.65 մլրդ դրամ:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ծրագրով ընկերությունը նախատեսում է առաջիկա 3 տարիների ընթացքում Իրանից ներմուծել 12 հազար տոննա կաթնային սերուցք: «Մենք նախապես այս հարցը քննարկել ենք տեղական արտադրողների հետ. եթե արտոնում ենք կաթնամթերքի այս տեսակ ներմուծումը, արդյոք տեղական արտադրողներին, կաթ արտադրողներին վնասում ենք, թե ոչ: Ունենք հավաստիացումներ, որ ներքին պահանջարկն այնպիսին է, որ նման ներմուծումը չի կարող որևէ ձևով ազդել կաթի շուկայի առաջարկի վրա»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ այդ եզրակացության հիման վրա է նաև որոշվել հայտը բավարարել:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է. «Երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ այս թեմային էլ անդրադարձ ունեցանք: Եվ այդ անդրադարձի առնչությունը խնդրո առարկայի հետ հետևյալն է. մենք մի դեպքում խնդիր ունենք, որ մեր կաթ արտադրողներն այնքան էլ գոհ չեն իրենց մթերման գներից և ընդհանրապես մթերման պրակտիկայից, մյուս կողմից՝ ունենք արտադրողներ, որոնք Հայաստանի Հանրապետության ներսում չեն կարողանում իրենց անհրաժեշտ կաթնային հումքը ձեռք բերել: Եվ սա այն դիլեման է, որը մենք փորձում ենք լուծել այդ թվում «խելացի անասնագոմերի» ծրագրով: Եվ այս ուղերձը պետք է մենք հստակ մեր հանրությանն ուղղենք, որ այն ձևերը, որոնցով մենք սովոր ենք կաթ արտադրել, այդ ձևերով արտադրված կաթն այլևս մրցունակ չէ շուկայում, լուրջ արդյունաբերական կամ բիզնես գործունեություն ծավալելու համար: Եվ հետևաբար մենք քաջալերում ենք մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք ներգրավվեն «խելացի անասնագոմերի» կառուցման ծրագրի մեջ, որտեղ մենք ծախսված գումարի 50 տոկոսը վերադարձնում ենք: Նաև սուբսիդավորվող վարկավորում ունենք այս ծրագրի համար, եթե մարդիկ սեփական միջոցներով են կառուցում կամ ինչ-որ այլ տեղից ձեռք բերված միջոցներով՝ գնահատված գնի 50 տոկոսը վերադարձնում ենք: Սահմանամերձ հատվածներում և զինթոշակառու հանդիսացող անձանց պարագայում վերադարձնում ենք ծախսված գումարի 70 տոկոսը»:

Վարչապետը նշել է նաև, որ հաշվետվության համաձայն՝ ծրագրում որոշակի շարժ է նկատվում: «Ես ուրախ եմ, որ, կարծես թե շարժ նկատվում է: Պայմանավորվենք, որ այս հարցում ֆինանսական սահմանափոկումներ չենք ունենալու: Ինչքան մարդիկ կառուցեն, այնքան մենք ֆինանսավորելու ենք՝ պայմանով, որ նրանք ճշգրիտ պետք է կառուցեն, առաջադրած տեխնիկական պայմաններին համապատասխան, որովհետև եթե այս շղթայից մի օղակ հանեն՝ ուրիշ բան դնեն, ընդհանրապես չի ստացվի»,-ասել է գործադիրի ղեկավարը:

Նախատեսվում է բարձրացնել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման մակարդակը. հաստատվել է հայեցակարգ և միջոցառումների ծրագիր

Գործադիրը հաստատել է Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը: Հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման ցածր մակարդակով և այդ հիմնախնդրի լուծման ուղղությամբ պետական քաղաքականության հստակեցման անհրաժեշտությամբ։ Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում սեփականաշնորհման գործընթացի արդյունքում առաջացել է և գոյություն ունի մասնավոր սեփականության որոշակի համակարգ, որի արդյունքում գյուղատնտեսական նշանակության հողերի նոր սեփականատերերի զգալի մասը չի զբաղվում տնտեսական գործունեությամբ և մասնավորեցված հողերը դուրս են մնացել տնտեսական շրջանառությունից: Մասնավորապես՝ հանրապետությունում առկա 445,6 հազ․ հա վարելահողերից 2018 թվականին չի օգտագործվել 202,8 հազ․ հա կամ շուրջ 45 տոկոս, որը բավական բարձր ցուցանիշ է այսպիսի սակավահող երկրի համար: Հայեցակարգով, մասնավորապես, առաջարկվում է ստեղծել հողի շուկայի զարգացման մեխանիզմներ՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա, մշակել չօգտագործվող հողերի դասակարգման չափանիշները և հաշվառման կարգը սահմանող ՀՀ կառավարության որոշման նախագիծ, ստեղծել հողային բանկ: Նախատեսվում է նաև հողային բանկերը և աճուրդները զարգացնելու միջոցով լքված հողերի մարկետինգը և չօգտագործված կամ թերօգտագործվող պետական հողերի վաճառքը խթանելու նպատակով հողի վարձակալական իրավունքը տրամադրել ամենաբարձր գին առաջարկողին՝ հատուկ նախապատվություն տալով հարևաններին և երիտասարդ տնտեսավարողներին, հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման գործընթացում հողի սեփականատերերի մասնակցությունը խթանող մեխանիզմների առաջադրում, գյուղացիական տնտեսությունների թվային ռեգիստրի մշակում և գործարկում և այլ: Առաջարկվող լուծումներին հասնելու համար առաջնահերթ է համարվում գյուղատնտեսական հողատարածքների՝ այդ թվում չօգտագործվող հողերի հաշվառումն ու թվայնացումը, որը պետք է ուղեկցվի հողային օրենսդրության բարելավված փաթեթով և հողերի սեփականատերերի ու հողօգտագործողների միջև նոր կապերի հաստատման խթանմամբ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է որոշման ընդունումը և նշել. «Մենք այսօր հանրապետությունում ունենք բազմաթիվ հողեր, որոնք չեն օգտագործվում, գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք ուղղակի նպատակային չեն օգտագործվում: Եվ այդ հողերի մի շատ մեծ մասի սեփականատերերը նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում չեն ապրում, որպեսզի մենք այդ մարդկանց հետ խոսենք, նրանց խնդրենք, համոզենք, որպեսզի նրանք վարձակալության տան այդ հողերը նրանց, ովքեր պատրաստ են դրանք մշակել: Հիմա մենք մտածում ենք այդպիսի մեխանիզմ ներդնել Հայաստանի Հանրապետությունում, որ ըստ մարզերի և ըստ հողի կատեգորիաների սահմանենք հողի վարձակալության պետական գին: Ունենանք օրենսդրական կարգավորում, որ երբ մի հող երկար ժամանակ չի օգտագործվում- և՛ այն դեպքում, երբ սեփականատերը Հայաստանի Հանրապետությունում է, և՛ այն դեպքում, երբ սեփականատերը Հայաստանի Հանրապետությունում չէ, – պետությունը օրենքի ուժով այդ հողը մարդուց վերցնի վարձակալության, իրեն վճարի վարձակալության վճար, և հողը վարձակալությամբ հանձնի այն տնտեսվարողին, ով պատրաստ է դա օգտագործել: Այսինքն՝ սրա արդյունքում մենք չմշակվող հողը դարձնում ենք մշակվող՝ այդ ընթացքում սեփականատիրոջը վճարելով որոշակի վարձակալության վճար: Սա ամենասկզբունքային փոփոխություններից մեկն է»:

Վարչապետն անդրադարձել է նաև այդ համատեքստում կադաստրի, քարտեզագրման հետ առնչվող խնդիրներին: «Այսօր մենք հանրապետությունում հողերի սեփականաշնորհման որոշ հետևանքների հետ ենք բախվում, որոնք ռեալ խոչընդոտում են մեր տնտեսության զարգացմանը: Ինչի մասին է խոսքը. առաջինը նախ, որ հողերը կտրտված են ահավոր: Այսինքն՝ մենք չունենք ընդարձակ տարածքներ, երբ նեդրողը ուզում է ներդրում անել և ասում է, օրինակ՝ ես ուզում եմ 20 հա հող առնել, 20 հա հող ոչ մի տեղ չկա: Այսինքն՝ 20 հա հող կա, բայց դա հարյուրավոր սեփականատերերի միջև է բաժանված»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առկա խնդիրների լուծումը շատ մանրակրկիտ աշխատանք է պահանջում, և նախատեսվող քայլերը պետք է արվեն 100 տոկոս թափանցիկ՝ հանրությանը քննարկումների մանրամասները ներկայացնելով: «Եվ շատ կարևոր է, որ այս ընթացքում, հենց այս պահից սկսած հանրության հետ երկխոսությունը լինի մշտական, որպեսզի մարդիկ պրոբլեմը տեսնեն և ընկալեն այն խորությամբ, ինչ խորությամբ մենք մեր աշխատանքի ընթացքում ենք տեսնում: Տասնյակ հազարավոր մարդկանց շահերի հետ առնչվող խնդիր է և մարդիկ պետք է իմանան, որ այստեղ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հանրային, տնտեսական և անհատական շահերի կոմպրոմիս գտնենք, որ մեկը մյուսի հաշվին չանենք: Բայց մենք այստեղ պետք է հասկականք, որ որոշակի դժվար լուծումների անհրաժեշտություն այնուամենայնիվ ունենալու ենք»:

 

Օրենսդրական նախաձեռնություններ

Նախատեսվում է ներդնել դեղերի շուկան վերահսկելու ևս մեկ մեխանիզմ

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունումը պայմանավորված է ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող դեղերի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու, դեղերի շուկայի նկատմամբ պատշաճ ու հնարավորինս ամբողջական վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությունից: Դեղերի շուկայում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ կազմակերպություններ, որոշ դեպքերում չունենալով նույնիսկ սեփական պահեստներ, ԵԱՏՄ անդամ երկրներից գործող օրենսդրության պահանջների խախտմամբ՝ առանց փորձաքննության և Առողջապահության նախարարության կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, մեծածախ ծավալներով ներմուծում, ազատորեն դրոշմապիտակավորում և իրացնում են բազմաթիվ՝ որակի, անվտանգության և արդյունավետության առումով կասկած հարուցող, ինչպես նաև հնարավոր չգրանցված, գրանցված, բայց որակազրկված, կեղծ, հոգեմետ և հսկվող դեղեր։ Այսպիսով՝ օրինագծի նպատակն է վերահսկելի դարձնել դեղերի շուկան: Մասնավորապես՝ «Վերո սիսթեմ» և «Մեկ պատուհան» համակարգերի ծրագրային փոխկապակցման միջոցով անհնար կդառնա չհավաստագրած դեղի դրոշմապիտակավորումը և «Վերո սիսթեմ» համակարգ տվյալների մուտքագրումը՝ «Վերագրել դրոշմապիտակներին ապրանքներին» ենթաբաժնում ավելացնելով պարտադիր լրացման ենթակա 2 դաշտ՝ համապատասխանության հավաստագրի և այդ հավաստագրով ներմուծված համապատասխան քանակով դեղի հերթական համարները: Այդ դեպքում «Tax Stamp» հավելվածով դեղը սկանավորելիս, հնարավոր կլինի ցանկացած դեղի հավաստագրված և անվտանգ լինելը պարզել թե՛ ստուգողի, թե՛ դեղատան, թե՛ սպառողի կողմից ցանկացած վայրում՝ առանց դեղը լրացուցիչ փորձաքննության ուղարկելու, որը ամբողջ շուկան հնարավորինս զերծ կպահի չհավաստագրված դեղերի շրջանառությունից։ Նախագծի ընդունման դեպքում կբացառվի ԵԱՏՄ անդամ երկրներից դեղերի ներմուծման ժամանակ (երբ բացակայում է մաքսային հսկողությունը և դեղերը ազատորեն տեղափոխվում են ընկերության պահեստներ) «Միասնական մեկ պատուհան» համակարգի և պետության կողմից սահմանված այլ ընթացակարգերի շրջանցման ակնհայտ հնարավորությունը, որից օգտվում են բազմաթիվ ոչ բարեխիղճ վարքագիծ դրսևորող ընկերություններ։ Արդյունքում, որակի փորձաքննության կենթարկվեն ներմուծվող բոլոր դեղերը, իսկ առանց Առողջապահության նախարարություն հայտ ներկայացնելու ներմուծված կամ փորձաքննության բացասական արդյունքներ արձանագրած խմբաքանակները չեն կարող դրոշմապիտակավորվել և ազատորեն իրացվել սպառողներին:

Ամփոփելով օրինագծի շուրջ ծավալված քննարկումը՝ վարչապետը նշել է. «Կարող ենք արձանագրել հետևյալը՝ երրորդ երկրներից բերելու պարագայում, մենք հնարավորություն ունենք վերահսկել, և ըստ էության նաև պարտադրել, որ հավաստագրման պրոցես անցնի: ԵԱՏՄ-ի պարագայում մենք օրենսդրական պահանջն ունենք, բայց մեխանիզմը չունենք պարտադրելու: Հիմա մենք ոչ թե պարտադրելու մեխանիզմ ենք դնում, այլ հետո վերահսկելու մեխանիզմ: Այսինքն, ըստ էության, չնայած օրենսդրական պահանջին ԵԱՏՄ-ից կարող է ներմուծել, ուղակի դրոշմապիտակավորել և առանց հավաստագրման ուղարկել դեղատնային ցանց: Հիմա այս նորամուծության ներդրումից հետո, եթե այդպիսի բան տեղի ունենա, տեսչական մարմինը կամ նույնիսկ քաղաքացիները կարող են նայել, որ դա հավաստագրված չի և համապատասխան տնտեսվարողը կենթարկվի վերահսկողության, և դա չպահելու դեպքում պատասխանատվության»:

2022 թ-ից նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը

Հավանության է արժանացել նաև «Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների) օգտագործման ծավալների կրճատմանն ուղղված իրավական կարգավորման հետ։ Հանրապետությունում առևտրի և սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային պարկերի և տոպրակների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման: Հիմք ընդունելով «Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան մասը՝ նախատեսվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում սահմանել «կշռափաթեթավորում» հասկացությունը, ավելացնել նոր դրույթ, որով 2022 թ. հունվարի 1-ից կարգելվի առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։ Արդյունքում՝ակնկալվում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալների կտրուկ կրճատում, ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը, հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը։

Նիկոլ Փաշինյանը ընդգծել է նման օրինագծի ընդունման կարևորությունը և նշել. «Շատ լավ կլինի, եթե այս օրենքով նախատեսված իրողությունը կյանքի կոչվի ոչ թե օրենքի բերումով, այլ մեր համընդհանուր վարքագծի փոփոխության բերումով: Այսինքն՝ շատ լավ կլինի, որ մենք նաև սեփական օրինակով, նաև մեր սիրելի հայրենակիցները, հենց այսօրվանից աշխատեն հնարավորինս քիչ օգտագործել այդ պլաստիկը, որովհետև մենք հետո տեսնում ենք, որ այդ պլաստիկ տոպրակները հայտնվում են մեր ճանապարհների եզրերին՝ «զարդարելով» մերձճանապարհյա ծառերը, թփերը և ընդհանրապես մեր միջավայրը: Դա իսկապես շատ լուրջ բնապահպանական, նաև սոցիալ-հոգեբանական խնդիր է, որովհետև մեր միջավայրը աղտոտվում է: Եվ լավ կլինի,որ մինչև 2022 թ-ը մենք արդեն մեր վարքագծով, մեր գիտակցության բարձրացման միջոցով, արդեն հասած լինենք այն իրողությանը դե ֆակտո, որին ուզում ենք դե յուրե հասնել 2022 թ-ին: Այնպես որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիներին, մեր երկրում ապրող բոլոր մարդկանց կոչ եմ անում, խնդրում եմ՝ հնարավորինս քիչ օգտագործել պլաստիկե տոպրակներ, և օգտագործել բազմակի օգտագործման տոպրակներ առևտուր անելիս և ընդհանրապես կյանքում: Այդպիսի կուլտուրա մենք ունեցել ենք նախկինում՝ խորհրդային տարիներում»:

Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1-ը

Կառավարության որոշմամբ 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաև Բանակի օրվան` հունվարի 28-ին, նախորդող օրը միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ առաջիկայում ևս նախատեսվում է աշխատանքային օրը տեղափոխելու մասին որոշում ընդունել՝ մայիսի 29-ը տեղափոխելով հունիսի 6-ը՝ շաբաթ օր:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031