Aravot.am-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի Չինարի գյուղում կնոջը խանդի հողի վրա խեղդամահ անելու կասկածանքով ձերբակալված տղամարդու հայրը տարիներ շարունակ հոգեկան առողջության հետ կապված ծանր խնդիրներ է ունեցել, մահացել:
Կնոջը խեղդելու արարքը Չինարիի միջնակարգ դպրոցի տնօրեն Գրետա Դալլաքյանին շատ է զարմացրել, նա չի բացառում, որ կնոջը սպանելու մեջ կասկածվող տղամարդը նույնպես որոշակի շեղումներ ունի:
Սպանված կինը Չինարիի դպրոցում արդեն երկու տարի տարրական դասարաններում էր դասավանդում: Գրետա Դալլաքյանը նրան մեզ հետ զրույցում այսպես բնութագրեց. «Կազմակերպված, հարգալից, նպատակասլաց, ինքնասիրությունը բարձր, երկու տարի է՝ մեզ մոտ աշխատում էր, մի օր նկատողության չի արժանացել, երեք երեխաների մայր էր, շատ պարտաճանաչ էր, ամեն ինչ հասցրել է»:
Գրետա Դալլաքյանի խոսքով՝ սպանվածի երեք երեխաներից մեկը իրենց դպրոցում երրորդ դասարանի աշակերտուհի է, այսօր էլ դպրոց է գնացել, չեն ասել մոր հետ կատարվածի մասին. «Տեղյակ չէ, մենք էլ դասերը չընդհատեցինք, չնայած բոլորս էլ սթրեսի մեջ ենք: Այդ ուսուցչուհու փոխարեն ես եմ այսօր դասարան մտել, այնքան լավ երեխա է, միշտ պատրաստված»:
Կարդացեք նաև
Սպանվածի մյուս երկու երեխաները մանկապարտեզ են հաճախում, երեխաները մնացել են սպանվածի ամուսնու հորեղբորորդու խնամքին:
Մեր զրուցակցի խոսքով, սպանվածը շատ խելոք ու ղոչաղ կին էր, խանդի առիթ էլ տվող չէր. «Սիրով ամուսիններ էին, մեքենայով ամեն օր դպրոց էր բերում, ասում էին նոր «հոլլ» են գնել, ընտիր վարագույրներ, կով էր պահում այդ աղջիկը, ջերմոց էին մշակում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ