«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել էր, որ ընդդիմությունը երբեւէ այսքան ուժեղ չի եղել:
Այսօր լրագրողների հետ զրույցում մեր հարցին՝ ընդդիմությունը չի ընդունում, որ ավելի ուժեղ են, քան նախկինում, ընդդիմադիրներն ասում են՝ մենք ուժեղ ենք այնքանով, որքանով թույլ է տվել ժամանակին Սերժ Սարգսյանը՝ որոշակի լիազորություններ տալով, ոչ ավել եւ ոչ պակաս, ինչպե՞ս եք դրան արձագանքում՝ Մակունցը պատասխանեց. «Բացի օրենքներից, որոնք թե՛ նախկինից եկել են եւ հիմա էլ կառավարությունը առանձին որոշումներ կայացնելով, ԱԺ-ն փորձելով էլի օրենսդրական փոփոխություններ անցկացնելով՝ փորձում ենք ուժեղացնել ու մեծացնել ընդդիմության դերը: Բայց այստեղ կարեւոր է նաեւ քաղաքական կամքը եւ քաղաքական կամքի դրսեւորումներ ԱԺ-ի գործունեության այս մեկ տարվա ընթացքում մենք տեսել ենք»;
Որպես օրինակ, Մակունցը նշեց այնպիսի մեծ կարեւորություն ունեցող մարմնում, ինչպիսին Հակակոռուպցիոն հանձնաժողովն է, նախագահի պաշտոնում ընտրել են ընդդիմության թեկնածուին. «Ինքներս նպաստել ենք, որ ընդդիմության ներկայացուցիչն ընդգրկվի այդ հանձնաժողովում, որտեղ որոշվել է, որ հենց նրանց ներկայացուցիչը լինի նախագահ: Երբ ես ասում եմ, որ ուժեղ է այսօր խորհրդարանական ընդդիմությունը, ասում եմ այն իմաստով, որ քաղաքական մեծամասնությունն անում է առավելագույնը, ոչ միայն օրենքների շրջանակներում իրենց լիազորվածի շրջանակում, այլեւ քաղաքական կամքի դրսեւորմամբ»:
Մենք փոխանցեցինք՝ Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր թեկնածուին ընտրելը Մարուքյանը հորդորում է մատի փաթաթան չդարձնել, ասում են՝ մեր թեկնածուն լավն է եղել, նրան եք ընտրել, բայց դա անկախ մարմին է, իրենք սպասում են, թե ինչ եք անելու, օրինակ, ՍԴ-ում սպասվելիք թափուր տեղերի դեպքում, ասում են՝ ԲԴԽ-ի մեր թեկնածուներին այդ դեպքում ինչու չընտրեցիք: Մակունցն արձագանքեց, որ մատի փաթաթան չեն դարձնում դա, ուղղակի արձանագրում են. «Գիտեք, աղմուկն ընդդիմախոսություն չէ, եւ ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է հնարավորինս բովանդակություն ստեղծենք»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ՍԴ-ի թափուր տեղերին, Մակունցն ասաց. «Քննարկում են բոլոր թեկնածուների հարցը՝ անկախ նրանից, թե որ խմբակցությունն է ներկայացնում, մի դեպքում քաղաքական մեծամասնության թեկնածուն է անցնում, մյուս դեպքում՝ ընդդիմության, այնպես որ օրինաչափ է նաեւ, որ ոչ բոլոր դեպքերում կարող է այս կամ այն ուժի թեկնածուն ընտրվել: Այստեղ էլ խնդիր չեմ տեսնում: Ես ուրախ եմ,որ բոլորս ձգտում ենք ունենալ առավել ուժեղ թեկնածուներ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ