Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում ժամը 14.40-ի սահմաններում հնչել են կրակոցներ:
ՀՀ ոստիկանության լրատվության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ շենքի ներսում վիրավորներ, զոհեր կամ պատանդ վերցված քաղաքացիներ չկան: Նա տեղեկացրեց, որ զինված անձը հանձնել է զենքը, անձամբ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ բանակցություններից հետո:
Նշենք, որ «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում գտնվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերության խմբագրությունը, «Yerevan today»-ի խմբագրությունը, միջազգային մի շարք կազմակերպությունների գրասենյակներ: Իսկ բիզնես կենտրոնի հարակից տարածքում գտնվում է ՄԱԿ-ի գրասենյակը: ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցների փոխանցմամբ՝ աշխատակիցներին և հյուրերին տեղեկացվել է կատարվածի մասին, և նրանք տարհանվել են:
Aravot.am-ի հետ զրույցում բիզնես կենտրոնում տեղակայված որոշ միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ հայտնեցին, որ կրակոցները տեղի են ունեցել առաջին հարկում, նույնիսկ զինված անձը ցանկացել է պատանդ վերցնել առաջին հարկի աշխատակիցներին: Այժմ իրենք շենքի ներսում են, չեն թույլատրում շենքից դուրս գալ:
Կարդացեք նաև
«Yerevan today»-ի աշխատակիցները լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ 14.40-ի սահմաններում, երբ հայտնի է դարձել, որ շենքում անհայտ անձ կա, որը զինված է և փորձում է մուտք գործել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ, իրենց այդ ժամանակ հորդորել են բարձրանալ շենքի ավելի բարձր հատված, քանի որ զինված անձը փորձում է վերև բարձրանալ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կրակոցներն արձակվել են ընդմիջման ժամին. ինքը շենքի ներսում չի եղել: Հարցին՝ որքանո՞վ են կրակոցները կապված ՀՀ երկրորդ նախագահի և նրա գրասենյակի հետ, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Որքանով է այս միջադեպը կապված Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հետ, ես հիմա չգիտեմ, կգերադասեմ տեղեկություններն ամբողջացնել: Եթե այն մեզ ինչ-որ բանով առնչվում է, կմեկնաբանենք, և ես հայտարարություն կտարածեմ: Հիմա որևէ տեղեկություն չունեմ»:
Հիշեցմանը՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները կարծիքներ են հնչեցրել, թե սա ուղղված է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակին, այս առիթով Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ ինքը պաշտոնական անձ է և նման ասեկոսեներ մեկնաբանել չի կարող:
Նա փոխանցեց, որ բիզնես կենտրոնի անվտանգությունն ապահովում է բիզնես կենտրոնի անվտանգության ծառայությունը, որն իրենց հետ կապ չունի:
Նշենք, որ այս պահին ոստիկանները պատ են կազմել բիզնես կենտրոնի առաջ, դեպքի վայրում աշխատում են նաև շտապօգնության աշխատակիցները: Այս պահին բիզնես կենտրոնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ դուրս են գալիս շենքից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. ՀՀ ոստիկանության՝ այս առնչությամբ տարածած պաշտոնական հաղորդագրությունն է. «Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։
Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։
Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։
Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են»: