ԱԺ այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Իմ քայլի» պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Լիլիթ Մակունցի հեղինակած՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը սահմանում է՝ մագիստրատուրայի այն ուսանողները, որոնք սովորելուն զուգահեռ աշխատում են, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը նրանց ուսման վարձը փոխհատուցում է եկամտահարկի չափով:
Սիսակ Գաբրիելյանը նախ նշեց, որ վերջին մեկ տարում օրինագիծը բավականին քննարկվել է այդ թվում մարզային բուհերի ուսանողների եւ դասախոսների, փորձագետների, ԿԳՄՍ նախարարի հետ:
Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ֆինանսների նախարարութան եզրակացությունն այս օրինագծի վերաբերյալ բացասական է, որովհետեւ չեն հասկանում՝ սա հարկայի՞ն արտոնություն է, թե սոցիալական աջակցություն. «Իմ կարծիքով՝ դրանից օրինագծի գաղափարը չի փոխվում»: Օրինագծի հեղինակը շեշտեց, որ տարբեր երկրներում մի շարք եղանակներով աշխատող ուսանողներին նման արտոնություն է տրվում:
Գաբրիելյանը նաեւ ասաց՝ օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում կառավարությունը պետք է հաստատի այն մասնագիտությունների ցանկը, որը վերաբերելու է այս իրավակարգավորմանը:
Կարդացեք նաև
Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քվեարկվի եւ դրվի երկրորդ ընթերցման:
Ինչ վերաբերում է հնարավոր կոռուպցիոն ռիսկերին այն մասին, որ գործատուները եկամտահարկի իմիտացիա կանեն, իսկ նրանցից մի մասը կհրաժարվի ուսանողների հետ պայմանագրեր կնքել, Սիսակ Գաբրիելյանը նշեց. «Դա ֆինանսների նախարարության հետ պետք է քննարկել: Վերահսկելը բարդ կարող է լինել: Ռիսկ կա, բայց չեմ կարծում, որ տարեկան մի քանի հարյուր հազար դրամի համար նման ռիսկի կգնան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ