Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանութան թանգարանի տնօրեն. «Ասում ենք՝ հիշում եւ պահանջում եմ, ո՞ւմ ենք հիշում, երբ շտեմարան գոյություն չունի»

Հունվար 23,2020 15:40

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում ներկայացնելով թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) 2019 թ գործունեության արդյունքները, նշեց, որ անցյալ տարի կարողացել են տպագրել ՀՑԹԻ «Ցեղասպանագիտական հանդես» պարբերականի 2018 թ. երկու եւ 2019թ. հերթական համարները, անգլալեզու Internatioanal Journal of Armenian Genocide Studies հանդեսը վերսկսել էիր համարների թողարկումը երկարատեւ ընդմիջումից հետո, կազմակերպել են տարբեր միջազգային եւ հանրապետական գիտաժողովներ, գիտական մշակման ենթարկվել ֆոնդերում առկա 35 անտիպ հուշագրություն:

Ի թիվս այլնի, կազմակերպվել է 19 մեթոդաբանական սեմինար օտարերկրյա եւ հայաստանցի մասնագետների մասնակցությամբ, վերսկսվել է Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակի տրամադրումը, բազմաթիվ ցուցադրություններ են կազմակերպվել, գիտական ֆոնդերը համալրվել են 1886 ֆոնդային միավորով, գիտական գրադարանը՝ 384-ով, թվայնացվել է գիտական ֆոնդերում գտնվող 1156 լուսանկար, 7 անտիպ հուշագրություն՝ 1588 էջ ծավալով:

Հարություն Մարության

Տնօրենն անդրադարձավ նաեւ միջազգային համագործակցության գծով գրանցված արդյունքներին, այդ թվում՝ Camp des Milles հիմնադրամի, Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի, Կանադայի մարդու իրավունքների թանգարանի, Լեհաստանի Պիլկե ինստիտուտի, Ավստրալիայի Դիկիենս համալսարանի ժամանակակից պատմությունների ուսումնասիրման խմբի հետ:

Պարոն Մարությանը նշեց, որ թանգարան-ինստիտուտի մուտքն ազատ է, սակայն անցյալ տարվա օգոստոս ամսից ներդրել են վճարովի էքսկուրսիաների համակարգը, ինչից թանգարան այցելությունների թիվը չի նվազել, սակայն թանգարան-ինստիտուտը կարողացել է որոշ գումարներ ստանալ:

Թանգարանը ցանկություն ունի ստեղծել Ցեղասպանության զոհերի եւ վերապրողների շտեմարան, հուշագրությունների շտեմարան եւ տեսաձայնագրությունների շտեմարան, ինչի համար ֆինանսական միջոցների փնտրուքի մեջ է:

«Ասում ենք՝ հիշում եւ պահանջում եմ, սակայն ո՞ւմ ենք հիշում, երբ շտեմարան գոյություն չունի»,-ասում է Հարություն Մարությանը:

Նա նշեց, որ Հայաստանի կառավարության օժանդակությամբ մարվել է նախորդ տարիներից կուտակված տասը միլիոն դրամ պարտքը: Հիշեցրեց, որ նախկինում 65 մլն դրամ տրամադրում էր «Լույս» հիմնադրամը, այժմ պետությունը այդ գումարն իր վրա է վերցրել: Նախորդ տարին թանգարանը փակել է առանց պարտքի, անգամ տասներեքերորդ աշխատավարձ է վճարել աշխատակիցներին:

Գոհար Խանումյան

Թանգարան-ինստիտուտի ֆոնդապահ Գոհար Խանումյանն էլ անդրադարձավ լրագրողների, մանկավարժների համար կազմակերպված սեմինարներին ու երեխաների համար նախատեսված դասախոսություններին: Ասաց, որ հատկապես մեծ է հետաքրքրությունը «Նեմեսիս» գործողության եւ Սողոմոն Թեհլերյանի գործի վերաբերյալ: Անդրադարձավ նաեւ Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի 100-ամյակին նվիրված գիտաժողովին ու ցուցադրությանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031