Լրահոս
Օրվա լրահոսը

Անհատական վարքագծով օժտված ազգերն ի տարբերություն հոտային վարքագծով օժտվածների, միավորվում են ոչ թե «ՎՈԺԴԻ», այլ գաղափարի շուրջ. «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության նախագահ

Հունվար 23,2020 15:45

Ազգայինի ու ազգայնականության շահարկումները

ԱԶԳԱՅԻՆԸ՝ որպես ազգային հավաքական բարոյահոգևոր արժեք, մեր ժողովրդի համար եղել է ամենավսեմն ու ազնիվը, սակայն միևնույն ժամանակ դարձել է ամենից շատ շահարկվողը։ «Հանուն ազգի հարատևման», «հանուն հայրենիքի անվտանգության» կարգախոսներն հայ էթնոսի համար իրականում ամենախորքային գերհզոր լծակներ են, որի շնորհիվ մեր ժողովրդի մեջ ծնվել են իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերող հազարավոր հերոսներ։ Սակայն միևնույն ժամանակ մեր ժողովրդի համար այս բացարձակ արժեքն ամենաշատն է շահարկվել անձնապաշտ կարիերիստների, գաղտնի գործակալների և պատեհապաշտների կողմից։ Իսկապես զազրելի է․ ազգային խնդրի՝ Արցախի ազատագրման գերխնդրով ՀՀ իշխանության բարձրագույն պաշտոնին հասած ԼՏՊ-ն, հետագայում ինքն իրեն քողազերծ անելով՝ ազգային գաղափարաբանությունը պիտի տգիտությամբ հայտարարի «կեղծ կատեգորիա», Նժդեհին՝ ռասիստ, իսկ հետո՝ հրապարակայնորեն հրաժարվի Արցախից։ ՀՀՇ իշխանություններն իբրև թե 90-ականների ազգայնականներ, ՀՀ Անկախության Հռչակագրին հակառակ, «Սեփականաշնորհում» ծրագրով դարձան ազգային հարստության տերեր։ Ս․ Սարգսյանի կողմից գլխավորած «Հանրապետական կուսակցության» վերնախավը ինքն իրեն նժդեհական հայտարարելով թալանեց ու երկրից դուրս հանեց միլիարդավոր դոլլարներ։ Եվ բնական է, որ այս նորերն իրենց նախորդների շարունակությունը լինելով, արդեն Գառնու տաճարը պիտի անվանեին «հավաբուն», իսկ Քարահունջը՝ «քարկտիկ»։ Իսկ երբ Աստված մի արասցե հանկարծ պատերազմ սկսվի, ապա այս նույն համբակները հայ ժողովրդի ամենախորքային լարերի հետ խաղալով նորից պիտի դիմեն ազգայինին՝ «Հանուն ազգի հարատևման», «հանուն հայրենիքի անվտանգության» կարգախոսներով։

«Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցությունը հայտարարում է, որ նման վարքագիծ դրսևորած վերոնշյալ անհատները, կուսակցությունները և կազմակերպությունները որևէ աղերս չունեն ազգայինի ու ազգային արժեքների հետ։

Սակայն կա ավելի վտանգավորը․ շատ ավելի վտանգավոր է, երբ նորօրյա պատեհապաշտ մանրապճեղները, որոնք որևէ ավանդ ու աղերս չունեն ազգայինի հետ, ազգայինի անվան տակ փորձում են մտնել չարչրկված ազգային դաշտ ու ազգայինը վերածել անարժեք մանրադրամի։

Այսօր, մեր քաղաքական դաշտում համարձակորեն հրապարակ են նետվում նորանոր կազմակերպություններ, ազգային արժեհամակարգից՝ ինքնությունից ու բարոյական նորմերից զուրկ «առաջնորդներ», որոնք իրենց կաղ հանգերով ու «հայրենասիրական» լոզունգներով, միասնության կոչեր են հնչեցնում, այդ ուղղությամբ միջոցառումներ կազմակերպում։ Գնահատելով սրանց հոտառության ու փողի համը զգալու ռեցեպտորները, ներողամտություն եմ ակնկալում և անում հետևյալ հարցադրումները:

  • Երբ 1991 թ-ին հիմնվեցին «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցությունը, «Ցեղային արթնություն» նախաձեռնությունը, այնուհետև «Ազգայնական ակումբը», «Ազատագրված տարածքների պաշտպանության միությունը», «Դիմադրական շարժումը», «Հայրենիք» ակումբը, որոնց հիմնական նպատակներից էր նաև ազգայնական ուժերի համախմբումն ու հայության ամբողջականության իրականացումը, ինչի համար իրականացվեցին բազմաթիվ միջոցառումներ, մի քանի տասնյակ գրքերի հրատարակումներ, հրապարակային ելույթներ, որոնք իրականացվեցին սեփական միջոցների տրամադրման ու օրնիբուն աշխատանքի շնորհիվ, ի՞նչն էր պատճառը, որ դուք անմասն մնացիք այդ գործընթացներից:
  • Երբ 2009 թ․ հոկտեմբերն «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության և «Հայք» (Հայկազուններ) կուսակցության հեղինակությամբ հրապարակվեց ու շրջանառության մեջ դրվեց հայ-թուրքական արձանագրությունների վտանգավորությունը մերկացնող ծավալուն փաստաթուղթը, որը տպագրվեց գրեթե բոլոր թերթերում, փոխանցվեց ԱԺ խորհրդարան ու մարտահրավեր էր այդօրվա իշխանություններին, ի՞նչը խանգարեց ձեզ միանալու համար։ Գուցե ձեր մանրախնդիր եսակենտրոնությունն էր պատճառը, կամ գուցե անդրօվկիանոսյան կամ քոչարյանական փողեր չէինք կարող բաժանե՞լ։
  • Երբ 2014թ․ մայիսին «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության և «Հայք» կուսակցության հեղինակությամբ հրապարակվեց ու շրջանառության մեջ դրվեց 2008 թվի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված և տեղի ունեցած իրադարձությունների պատճառների վերացման վերաբերյալ մանրակրկիտ վերլուծականով ծավալուն փաստաթուղթը, ուր տրվում էր նաև փոփոխության հրամայականը, անդրադարձ էր արված ազգայնականությանը՝ նրա նշանակությանն ու դերին, ի՞նչը խանգարեց ձեզ արտահայտելու ձեր վերաբերմունքն ու կարծիքը, որը շատ հարմար առիթ էր ազգայնական ուժերի համախմբման համար (եթե իսկապես դա է ձեր մտահոգությունը):
  • Երբ «Նժդեհյան Ցեղակրոն» և «Հայք-Հայկազուններ» կուսակցությունների հեղինակությամբ հրապարակվեց ու շրջանառության մեջ դրվեց հայության ամբողջականությունը վերականգնելուն ուղղված «Հայք» ծրագիրը, որը ներկայացվեց «Հոգևոր Հայաստան» կառույցի համագումարին ու կոչով դիմվեց բոլոր կառույցներին միանալու այդ գործընթացին, ինչո՞ւ մեկ ակնարկ անգամ չլսվեց ձեր կողմից:
  • Երբ 2018 թ-ի սեպտեմբերին «Հայք» նախաձեռնությունը «Նժդեհյան Ցեղակրոն», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» և «Հայք-Հայկազուններ» կուսակցությունների համատեղ ջանքերով ու  «Հայք-Հայկազուններ» կուսակցության ընտրացուցակով մասնակցեց Երևանի քաղաքապետարանի ընտրություններին, ուր  ներկայացված էին երեք հիմնածրագրեր, մասնավորապես՝ «Երևանը Հայության մայրաքաղաք», «Երևանը Ազգային Արժեքների մայրաքաղաք» և «Երևան քաղաք», ծրագրերով  թիրախավորել էինք՝ քրեաօլիգարխիկ համակարգը, բանկային համակարգը, խաղատները, աղանդավորությունը, թմրամոլությունը, համասեռամոլներին հովանավորող կազմակերպությունները, և բարձրացվում էր մեր ինքնության՝ արժեհամակարգի վերահաստատման ու արմատավորման խնդիրները, ի՞նչը խանգարեց ձեզ արտահայտելու ձեր վերաբերմունքն ու կարծիքը, էլ չասեմ ձեզանից ակնկալվող քվեն։ Դուք ձեր ձայնը տվեցիք այսպես կոչված «թավշյա հեղափոխությանը»՝ պաշտոն ստանալու ակնկալությամբ, այնինչ այն լավ առիթ էր ազգայնական գաղափարների ներկայացման, քարոզ-ման, տարածման և ազգայնական ուժերի համախմբման համար (եթե դուք իրոք ճշմարիտ ազգայնական եք): Բայց ձեզանից շատերը  չունեին այդ ժամանակը ու գնացին «թավշյա հեղափոխություն» անելու: Այո՛, փոփոխությունը հասունացել և անհրաժեշտություն էր, սակայն «թավշյա հեղափոխություն» թեզերը լոզունգային էին, հայեցակարգային առումով՝ անհա՛յտ, իսկ ձեզ համար գայթակղիչ՝ միմիայն պաշտոն զբաղեցնելու շանսը չփախցնելու համար:
  • Երբ ձևավորվում էր «Համահայկական ազգային համաձայնություն» շարժումը, ուր արդեն համախմբվում էին առաջնակարգ մտավորականներ, հասարակական կազմակերպություններ ու նախաձեռնություններ, որը շրջանառության մեջ դրեց այդ համաձայնության իրականացմանն ուղղված կոնցեպտուալ 64 հիմնադրույթներ, որի շուրջ հնարավոր է ձևավորել ազգային ուժերի համախմբումը, և երբ 2018թ-ի հուլիսի 22-ին մի շարք ազգայնական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ և նախաձեռնություններ միացյալ հայտարարություն տարածեցին ու համագումարում հայտարարեցին «Համահայկական ազգային համաձայնությանը» 8 հիմնադրույթների հիմքով միանալու որոշումը, ի՞նչը խանգարեց ձեզ միանալու, երբ այս միասնության հիմքում դրված ազգային հիմնադրույթները ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎՈՒՄ էին յուրաքանչյուր կառույցի ներկայացուցիչների հետ և ընդունվում էր ազգային հիմնադրույթների թե՛ առաջարկություններ, թե՛ հավելումներ։
  • Երբ «Համահայկական ազգային համաձայնություն» շարժումն աշխույժ գործունեություն սկսեց ծավալել և հայտարարություններով ու ակցիաներ կազմակերպելով սկսեց՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, Ամուլ սարի շահագործման դեմ, համասեռամոլների դեմ, ՀՀ հանցագործ ռեժիմների ու նախագահների դեմ գործունեություն ծավալել՝ «Իշխանության վերադարձ ժողովրդին», «Ժողովրդական սեփականության վերադարձ», «ՀՀ Անկախության Հռչակագրի վերականգնում», «Ազգային պետություն՝ ազգային գաղափարաբանությամբ» կարգախոսներով, որևէ ինքն իրեն ազգայնական համարող անհատ կամ կազմակերպություն, որ այս գործընթացներից հեռու մնաց, ինքն իրեն հարց տվե՞ց, թե ինչո՞ւ չի միանում այս շարժմանը, որտեղ առաջնայինը գաղափարն է և յուրաքանչյուր որոշում կայացվում է կոնսեսիումով։ Գուցե ձեր չմիանալու բարդույթը ոչ թե ազգային գաղափարի շուրջ միանալու խնդիրն է, այլ ձեր «շանսավիկի» հոգեբանությամբ եսակենտրոնությո՞ւնն է, կամ գուցե ձեր իրական՝ «մեջը փող» հավատա՞մքը։
  • Երբ 2018-2019թթ․ ընթացքում «Նժդեհյան Ցեղակրոն» և «Հայք-Հայկազունիներ» կուսակցություններն իրենց համատեղ հայտարարություններում արտահայտում էին, որ քաղաքական դաշտում շահերով պայմանավորված արևմտական ու ռուսամետական բարիկադավորումը կարող է լուրջ ավերել ազգայնական մոտեցումներն ընդհանրապես, այսօր ոմանք՝ «ազգային համախմբում» կարգախոսով ժողովներ հրավիրողներդ, կա՛մ նիկոլական «թավշյա» լոլոների տակ էիք պարում կամ քոչարյանական ու սեռժական «արդարության» դաշտերում վճարովի «դամ պահողներ» էիք աշխատում։

Ահռելի է արցախյան շարժմանը մասնակիցների, ծանր տարիներին ու դրանից հետո բազմաթիվ մտավորականների ու քաղաքական գործիչների ազգայնական դաշտում իրականացված բեղմնավոր աշխատանքը, որոնց կատարած գործերը՝ ազգային գաղափարախոսության, մշակույթի, գիտության, կրթության և շատ ու շատ ոլորտներում հսկայական են: Բայց հիմա, տեղից վեր կացողը թոզ ու դուման անելով բղավում է ազգայնական դաշտի համախմբման մասին՝ չունենալով տարրական գիտելիքներ ու պատկերացում, թե ինչ ասել է ազգայնական, ինչ ասել է ՀԱՅ ՄԱՐԴ: Պատկերացում անգամ չունեն հայ ազգայնականության արդի խնդիրների մասին, էլ չեմ խոսում ազգային գաղափարախոսության մասին: Ստամբուլյան կոնվենցիային դեմ լինել՝ չի նշանակում լինել ազգայնական: Դեմ լինել Ամուլ սարի շահագործմանը, համասեռամոլությանը, սիոնիստներին, մասոններին և նույնիսկ թուրքին, դեռևս չի նշանակում լինել ազգայնական:

Ազգայնականն ապրում, ստեղծագործում և պայքարում է առաջընթացը մարմնավորող ՀԱՆՈՒՆԻ դաշտում: Եվ ՀԱՆՈՒՆԻ դաշտում որդեգրում է Նժդեհյան օրենքը՝ վճռական միայնակի օրենքը, որն ասում է՝ մեր մեջ է պետք փնտրել մեր պարտությունների պատճառները, և մեր մեջ է պետք գտնել մեր հաղթությունների գրավականը: Ազգն ու հայրենիքն են ազգայնականի զույգ աստվածությունները, իսկ հայրենասիրությունն ու ազգասիրությունը՝ կրո՛նը:

Անհատական վարքագծով առավելաբար օժտված ազգերն ի տարբերություն հոտային վարքագծով առավելաբար օժտված ազգերի, միավորվում են ոչ թե ՎՈԺԴԻ, այլ գաղափարի շուրջ։

Եթե իրականում հասկանում եք ազգայնական դաշտի հզորանալու անհրաժեշտությունն ու հրամայականը, իրար միանալու կոչեր մի՛ արեք, այլ ձեզանում փնտրեք ու գտեք բռունցքվելու կարողությունը, որը չի լինում այս կամ այն անհատի շուրջ, այս կամ այն կազմակերպության շուրջ, այսօրեական գաղափարների շուրջ, էլ չասեմ պատեհապաշտ լոզունգների շուրջ: Համախմբվել է պետք գաղափարաբանության ու դրանից բխող ծրագրերի շուրջ: Իսկ այսօր միակ ազգայնական գաղափարաբանությունը՝ Նժդեհյան Ցեղակրոն գաղափարախոսությունն է: Եվ մի՛ վախեցեք ՑԵՂ բառաեզրույթից: Ցեղը միայն սպանվելու՝ ցեղասպանվելու ընկալումներում չէ: Ցեղը՝ ցեղային՝ ազգային արժեքները կրելու ու նրանցով առաջնորդվելու ընկալումներում պիտի դիտվի։ Առավելապես այսօր արտաքին և ներքին սպառնալիքների ներքո մենք պարտավոր ենք քնից զարթնելուն պես հիշել, որ Կամինք, Պարտինք, Կարողինք:

Պատեհապաշտ կեղծ ազգայնականներ, ճշմարիտ ազգայնական դաշտն ավերել դուք չեք կարող ու ձեր «միասնության» կեղծ ու եսակենտրոն կոչերը՝ չե՛ն հաջողելու, որովհետև ինչպես մեր պապերն էին ասում՝ ծառը իր բերքից է երևում իսկ մարդն իր արած գործերից:

Գևորգ ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031