Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ԱԺ նիստերում հաճախ անձնական դաշտ են տեղափոխվում, որովհետեւ ընդդիմադիրները կառուցողական չեն. «Մենք այսօր իրականացնում ենք հաճախ հա՛մ ընդդիմության դերը, հա՛մ իշխանության դերը: Դուք տեսնում եք, որ հաճախ կառավարությանը հարց տալու համար գրանցվում է այնքան պատգամավոր, որ նիստերը ձգձգվում են մինչեւ 8-ը»:
Լրագրողների դիտարկմանը՝ որ հարցնում են՝ Մանվել Գրիգորյանի համար ինչու ցույցեր չեղան, դա կառուցողական ընդդիմության դերը ստանձնե՞լ է՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ընդդիմությունն այսօր լուրջ ասելիքի խնդիր ունի: Նոր է տեղի ունեցել հեղափոխությունը եւ մենք անում ենք այն ամենը, ինչն ասել ենք ընդդիմություն եղած ժամանակ ու ասելիքն ու արդիականությունը չի փոխվում»:
Ալեն Սիմոնյանը հորդորեց նկատել, թե որքան նախաձեռնություններ են բերել ընդդիմադիրները ու որքան՝ իրենք:
Հարցին՝ երեկ լսեցինք, թե ձեր պատգամավորներն ինչ հարցեր էին բարձրացնում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, դա համարում եք շատ կարեւոր ընդդիմության գործառո՞ւյթ՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ, ես ասում եմ՝ գործելաոճը ու այն ամենը, ինչ նախկինում ասել ենք ու այսօր իրականացնում ենք, դա այն հիմնական ասելիքն է, որը մշտապես լինում է ընդդիմությանը: Մենք չենք թողել, որ ընդդիմությունն ասի՝ ժողովրդի աշխատավարձը բարձրացրեք, թոշակները բարձրացրեք, ճանապարհները վերանորոգեք: Մենք էդ ասելիքը վերցրել ենք ու հիմա փաստացի իրագործում ենք: 71 մլրդ դրամով բարձրացվել են մարդկանց աշխատավարձերը եւ ընդհանուր պետական համակարգում բարձրացվել են 1 մլրդ դրամով»:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը, երբ վարչապետի թեկնածու էր, մայիսի 1-ին, ԱԺ-ում խոսելով սուպերվարչապետական համակարգի մասին, հայտարարեց, որ «չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, եւ ընդհակառակը՝ այլ պետական ինստիտուտներից ամոթի աստիճան վերցված են լիազորություններ…«Մասնավորապես, ես կարծում եմ, որ այն պարագան, երբ նախագահի ինստիտուտից ըստ էության վերցվել են բոլոր հնարավոր գործառույթները եւ նրան վերապահել օֆիսային աշխատողի կարգավիճակ, դա ուղղակի խփում է Հայաստանի Հանրապետության պետության հեղինակությանը: Եվ այո, ես հանձնառու եմ, էլ ի՞նչ իմաստ կունենան փոփոխությունները, եթե մենք քննադատելով ինչ-որ երևույթներ՝ հասնենք իշխանության եւ ինքներս մեր հերթին սկսենք կիրառել այդ լծակները»:
Aravot.am-ը հարցրեց՝ դուք ընդունո՞ւմ եք, որ հիմա նույն սուպերվարչապետական համակարգն է եւ Նիկոլ Փաշինյանը՝ սուպերվարչապետ, նախագահը՝ օֆիսային աշխատողի կարգավիճակում չե՞ք փոխելու դա: Ալեն Սիմոնյանը նախ հորդորեց մեր նախագահին նման բան չասել, թեեւ մեջբերել էինք Նիկոլ Փաշինյանի խոսքը: Ըստ պատգամավորի՝ «Ես, որպես ՀՀ քաղաքացի, շատ ուրախ եմ, որ մենք այդպիսի նախագահ ունենք: Ինչ վերաբերում է սուպերվարչապետությանը, մենք գնալով հնարավորինս նվազեցնում ենք, քչացնում ենք, բայց դրանով հանդերձ Նիկոլ Փաշինյանը առանց Սահմանադրության էլ, փողոցում էլ, ես ասել եմ՝ արդեն սուպերվարչապետ է, իրեն պետք չի էդ լիազորություններով ֆիքսել որպես սուպերվարչապետ: Այն վերաբերմունքը, մարդկանց վստահությունը, որը վարչապետն ունի, առանց այդ էլ իրեն ուժեղ դիրքերում են դնում»:
Երբ հիշեցրինք, որ Սերժ Սարգսյանին սուպերվարչապետի կոստյումի համար ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ քննադատում էր Նիկոլ Փաշինյանը, հիմա Սահմանադրական փոփոխություններ են նախատեսվում, հանելո՞ւ է այդ կոստյումը Նիկոլ Փաշինյանը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանին սուպերվարչապետի լիազորություններով ու Նիկոլ Փաշինյանին սուպերվարչապետի լիազորություններով համեմատելը դրանք սարեր ու ձորեր իրար հետ համեմատել է»:
Հարցրեցինք՝ փաստացի հիմա Սերժ Սարգսյանի՝ իր համար գրած սահմանադրությամբ եք աշխատում, չե՞ք պատրաստվում փոխել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Պրոցեսն ընթանում է ու դրա ավարտին մենք ինչ կունենանք՝ չեմ կարող ասել: Լիազորությունների սահմանափակման այդ գործընթացը հընթացս տեղի է ունենում եւ տեղի է ունեցել առաջին իսկ օրվանից՝ սկսած նախագահական պալատը նախագահին վերադարձնելուց»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ