Aravot.am-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանից հետաքրքրվեց՝ արդյոք հաճա՞խ են թանգարան այցելում ազգությամբ թուրքեր: Պարոն Մարությանը նախ նշեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2019-ին ունեցել է 97563 այցելու, ընդունել 42 պաշտոնական պատվիրակություն, տարբեր լեզուներով կազմակերպել 2405 էքսկուրսիա, ապա հավելեց, որ ամեն տարի շուրջ 300 թուրք այցելու են ունենում:
«Կա մի թուրք հասարակական գործիչ, որն արդեն 7-8 տարի այցելում է Ցեղասպանության թանգարան ու ամեն անգամ 300 դոլարի նվիրատվություն է անում: Այս անգամ նա երեխաների մեծ խմբով է այցելել: Նա ծագումով թուրք է, բայց Եվրոպայից է, իսկ եվրոպաբնակ թուրքն ու Թուրքիայում ապրողը տարբեր են»,-նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե լինո՞ւմ են հարձակումներ թանգարանի կայքի վրա, որը 2019-ին 3 մլն այցելու է ունեցել: Տնօրենն ասաց, որ կայքը լավ պաշտպանված է, այդ առումով խնդիրներ չկան, բայց չհերքեց, որ հարձակումները սովորաբար ամեն տարի ապրիլի 24-ի նախօրեին են լինում:
Հարություն Մարությանը հավելեց, որ իրենց կայքը տասը տարեկան է, եւ թարմացման կարիք ունի, ինչ նպատակով գումարներ են փնտրում: Նպատակ ունեն նաեւ թանգարանի առցանց ցուցադրություն ունենալ, ինչը կրկին հնարավոր չէ կյանքի կոչել գումարների սղության պատճառով: Առայժմ նվիրատվությունները միայն Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներն են անում, հայաստանցի մեծահարուստները դեռ նման նախաձեռնությամբ հանդես չեն եկել:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ