Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Շահնազարյան. «Երեւանի համեմատաբար աղտոտված հատվածը Ագաթանգեղոս-Խանջյան խաչմերուկն է»

Հունվար 23,2020 14:48

«Այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին օդում փոշու պարունակությունը մոտ 1,5 անգամ ավելացել է նախորդ երեք ամիսների համեմատ, բայց այդ ավելացված կոնցենտրացիաները տարվա ընթացքում դիտված կոնցենտրացիաներին բնորոշ են»,-այսօր «Մեդիա կենտրոնում» Երեւանի օդի աղտոտվածության մասին քննարկմանն ասաց Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը: Նա հայտարարեց՝ 2019 թվականին մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան չի ավելացել, սակայն այդ կոնցենտրացիաները սահմանային թույլատրելի նորմը գերազանցել են. «Թույլատրելի սահմանը 150 միկրոգրամ խորանարդ է, առավելագույնը գերազանցել են 3-4 անգամ: Տարվա ընթացքում փոշու կոնցենտրացիան էականորեն չի փոփոխվել: Ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի գերազանցումներ չեն եղել»:

Շահնազարյանը նաեւ ասաց, որ մայրաքաղաքում համեմատաբար աղտոտված հատվածը Ագաթանգեղոս-Խանջյան խաչմերուկն է:

Քննարկման մասնակից բնապահպան Ինգա Զարաֆյան արձագանքեց. «Ես դեմ եմ այս միջինացված ցուցանիշներին, որովհետեւ դրանք իրական պատկերը չեն արտացոլում: Մենք շատ ահազանգեր ենք ստանում փոշու գերազանցման մասին: Գաջի գործարանի մոտ մարդիկ չեն կարողանում շնչել նորմալ մաքուր օդ: Ասում են՝ ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի գերազանցումներ չունենք, բայց եթե գնում ենք Մաքուր երկաթի եւ Մոլիբդեն փրոդաքշնի հարակից տարածքներ, եւ այնտեղ աղտոտվածությունը հատվածային չէ, շատ վտանգավոր արտանետումներ են, միանգամից մարդու աչքերն են կարմրում: Այնտեղ արտադրությունը նման է Ալավերդու գործարանի արտադրությանը: Չնայած, տեսչությունը քանի անգամ ակտեր է կազմել, տուգանքներ է նշանակել այդ գործարանների նկատմամբ, մենք չունենք գործընթաց, որպեսզի պարտավորեցնեն կրճատել արտանետումները: Այսինքն, իմ կարծիքով, մենք պետք է փոխենք մշտադիտարկման մոդելը, որպեսզի հասկանանք՝ եթե կան կետեր, ապա այստեղ ինչ պետք է արվեն: Մենք պետք է գնահատենք այդ թեժ կետերը, թե որքանով են վնասում մարդկանց առողջությանը: Այսպիսի գնահատում ոչ ոք չի անում, չեն էլ ուզում անեն»:

Զարաֆյանը նաեւ նշեց՝ քաղաքը չունի պաշտպանիչ շերտը, որով մարդը կարող է աղտոտված օդը չշնչել, իսկ դա կանաչ տարածքներ են, որոնք վաղուց չկան. «Իսկ ներկայացված պաշտոնական տվյալներն այլ են, քան իրականությունն է»:

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցն էլ վստահեցրեց՝ տրանսպորտային համակարգի նոր մոդելի ներդրումը, կանաչապատման նոր մոտեցումների եւ հայեցակարգերի ձեւավորումն ու իրականացումը հնարավորություն կստեղծեն նշված խնդիրները լուծել. «Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը միջանկյալ լուծում է: Կանաչապատման ուղղությամբ արդեն ձեռնարկվել է ՀՈԱԿ-ի ստեղծումը, որը նոր հայեցակարգով ամբողջ քաղաքի կանաչապատման հարցը պետք է լուծի»: Նախկինում, ըստ ավագանու անդամի, ամեն վարչական տարածք առանձին էր կանաչապատումն անում, եւ չկար մեկ միասնական կանաչապատման մեթոդ. «Պետք է հասկանալ՝ որ ծառն ինչ ազդեցություն են ունենում քաղաքի օդի որակի վրա»: Խաչունցն ասաց, որ արդեն օտարերկրյա մասնագետներ են հրավիրել, որոնք աջակցելու են Երեւանի, այսպես ասած, ճիշտ կանաչապատման աշխատանքներին, եւ առաջիկա 2-3 տարիներին բարելավում կնկատվի:

Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն էլ նոր ստեղծված ՀՈԱԿ-ի մասին ասաց՝ արհեստավարժ մասնագետներ են, եւ Սարալանջում արդեն կանաչապատման աշխատանքներ են սկսվել, տնկիներ են ձեռք են բերում, համայնքային ջերմոցներ են ստեղծվելու, որտեղ աճեցվելու են ծառեր, ծաղիկներ, դրանք մայրաքաղաքի կանաչապատման համար են օգտագործվելու:

Գայանե Շահնազարյանն էլ նշեց՝ ավտոտրանսպորտային միջոցներից ինչպիսի արտանետումներ են լինում, այսօր հաշվառումը բավարար չափով չի կատարվում. «Մենք տեղյակ չենք դիզելային վառելիք որքան են օգտագործում, որքան՝ գազ, որովհետեւ գազի դեպքում արտանետումն այլ է, դիզելային վառելիքի դեպքում՝ այլ: Այս տվյալների առկայության դեպքում հնարավոր կլինի մոդելավորել քաղաքում օդի աղտոտվածությունը»:

Զարաֆյանն էլ հիշեցրեց՝ շարունակում ենք կորցնել կանաչ տարածքները, եւ երբ ասում են՝ պետք է վերականգնենք կանաչ տարածքները, ապա հարց է ծագում՝ որտե՞ղ. «Որտեղ են կանաչապետելու, երբ Մոնումենտի այգիները կառուցապատված են, կորցրել ենք 700 հեկտարից ավելի տարածք Դալմայի այգիներում, որտեղ կառուցապատում է ընթանում՝ ժամանցային կենտրոն են կառուցում: Մոնումենտի առանձնատները կառուցել են կանաչ տարածքների հաշվին: Նույնիսկ բակերի կանաչապատումը վերացրեցին: Պետք է հարցը դրվի ու լուծում տրվի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031