Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը պատրաստվում է դիմել ԱԺ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հրապարակային պահվածքի հարցով ստեղծելու էթիկայի հանձնաժողով։ Խոսքը նաեւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասին է:
Այսօր լրագրողների հետ զրույցում, երբ Ալեն Սիմոնյանին հարցրեցինք, թե ինչպե՞ս է ընդունում այդ պահանջը՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու՝ պատասխանեց. «Ես որեւիցե խնդիր չեմ տեսնում, թող անեն, բայց նախեւառաջ պետք է հասկանան ինչն է պատճառը: Կասե՞ք ինչն է պատճառը»:
Փոխանցեցինք, որ հրապարակային վիրավորել է ֆեյսբուքյան օգտատեր Նանե Արզումանյանին, իր էջում Սերժ Սարգսյանի մասին ստատուսի տակ իր համակիրներին խորհուրդ է տվել «շան տեղ չդնել» Արզումանյանին։
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես նման բան Արզումանյանի հասցեին չեմ գրել: Ես տիկին Արզումանյանին պատասխանել եմ «դուք»-ով: Հետագայում, երբ խոսքը գնացել է ծիտիկների մասին, ես ասել եմ՝ ծիտիկներին շան տեղ պետք չի դնել: Եթե մարդիկ կան, որ ծիտիկների հետ կապված ուզում են դիմել, ինչ է ասել եմ՝ շան տեղ չդնեն, ես դեմ չեմ, թող դիմեն, կարող են նաեւ ՄԱԿ-ին դիմել եւ կենդանիների պաշտպանության որոշ կազմակերպությունների: Բայց ես տիկին Արզումանյանի հետ իմ զրույցն ավարտել եմ էն պահին, երբ որ իր հարցին «դուք»-ով պատասխանել եմ եւ որեւիցե պատճառ չեմ տեսնում: Երբ որ ես ինչ-որ մեկին մի բան եմ ասում, ես ասում եմ ուղիղ եւ անվանական: Եթե թե՛ Արզումանյանին, թե՛ որեւիցե մեկին ասելու բան ունենամ, հիմա էստեղ կասեմ ու որեւիցե ձեւով անհանգստանալու բան չունեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ