«Քսան տարի եղել եմ շոու-բիզնեսում եւ լավ եմ տարբերում՝ շոուն ստացվա՞ծ էր, թե՞ ոչ: Ի՞նչ է այստեղ կատարվում: Ես այստեղ տեսնում եմ նպատակներ, եւ, վստահ եմ՝ ժողովուրդը եւս: Այսօր առավոտվանից ինչ-որ բաների համար հող է նախապատրաստվում»,-ԱԺ նիստում այսօր անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» եւ «Իմ քայլի» միջեւ նիստի մեկնարկից սկսված բանավեճին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Նա հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստանից» ԱԺ նախագահին մեղադրանքներ վերագրեցին, ԱԺ-ն կառավարել չկարողանալու համար մեղադրեցին. «Ինչո՞ւ: Նպատակն եմ ուզում հասկանալ: Այս ի՞նչ է կաթիլ-կաթիլ կաթեցվում…»:
Այնուհետեւ Լուսինե Բադալյանը, նկատի ունենալով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այսօրվա ելույթը, շեշտեց. «ԱԺ-ն լուծարելու մասին են այսօր խոսում եւ ակնարկում՝ էլի ընդդիմությունից: Նման նպատակներ ունի նաեւ ՀՀԿ-ն, որը բացահայտ խոսում է այդ մասին անընդհատ: Արդյոք սա ինձ թույլ տալի՞ս է մտածելու որոշակի դավադրության եւ համաձայնության մասին: Ունեմ իրավունք այդպես մտածելու, հուսամ՝ կհերքեք»: Լուսինե Բադալյանը համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական մթնոլորտում սադրող է հենց ընդդիմությունը:
Կարդացեք նաև
«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Աննա Կոստանյանն էլ իր հերթին վստահեցրեց, որ ԼՀԿ-ի գորճելաոճը կառուցողական է, եւ «հետին մտքեր» չկան, չեն եղել եւ չեն կարող ապագայում լինել:
ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ իշխանությանը կոչ արեց իրենց կառուցողականությունը որպես թուլություն չընկալել եւ դրա հաշվին չինքնահաստատվել:
Լուսինե Բադալյանին էլ Գորգիսյանը հորդորեց զգույշ բառապաշար օգտագործել, կոռեկտ լինել եւ ընդդիմության քաղաքական գործունեությունը շոու չանվանել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ