Վարդենիս քաղաքի բնակիչ, բարերար Վարդան Բուդոյանի բարերարությամբ վերականգնման վերջին փուլին է հասել Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը, որն ավելի քան 100 տարի եղել է կիսակառույց վիճակում: Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի տեղեկացմամբ, 2020 թվականին նախատեսվում է կազմակերպել զանգակատան օծման արարողությունը:
«Զանգակատան կառուցումը մեծ պատիվ է ինձ համար: Հույս ունեմ, որ կառուցված զանգակատունը մեր եկեղեցու հետ միասին կդառնա համախմբող եւ օրհնություն պարգեւող տուն»,- նշեց բարերար Վարդան Բուդոյանը:
«Զանգակատան վերականգնմամբ առաջին հերթին ամբողջացվեց Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու ճարտարապետական տեսքը, ինչի համար մեր շնորհակալությունն եմ ցանկանում հայտնել բարերար Վարդան Բուդոյանին: 2020-ին, երբ զանգակատան օծման արարողությունն արդեն կատարված կլինի, մենք զանգերի միջոցով մարդկանց եկեղեցի «կկանչենք»: Այսպիսով, մենք Վարդենիսում կկարողանանք հայ եկեղեցական մշակույթի ողջ սիմվոլիկան ամբողջացնել»,- նշեց Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Տարոն քահանա Հունանյանը:
Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1902-1912 թվականների ընթացքում:
Կարդացեք նաև
Գեղարքունիքի մարզպետարան