Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատարանն անօրինական համարեց ՀՔԾ գործելաոճը՝ խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսային խոսակցությունները վերծանելու վերաբերյալ

Հունվար 23,2020 14:20

Այսօր ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում կայացավ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսային զանգերի վերծանումների գործով դատական նիստը:

Նիստն անցավ դռնփակ, որի ավարտից հետո Քնար Մանուկյանը լրատվամիջոցներին փոխանցեց. «Ինչպես բոլորիդ հայտնի է, 2019 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր մարտի 1-ի գործով առանցքային պաշտոնյաների, մասնավորապես, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի եւ այլ պաշտոնատար անձանց ցուցմունքները: Մեր այդ հրապարակումից հետո Հատուկ քննչական ծառայությունը հարուցեց քրեական գործ եւ 2019 թվականին ինձ հրավիրեցին հարցաքննության: Նախաքննական մարմինը՝ քննիչ Վազգեն Ավետիսյանը, կոնկրետ հարցադրում արեց, թե ո՞վ է տվել ինձ կոնկրետ մարտի 1-ի գործով ցուցմունքները: Բնականաբար, «Ժողովուրդ» օրաթերթը եւ ես, ինչպես ցանկացած պրոֆեսիոնալ լրատվամիջոց եւ լրագրող, չբացահայտեցինք մեր աղբյուրը:

2019 թվականի նոյեմբերի 19-ին հերթական անգամ ՀՔԾ քննիչ Վազգեն Ավետիսյանը իմ պաշտպան Գեւորգ Մկրտչյանի ներկայությամբ ինձ հարցադրում արեց մասնավորապես նշելով, թե դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ բոլորին քաջ հայտնի դատավոր Դավիթ Գրիգորյանին, որը փոխել էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ինչի արդյունքում իր լիազորությունները կասեցված են, իմ հեռախոսային խոսակցությունները վերծանելու թույլտվություն ստացել: Վերծանումները ստանալուց հետո ինձ կանչում են ՀՔԾ, եւ քննիչը շեշտադրում է՝ խնդրում ենք հայտնել, թե վերոնշյալ անձանցից՝ տալիս է երկու անուն, որոնք հիմա չեմ հրապարակի, ով է տվել ինձ մարտի 1-ի գործով ցուցմունքները: Ես հերթական անգամ հրաժարվում եմ աղբյուր բացահայտել եւ քննիչից պահանջում այն որոշումը, որի հիման վրա Դավիթ Գրիգորյանը բավարարել է միջնորդությունը, եւ իմ հեռախոսային խոսակցությունների վերծանումները հանել են: Այդ որոշումը ես բողոքարկել եմ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում:

Եվ այսօր դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ կայացած նիստում դատավորը լսեց բոլոր կողմերին՝ դատախազին, իմ պաշտպանին եւ հրապարակեց որոշում, որով անօրինական համարեց հատուկ քննչական ծառայության գործելաոճը, որով հանել է իմ հեռախոսային խոսակցությունները, վերծանումները:

Ըստ էության, «Ժողովուրդ» օրաթերթը, ինչպես ցանկացած պրոֆեսիոնալ լրատվամիջոց, գնաց իր մասնագիտության հետեւից եւ հասավ այն արդյունքին, որ ՀՔԾ-ն, իրավապահ համակարգը անօրինական գործողություն են կատարել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031