Վարչապետը կառավարության նիստում այսօր խոսեց նաեւ «Արմաթ» լաբորատորիաների ծրագրի շուրջ ստեղծված խնդրի մասին: Փաշինյանի խոսքով, այդ հարցը վերջին շրջանում բազմաթիվ, ընդհուպ քաղաքական շահարկումների տեղիք է տվել: Նա ներկայացրեց, թե երբ է սկսվել այդ ծրագիրը եւ որ տարիներին որքան գումար է հատկացվել այդ նպատակի համար. «Արմաթ» լաբորատորիաների ծրագիրը Հայաստանում սկսվել է 2014 թվականին եւ 2014-2017 թվականներին «Արմաթ» լաբորատորիաների համար պետական բյուջեից ֆինանսավորվել է 188 միլիոն դրամ, 2018-2019թթ. ֆինանսավորվել է մեկ միլիարդ 296 միլիոն դրամ, այսինքն՝ երեք տարվա ընթացքում 188 միլիոն դրամ, երկու տարվա ընթացքում՝ մեկ միլիարդ 296 միլիոն դրամ, այդ թվում պետական բյուջեի հավելյալ հավաքագրված եկամուտներից»:
Վարչապետը նաեւ ներկայացրեց, թե մինչ երկրում տեղի ունեցած փոփոխությունները նախորդող երեք տարիների ընթացքում, ինժեներական քանի լաբորատորիա է բացվել. «220 ինժեներական լաբորատորիա, հեղափոխությունից հետո՝ 355 «Արմաթ» լաբորատորիա: Այսինքն՝ մեկ ու կես տարվա ընթացքում կրկնակիից ավելի, ֆինանսավորումն ավելացրել ենք մոտ տասը անգամ, եւ մեզ այսօր մեղադրում են, որ «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված պրոբլեմ ենք առաջացնում: Ինչու՞մ է այդ պրոբլեմը. շատ պարզ բանի մեջ է՝ մենք այսօր հանրապետությունում ունենք 575 լաբորատորիա, որոնք ձեռք են բերվել մի կազմակերպությունից: Ասում ենք հետեւյալը, որ մի պահ պետք է դադար վերցնենք, վերլուծենք, թե ինչպես է աշխատում այդ համակարգը»:
Փաշինյանն ասաց, որ հանձնարարել է, որ պետք է խուսափենք մեկ անձից գնումներ կատարելուց եւ անենք մրցույթային կարգով, այդ վերլուծությունների արդյունքում ձեւավորվի տեխնիկական առաջադրանք, որից հետո մրցութային կարգով իրականացնեն այդ լաբորատորիաների ձեռքբերումը. «Այսինքն՝ մենք ուզում ենք ասել, որ այս դպրոցներում պատրաստվում ենք ստեղծել լաբորատորիաներ՝ մրցույթների միջոցով, եւ ով կտա բովանդակություն-գին լավագույն առաջարկը՝ այդ կազմակերպությունն էլ կհաղթի: Ես չեմ հասկանում, թե այդ ովքեր են, որ մեզ մեղադրում են, որ «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված՝ դպրոցների տեխնոլոգիական առաջընթացին խոչընդոտում ենք, այս թվերը իրենք թող հրապարակեն, որից հետո էժան շահարկումների դաշտ մտնեն»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ