Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) Գործադիր կոմիտեն, որի հերթական նիստը տեղի է ունենում Յոջիակարտա քաղաքում (Ինդոնեզիա), այսօր ընդունել է բանաձև Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ:
Բանաձևում անդրադարձ է կատարվում Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին, մամուլի ազատությանը, դատական համակարգի քաղաքականացվածությանը և Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ իրականացվող ճնշումներին:
Բանաձևը հեղինակել և ներկայացրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը հանդիսանում է համաշխարհային ամենախոշոր և ազդեցիկ քաղաքական ընտանիքներից մեկը: Նրա անդամ են հանդիսանում ավելի քան 70 իշխող և խոշոր ընդդիմադիր կուսակցություններ մոտ 50 երկրներից, ինչպես Եվրոպայից, այնպես էլ Լատինական Ամերիկայից, Ասիայից և այլն:
Կարդացեք նաև
ԲԱՆԱՁԵՎ
Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ
• Ընդգծելով Հայաստանի սահմանադրական կարգի շրջանակներում լայն և համապարփակ քաղաքական երկխոսության և ներառական քաղաքական միջավայրի կարևորությունը;
• Շեշտելով, որ տեղեկատվության բազմազանությունը, լրատվամիջոցների ազատությունը, քաղաքական մրցակցությունը, օրենքի գերակայությունը, արդարությունը և ժողովրդավարությունը ժողովրդավարական հասարակության հիմնական սկզբունքներն ու արժեքներն են և հանդիսանում են հայկական պետականության կայացման հաջողության բանալին;
• Նշելով ընդդիմության և կառավարության ընդդիմախոսների վրա քաղաքական դրդապատճառներով պետական ազդեցության չարաշահման անհանգստացնող շարունակությունը:
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI)։
· Նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին և ահազանգում, որ հանրային ճնշումը չարաշահելով՝ իշխող կուսակցության օգտին զսպումների և հակակշիռների համակարգը բացասականորեն փոխելը մեծ հետընթաց քայլ կլինի;
· Կոչ է անում Հայաստանի իշխանություններին ամբողջովին հարգել դատական համակարգի անկախությունը և զերծ մնալ դատական որոշումների վրա ազդելուց և դրանք ցանկացած քաղաքական գործիքակազմի վերածելուց;
· Լուրջ մտահոգություններ է հայտնում այն մասին, որ Հայաստանի դատական համակարգը դառնում է իշխանությունների ձեռքում քաղաքական հակառակորդների դեմ պատժի միջոց;
· Կոչ է անում ՀՀ կառավարությանը՝ վերանայել այս միտումները և կենտրոնանալ երկրի ապագայի վրա՝ պնդելով, որ չհաջողելով փոխել այդ միտումները, լուրջ վնաս կհասցնի Հայաստանին և նրա առաջընթացին՝ ազգերի եվրոպական ընտանիքին ընդառաջ շարժվելու համար:
· Հիշեցնում է Հայաստանի իշխանություններին Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արդյունավետ իրականացման կարևորության մասին;
· Իր մտահոգություններն է հայտնում ՍԴ նախագահ պարոն Թովմասյանի դեմ ճնշումների և հարուցված քրեական գործի կապակցությամբ: Սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը պետք է երաշխավորված լինեն:
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) կշարունակի ուշադիր հետևել և աջակցել Հայաստանի ժողովրդավարական գործընթացին` ի շահ իր քաղաքացիների:
Ջոկյակարտա, 2020 թվականի հունվարի 23
ՀՀԿ մամուլի հաղորդագրություն