«Այսպիսով` առաջինը արձանագրում ենք, որ մինչեւ փետրվարի 6-ի նիստը նայում ենք սուբսիդավորվող վարկերի ծրագրերը, նայում ենք արտոնյալ կարգով սպանդանոցների ֆինանսավորումը եւ գումարած դրան՝ լիզինգային ծրագրերը, որոնց մեջ տեղ պետք է լինի շարժական սպանդանոցներին»,-այսօր նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կրկին անդրադառնալով սպանդանոցների թեմային:
Վարչապետն ասաց, որ երեկ ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ սպանդանոցների վերաբերյալ առաջարկ է ներկայացրել եւ արձագանքը առնվազն բացասական չի ընկալվել հանրության կոնկրետ շրջանակների կողմից:
Փաշինյանի խոսքով, կազմվում է նախընտրելի քարտեզ՝ բաշխվածության եւ խտության, եւ կառավարությունը հասցեական ֆինանսավորում է եւ այնպես է անում, որ սպանդանոցները ունենան անհրաժեշտ բաշխվածություն, որպեսզի համաչափ լինի:
Վարչապետը նշեց, որ այս ընթացքում ընդունում են առաջարկներ, թե ինչպես կարող ենք հարստացնել այդ փաթեթը, որ առավել արդյունավետ լինի. «Այս ամենի արդյունքում պայմանավորվում ենք, որ մինչեւ հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում գործում են հանրային սննդի օբյեկտները եւ սուպերմարկետները, մյուս տեղերում թողնում ենք իրավիճակը այնպիսին, ինչպիսին կար այս կարգավորումից առաջ՝ պայմանով, որ հուլիսի մեկից Հայաստանի Հանրապետությունը անցնելու է այս համակարգին, եւ որեւէ ցույց չի լինելու»:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի խոսքով, եթե կառավարության առաջարկած պայմանը սպանդանոցների դեմ բողոքող հայրենակիցների համար ընդունելի է կամ համաձայն են, որ պայմանավորվենք սրա շուրջ, ապա փետրվարի 6-ի նիստին այս հարցին կրկին կանդրադառնան. «Իսկ, եթե պարզվի ընդունելի չէ, ուրեմն պետք է ասենք, որ այսօրվանից է գործելու: Եթե ընդունելի չէ, այսօրվանից թող ընդունելի չլինի»:
Վարչապետը Սննդի անվտանգության տեսչության ղեկավարին հորդորեց մարդկանց տեղեկացնել սպանդանոցների պայմաններ եւ թե ինչպես են գործելու դրանք:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ