Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագետի համոզմամբ, հղի տիկնիկը պետք է հեռացվի երեխայի խաղալիքների արկղից. «Հայկական ժամանակ»

Հունվար 23,2020 12:03

Օգտակա՞ր է հղի տիկնիկով խաղալը, թե՞ վնասակար: Ի՞նչ կարելի է խաղալ նման տիկնիկով և ի՞նչ կտա այդ խաղը: Ի՞նչ է տալիս ընդհանրապես տիկնիկների հետ խաղը: Այս հարցերի շուրջ զրուցեցինք Ֆրանսիական հոգեվերլուծական դպրոցի հոգեթերապևտ, «Բանալի» ընտանիքի կենտրոնի տնօրեն, մանկական հոգեբան Նարինե Իսրայելյանի հետ:

«Տիկնիկը խաղի մեջ աղջիկ երեխային օգնելու նպատակ ունի, որպեսզի նա խնամելու հմտություններ ձեռք բերի և հետո, լինելով ապագա մայրիկ, կարողանա շփում ունենալ երեխայի հետ: Եվ պարզ է՝ պետք է լինի այնպիսի տիկնիկ, որը կնմանվի փոքր երեխայի, կունենա խաղի մեջ այն բոլոր պարագաները, որոնցով պիտի տիկնիկին, օրինակ, բարուրեն, խնամեն, լողացնեն, սանրեն, հարդարեն: Ի՞նչ հմտություն կարող է տալ հղի տիկնիկի հետ խաղը: Գուցե՝ միայն բժշկի մասնագիտությունն ընտրելու կողմնորոշում, դա էլ միայն մասնագիտական կողմնորոշման տարիքում»,- ասաց հոգեբանը:

Իսկ, ընդհանրապես, ի՞նչ հմտություն կարող է տալ հասուն կին մարմնավորող տիկնիկի հետ խաղը: Այսօր շուկայում գերակշռող են 20-25 տարեկան կնոջ մարմնաձևերով տիկնիկները: Ի՞նչ կարող են խաղալ երեխաները դրանց հետ: Հարցին ի պատասխան Իսրայելյանը նշեց, որ սեռապես խիստ արտահայտված արտաքինով տիկնիկի հետ խաղը երեխային օգտակար ոչինչ չի տալիս. «Կարող է դեռահասությանը մոտ տարիքում, երբ աղջիկ երեխայի մոտ կձևավորվի ցանկություն՝ շոր կարելու, մազ հարդարելու և ապագայում այդպիսի մասնագիտություն ընտրելու, գուցեև տիկնիկները կարող են ծառայել որպես մուլյաժ, բայց փոքրիկների համար՝ ոչ: Այն կարող է նաև լինել վնասակար: Տիկնիկը նման է իր մայրիկին, տատիկին, բայց երեխան դրա հետ խաղում է, խնամում է և օգտագործում է՝ ինչպես ուզի: Այս դեպքում մեծի-փոքրի դերերը փոխվում են: Երեխայի ձեռքում մեծ մարդ է, որի հետ, ինչպես ուզի, կխաղա: Հոգեբանական տեսանկյունից, իհարկե, ճիշտ չէ: Հարաբերությունների աղճատում է»:

Իսրայելյանը նշեց, որ տիկնիկի հետ երեխան սկսում է խաղալ 2.5-3 տարեկանից, և խաղերի միջոցով է ճանաչում իրեն՝ որպես կարող ուժի: Խաղերի միջոցով է նա ձևավորում իր շփումն աշխարհի հետ: «Հղի տիկնիկի հետ շփումը որպես գիտելիք ընդհանրապես իրեն պետք չէ: Այդ գիտելիքը, որ տիկնիկի փորում կա մարդ, եւ էսպես հատում ու հանում են, նա միայն վախով կկրի»,- ասաց նա:

Հղի տիկնիկ արտադրող ընկերությունները նշում են, որ դրանց միջոցով ծնողներն ավելի հեշտ են բացատրում իրենց երեխաներին, որ շուտով փոքրիկ քույրիկ-ապերիկ են ունենալու, սակայն հոգեբանի դիտարկմամբ, այն բացատրությունը, որ նա փորիկից է ծնվում, արդեն իսկ երեխաների մոտ ինչ-որ վախ է ծնում: «Ես չեմ կարծում, որ նման տիկնիկը կօգնի, որ երեխաները չվախենան, որովհետև նրանք պատկերացնելու են, որ նույնը իրենց մայրիկի հետ կկատարվի: Սա ավելորդ վախային ուշադրություն է մեծական կյանքին: Իսկ քանի որ ավելի մեծ տարիքում, երբ երեխայի մոտ պետք է սեռակառուցման գործընթացը լինի, նա պիտի պատկերացնի իրեն, որպես մայրիկի, հազիվ թե ուզի այդ ամենը պատկերացնել տիկնիկով, խաղա տիկնիկի հետ: Հղի տիկնիկը միայն կարող է կիրառվել մասնագիտական կողմնորոշման տարիքում, երբ ապագա բժիշկ՝ մանկաբարձ-գինեկոլոգ լինելու համար որևէ հաստատությունում, որտեղ մասնագիտացման ուղղվածությամբ խաղեր են կազմակերպվում, այն ներկայացվի որպես մուլյաժ: Միայն այս իրավիճակում կարող են այս խաղերը դրական լինել»:

Փոքրիկ երեխայի համար, նրա խոսքով, շատ վաղ է խաղալ այնպիսի խաղ, որում տիկնիկին պիտի բացի և միջից դուրս բերի նորածին ու հետո էլ, չգիտես ինչու, հետ դնի տեղը: Մասնագետի համոզմամբ, հղի տիկնիկը պետք է հեռացվի երեխայի խաղալիքների արկղից:

«Երկարատեւ խաղի դեպքում նա անպայման պիտի հարց տա՝ այսպիսի բան կա՞, թե չկա, ես ինչու եմ սա խաղում: Պատրա՞ստ է ծնողը պատասխանել այդ հարցերին: Եթե երեխան բարուրում, հարդարում է իր տիկնիկին, և հարցնում ծնողին, թե ինչու է ինքը դա անում, ծնողը  կարող է շատ հանգիստ պատասխանել, որ դա անում է՝ սովորելու համար, որպեսզի երբ երեխա ունենա, կարողանա հագցնել, բարուրել, տանել զբոսանքի, մեքենայի մեջ դնել: Խաղը բացատրելի է: Իսկ հղի տիկնիկի հետ խաղը դժվար է բացատրել. թե ինչ հմտություն ենք ձևավորելու ու թե ինչու է դա իրեն պետք»,- ասաց զրուցակիցը:

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031