«Պարոն Միրզոյան, կարծում եմ, եւ գործընկերներիս հետ քննարկել եմ, որ պետք է խաղի կանոնները հստակեցվեն: Այս մթնոլորտը…միասին պետք է մշակենք փոխադարձ էթիկայի կանոններ: Այլեւս չեմ պատրաստվում հանդուրժել որոշ պատգամավորների՝ անձամբ իմ հասցեին այս ամբիոնից հնչեցրած անձնական վիրավորանքները, եւ որոշների վերաբերյալ արդեն մտածում եմ սկսել իրավական գործընթաց»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանի այսօրվա նիստում ընդդիմության եւ իշխանության միջեւ բանավեճի մթնոլորտը կրկին թեժ էր:
«Ինձ մտահոգում է մտասեւեռումն իմ անձի հանդեպ: Իմ անձի հանդեպ արդեն անվտանգության ռիսկեր եմ տեսնում: Կարծում եմ՝ մենք պետք է կամ միասին որոշենք բարեկրթության սահմաններն ու կարմիր գծերը, որոնք թույլատրելի չէ անցնել, կամ, կարծում եմ, խորհրդարանի աշխատանքներն ուղղակի կազմալուծվելու են»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց, որ ողջունում է Նաիրա Զոհրաբյանի առաջարկը. «Լավ կլինի, որ խաղի կանոնները պահպանեն բոլորը, այդ թվում նրանք, ովքեր առաջարկում են դա»:
Կարդացեք նաև
Ապա իշխանական խմբակցությանը խոսք հղեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը. «Եթե ձեզ թվում է, որ հեղափոխական էյֆորիայից եւ ստացած լեգիտիմ ձայների գլխապտույտից կարող եք ամբիոնից գնահատել ընդդիմությանը, դաստիարակել, նվաստացնել, վիրավորել, հետո՝ խոսել ընդդիմության իրավունքների մասին, որոշել, որ ընդդիմությունը պետք է խելոք լսի, ուրեմն՝ մոլորության մեջ եք»:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ բոլորին կոչ արեց անձնական դաշտից վերադառնալ աշխատանքային դաշտ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ