Խոսելով Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան և Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ արձանագրված՝ Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Մարիուս Յուզբաշյանի սպանության միջև անցկացվող համեմատականների մասին՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց.
«Էս իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության շարունակությունը չեմ համարում։ Մարդկային կերպի և աշխարհաքաղաքական ընկալման առումով Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը բացարձակ տարբեր լիդերներ են, և, բնականաբար, Փաշինյանը նրա գիծը չի շարունակում։ Ինչ վերաբերում է առաջին նախագահի ղեկավարման ժամանակ տեղի ունեցած սպանություններին, ապա այն ժամանակ անցումային ժամանակաշրջան էր, մարդիկ կային, որոնք շատ արագ ունեզրկվում էին, առաջանում էին խնդիրներ, իսկ դրանք փորձում էին լուծել սպանությունների միջոցով։
Սպանություններ եղել են բոլոր իշխանությունների ժամանակ, բայց ես որևէ կերպ չեմ կարող ասել, որ այդ ժամանակվա որևէ սպանություն պատվիրել է որևէ առաջին դեմք։ Ես երբեք որևէ առաջին դեմքի մասին նման բան չեմ ասել։ Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ կարող եմ ասել, որ նա այդ մարդկային կերպը չէ, նա մարդ սպանող, ոչնչացնող տեսակ չէ, չի՛ կարող էդպիսի բան անել Նիկոլ Փաշինյանը, և սա իմ դիտարկումն է՝ հոգեբանական, քաղաքական և մարդկային առումներով»,- ասաց Արամ Սարգսյանը՝ ընդգծելով, որ շատ սխալ են արել՝ ինչպես նախկինում, երբ որևէ սպանության վերաբերյալ սլաքներն ուղղել են օրվա իշխանությունների ուղղությամբ, սխալ են անում նաև հիմա, երբ Կուտոյանի մահվան հետ կապված սլաքներ են ուղղում գործող իշխանությունների ուղղությամբ։
«Նրանք, ովքեր սլաքներ էին ուղղում, պետք է հասկանան, որ դա բումերանգ է, և պետք է չզարմանան, եթե հիմա էլ իրենց ուղղությամբ դրանք ուղղեն»,- ասաց Արամ Սարգսյանը։
Կարդացեք նաև
Աղավնի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում