Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ներողություն խնդրեք ընդդիմությանը ձիու հետ համեմատելու համար». ԱԺ դահլիճում կրկին բանավիճեցին

Հունվար 23,2020 11:35

«Ինչո՞ւ չեք ապահովում ԱԺ բնականոն գործունեությունը, ինչպես Սահմանադրությամբ է ամրագրված»,-խորհրդարանի այսօրվա նիստում նախագահ Արարատ Միրզոյանին այսպիսի հարց հղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նկատի ունենալով, որ օրենքի ուժով ստեղծված քննիչ հանձնաժողովը չի գործում:

Հիշեցնենք՝ «Իմ քայլը» երեկ չքվեարկեց, եւ ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի ստորագրությունների բավարար թվի հիման վրա ստեղծված՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրման հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու մասին նախագիծը տապալվեց:

«Փաստորեն, հանձնաժողովը չունի կազմ: Եթե այն չի գործում, ուրեմն խորհրդարանի ինչ-որ մարմին չի գործում, այսինքն՝ խորհրդարանի բնականոն գործունեությունն ապահովված չէ: Ի՞նչն է պատճառը, պարոն Միրզոյան, ինչո՞վ ձեզ օգնենք, որ կարողանաք ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը»,-հարցադրում հղեց Միրզոյանին Մարուքյանը:

Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց, որ նրա օգնության կարիքը բնավ չունի. «Կարծում եմ՝ որպես փորձված իրավաբան պետք է լավ հասկանայիք, որ ԱԺ նախագահն այդ հարցի շրջանակում ինչ պարտավոր էր՝ արել է: Մնացածը՝ թիվը հաստատելու մասին որոշման նախագիծը, քվեարկվել է: Պատգամավորներն ազատ են քվեարկելիս: ԱԺ նախագահին մեղադրել պատգամավորների քվեարկության արդյունքի մեջ՝ նշանակում է լավ չհասկանալ Սահմանադրության տրամաբանությունը: Եթե օգնություն եք առաջարկում, կարող եք այլ իրավաբանների դիմել՝ այդ հարցը պարզելու համար»:

Հիշեցնենք, որ ըստ «Իմ քայլի»՝ ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի նշյալ նախաձեռնությունում սահմանադրականության խնդիր կար, եւ քննիչ հանձնաժողով ձեւավորելու իրավասություն այդ դեպքում ունի ոչ թե ԱԺ-ն, այլ Երեւանի ավագանին: Այս մասին երեկ վարչապետն էր մանրամասնել:

Էդմոն Մարուքյանը նկատեց. «Ձեր խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ «դեմ» եք քվեարկելու, հետո ասաց, որ չեք քվեարկելու: Դուք էլ ասել եք, որ քաղաքական խնդիր չեք տեսնում: Երեկ պարզվեց, որ դուք քաղաքական որոշմամբ եք տապալել քվեարկությունը, այսօր ասում եք, որ պատգամավորերն ազատ են քվեարկել: Հիմա դա քաղաքակա՞ն որոշում էր»:

Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Վարչապետի երեկվա ասածը սխալ եք հասկացել: Ճիշտ հակառակը, քաղաքական խոսակցությունը, այդ թվում ՔՊ վարչությունում, եղել է օժանդակել ձեր կողմից կասկածի տակ դրվող հարցի քննարկմանը: Վարչապետն ասում էր՝ ընթացքում պարզվեց, որ իրավական խնդիր կա: ԱԺ-ն իրավասու չէ այդ հարցը քննել: Սա է ամբողջը»:

Էդմոն Մարուքյանը շարունակեց. «Պարոն Միրզոյան, երեք անգամ ձեր խոսքում ասացինք, որ մենք լավ չենք հասկացել: Հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում եւ չվիրավորել, իսկ երեկվա վիրավորանքների համար՝ ընդդիմությանը ձիու հետ համեմատելու համար, պետք է ներողություն խնդրեք: Մենք ամեն ինչ լավ հասկացել ենք, դուք չեք գիտակցել ձեր դերն այս հարցում: Դուք պետք է ապահովեիք հանձնաժողովի ձեւավորումը»:

Ի պատասխան Արարատ Միրզոյանը նորից կրկնեց հանձնաժողովի ստեղծման հետ կապված գործընթացը:

Ինչ վերաբերում է ձիու հետ համեմատության հիշատակմանը, ձայնի իրավունք խնդրեց «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ ասելով, որ իր խոսքին անդրադարձ եղավ. «Հերթական անգամ խոսքս նենգափոխվեց այն քաղաքական ուժի ղեկավարի կողմից, որը մեկ այլ պատգամավորի ասել է՝ դուք շատ փոքր մարդ եք: Իմ խոսքը եղել է ալեգորիկ: Ձիու հետ համեմատությունը հայտնի խոսք է, ինչպես եւ հայտնի խոսք է, երբ ասում են, որ ընդդիմությունը պահապան շուն է կամ օրենսդիր մարմինը: Այնպես որ, պետք չէ շատ խորը վիրավորվել, իսկ հետո գուցե դեսպանատներին առաջ տանել միտքը, թե ընդդիմությունն այսօր Հայաստանում այնքան խեղճացած է, թե այնքան դժվարությունների է հանդիպում…եթե դուք ալեգորիկ խոսքը չեք կարողանում հասկանալ…եւ դա ուղղված է կոնկրետ մարդու, այլ ոչ թե ողջ ընդդիմությանը»:

Հիշեցնենք, որ այս քառօրյայում ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին ասել էր. «Դուք շատ փոքր մարդ եք իմ կոմպետենտության հարցը քննարկելու համար»: Ի պատասխան Համազասպ Դանիելյանի՝ Մարուքյանը տեղից խոսում էր, երբ Արարատ Միրզոյաննն ասաց. «Կոռեկտության կոչ եք անում ինձ, մի վայրկյան…մարդ մի քիչ իրեն տիրապետի էլի… Դուք երեկ ասում եք, որ ձեզ միակողմանի նախազգուշացրել եմ: Հանուն արդարության, երբ դուք խոսում էիք, պարոն Ռուբինյանը լսում էր, իսկ երբ նա էր խոսում, դուք եկաք այստեղ կանգնեցինք, զուգահեռ խոսեցիք: Այդ արարքի համար ձեզ հայտարարեցի նախազգուշացում: Խիստ անարդար կլիներ, եթե այդ դրվագի համար ես Ռուբեն Ռուբինյանին նկատողություն անեի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031