Լրահոս
Օրվա լրահոսը

Անթույլատրելի գործընթացներ Վայք քաղաքի մոտ հանք շահագործելու ուղղությամբ. ՀԲՃ

Հունվար 23,2020 11:05

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին:

ԱԺ հարգելի պատգամավորներ,
այս նամակը դուք հավանաբար կկարդաք հունվարի 23-ի առավոտյան, մինչ մենք ահազանգում ենք հենց նույն օրը տեղի ունենալիք խիստ մտահոգիչ իրադարձության մասին (մենք ինքներս այս մասին տեղեկացել ենք միայն հունվարի 22-ի երեկոյան)։
Ըստ էության, մենք բարձրաձայնում ենք հրատապ բողոք օրենսդիր մարմնին այն մասին, որ կայծակնային արագությամբ ստեղծվել և Վայոց ձորի Ազատեկի տարածքում ընդերքօգտագործման նպատակով հանրային լսումների հայտ է ներկայացրել մի քանի օրական ընկերություն, ինչը խայտառակ օրենսդրական բացերի ու պետական վերահսկիչ գործառույթների բացակայության արդյունք է։ Կան նաև լուրջ կասկածներ, որ նորաստեղծ ընկերությունը ընդերքօգտագործման թույլտվությունը կորցրած նախկինի հետ փոխկապակցված է։
ԱԺ պատգամավորներին խնդրում ենք հրատապ կերպով անդրադառնալ իրավական այս բարձիթողի վիճակին, իսկ հունվարի 23-ի՝ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման նախագծի համար կազմակերպված նախնական համաձայնության շուրջ հանրային լսումներին աչալուրջ հետևել և հնարավորության դեպքում ներկա լինել։ Ըստ հայտարարության, դրանք պետք է տեղի ունենան խոշորացված Զառիթափ համայնքի վարչական շենքում՝ ժամը 15։00-ին։

Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում և խմբում կտեղադրենք տեղացիների գործողությունների մասին հրատապ տեղեկություններ։

Իրավիճակի նկարագրություն
Այս տարվա հունվարի 14-ին մամուլը գրեց, որ 2019թ, դեկտեմբեր 13-ից Վայոց ձորի մարզի Ազատեկի հանքավայրի նկատմամբ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի՝ ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է։ Սա նույն ընկերությունն է, որը ոսկու ապօրինի արդյունահանում է իրականացրել, ինչը բացահայտվել էր 2018թ. տեսչական մարմնի աշխատանքների արդյունքում։ Հարուցվել է քրեական գործ և մինչ օրս այդ հարցով ընթանում է երկարուձիգ քրեական հետաքննություն, որի վերջն այդպես էլ չի երևում (մանրամասները՝ «Ազատեկ. գաղտնի արդյունահանված ոսկին» 2018թ. նոյեմբերի հոդվածում)։

Դեկտեմբերի 13-ից ընդամենը 15 աշխատանքային օր անց՝ սույն թվականի հունվարի 9-ին, գրանցվում է մի նոր ընկերություն՝ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն, որը հասցնում է մի քանի օրվա ընթացքում դիմել Վայքի և Զառիթափի համայնքապետարաններ՝ Ազատեկի ոսկու-բազմամետաղային հանքի՝ ստորերկրյա եղանակով շահագործման նախագծի հայտով հանրային լսումներ կազմակերպելու համար։ Կարճ ժամանակում հայտնի է դառնում, որ լսումներ կանցկացվեն միայն Զառիթափում, իսկ Վայք համայնքում, որի վարչական տարածքում է Ազատեկը՝ լսումներ չեն լինի։ Ամեն դեպքում այդ մասին տեղեկությունները Վայքի համայնքապետարանի կայքում բացակայում են։

Մտահոգիչ խնդիրները
• Հայտնի չէ՝ արդյոք մի քանի օրական ընկերությունը ընդերքօգտագործման իրավունք հասցրե՞լ է ստանալ, թե ոչ, սակայն փաստ է, որ խայտառակ օրենսդրությունը թույլ է տալիս համայնքից նախնական համաձայնության նպատակով հանրային լսումների հայտ ներկայացնել դեռևս նման իրավունք չունենալու դեպքում նույնպես։ Այս պատճառով սկսվում է գործընթացների շղթա, որի ամենաառաջնային փուլում որևէ պետական լիազորող կամ վերահսկող գործառույթ չկա։
• ՀՀ խայտառակ օրենսդրության համաձայն, եթե ընկերության կողմից ազդակիր նախանշված համայնքը տալիս է իր տարածքում տվյալ գործունեության վերաբերյալ նախնական համաձայնություն (իսկ թե քանի նման «նախնական համաձայնություններ» են ստորագրել համայնքների ղեկավարները նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում՝ առանց նույնիսկ համայնքների բնակիչներին դիմելու, կարող եք ինքներդ երևակայել), ապա ընկերությունը դրանից հետո կարողանում է սկսել բնապահպանական թույլտվություն հանդիսացող՝ ՇՄԱԳ փորձաքննության գործընթացները (հայտ ՇՄԱԳ փորձաքննական կենտրոն, ՇՄԱԳ լսումներ և այլն), եթե ընդերքօգտագործման թույլտվությունն արդեն ձեռք է բերել։ Այս նույն խայտառակ օրենսդրությունը չունի որևէ պարտադիր պահանջ, որ ազդակիր համայնքների դիրքորոշումը կարող է այլևս վճռորոշ լինել, այսինքն՝ մնացած բոլոր հանրային լսումների ընթացքում նույնիսկ եթե համայնքները, օրինակ, դեմ արտահայտվեն, ապա դա լիազոր մարմին հանդիսացող Շրջակա միջավայրի նախարարությունն ընդունում է միայն ի գիտություն։ Օգտվելով ծայրաստիճան թույլ այս օրենսդրությունից՝ բազմաթիվ անգամներ մերժումներ ստացած Ազատեկի հանքավայրի շահագործման նախագիծը «նոր» տերերի դիմակի ներքո առաջ է բրդվում՝ ենթադրաբար, գոնե նախնական համաձայնություն կորզելու նպատակով։
• Համաձայն «Հետքի» հունվարի 22-ի հաղորդագրության՝ լսումները պետք է կայանան հունվարի 22-ին Զառիթափում և 23-ին Վայքում։ Բայց Վայքի քաղաքապետարանի կայքում կարդում ենք, որ լսումները կլինեն միայն Զառիթափ գյուղում, հունվարի 23-ին։ Այսինքն, դավադրաբար, լսումները կանցկացվեն ոչ թե անմիջապես ազդեցություն կրող՝ Վայք քաղաքի բնակիչների հետ, այլ Ազատեկից ավելի մեծ հեռավորություն ունեցող՝ Զառիթափի ու դրա հետ խոշորացած գյուղերի բնակիչների հետ։ Շատ կարճ տևողությամբ իրազեկման պարագայում տեղի են ունենալու գործունեություն չունեցող, կասկածելի սեփականատիրությամբ ընկերության կողմից ոսկու հանքարդյունահանման հայտի շուրջ իրավական ուժ ունեցող գործընթացներ, որոնք կարող են սկիզբ դնել ընդերքօգտագործման լիցենզավորման գործունեության։
• Այժմ, նախկին՝ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի սեփականատերերից մեկի հետ նույն հասցեում գրանցված «նոր» սեփականատեր ունեցող «Վայկ- ինվեստ» ՍՊԸ-ն իբրև ազդակիր համայնք նախանշել է Զառիթափ գյուղը՝ Վայքի բնակիչների արդեն իսկ հայտնի դիմադրությունից խուսափելու համար (նորաստեղծ ընկերության սեփականատերերի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ «Հետքի» հունվարի 22-ի՝ «Նորաստեղծ ընկերությունը դիմել է Ազատեկի հանքավայրի շահագործման համար» հոդվածում)։ Ազդակիր համայնք ընտրելու նման կամայական հնարավորությունը, որ օրենսդրությամբ տրված է շահագրգիռ մասնավոր ընկերություններին, բազմիցս հանգեցրել է աղետների ու միջհամայնքային սուր կոնֆլիկտների Հայաստանի տարբեր տարածքներում և ակնհայտորեն, այս դեպքում նույնպես, հղի է նման վտանգներով։
• Նորելուկ ընկերության կողմից նման կայծակնային արագությամբ հանքի շահագործման նախագիծը հանրային լսումների ներկայացնելը, հնարավոր է, նոր գործընթացների միջոցով հնի արատավոր հետքերը վերացնելու և բուն ազդակիր համայնքի կամքին դեմ՝ իրենց ուզածին հասնելու փորձ է։
• Ինչպես նախկին «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի, այնպես էլ՝ նորահայտ «Վայկ Ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերերը խաչվում են Արամ Օսիկյանի անվան հետ, ով Հայաստանի տարբեր տարածքներում ընդերքօգտագործման կամ երկրաբանական ուսումնասիրությունների լիցենզիաներ ստացած մի շարք ընկերությունների հիմնադիրներից է, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի մերձավոր անձ է և նախկինում նաև ղեկավարել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ընկերությունները. նրանց կապերի մասին ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ կան: Իսկ ահա նորաստեղծ «Վայկ-ինվեստ» ընկերության համասեփականատերերից մեկը գրանցված է Արամ Օսիկյանի դստեր բնակության հասցեում։

Թեև այս մեկ օրինակն այս պահին ամենից հրատապն է, այնուամենայնիվ, միակը չէ: Նույնպես և այսօր՝ հունվարի 22-ին, Երևան քաղաքում տեղի ունեցան Աջափնյակ վարչական շրջանում բազալտի և տուֆի հանքավայր շահագործելու մասին հանրային լսումներ, որտեղ իրավիճակը շատ նման էր վերը նկարագրվածին:

Խնդրում ենք անդրադառնալ այս խիստ մտահոգիչ գործընթացներին։

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031