Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի հիշեցում՝ ակնարկ այն մասին, որ Կուտոյանի շուրջ ծավալված իրադարձությունները որոշակիորեն ծանոթ են եղել ընտանիքին. «Ժամանակ»

Հունվար 23,2020 10:54

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է օրեր շարունակ հանրային ամենաքննարկվող հարցերից մեկին՝ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին, դրա հետ կապված հարցադրումներին, մասնավորապես կառավարության և հատկապես իր վերաբերմունքի առումով, ցավակցել-չցավակցելու թեմայի առիթով: Նիկոլ Փաշինյանը շատ չի ծավալվել՝ ասելով, որ անտեղի է համարում այդ թեմայի քննարկումն ու շահարկումները:

Միաժամանակ Փաշինյանը արել է մի քանի ուշագրավ ակնարկ: Մասնավորապես, նա խոսել է այն մասին, որ, իր կարծիքով, կատարվող քննության միջոցով իրականությունը բացահայտելու ամենաշահագրգիռ կողմը պետք է լինի Կուտոյանների ընտանիքը, հարազատները, և նրանք պետք է լիարժեք գործակցեն քննության հետ բոլոր հարցերի պատասխանը ստանալու համար:

Իր հերթին, ըստ Փաշինյանի, կառավարությունը երաշխավորում է, որ բոլոր լծակները կօգտագործվեն դեպքի բացահայտումն իրականացնելու համար: Վարչապետ Փաշինյանի «հղումը» Կուտոյանների ընտանիքին, մի կողմից, միանգամայն բնական ու տրամաբանական է՝ ցանկացած դեպքում որևէ անձի մահվան հանգամանքների բացահայտման հարցում ամենից շահագրգիռը պետք է լինեն նրա ընտանիքն ու հարազատները: Մյուս կողմից, վարչապետի այդ հիշեցումը թերևս կարող էր պարունակել նաև ակնարկ այն մասին, որ Կուտոյանի շուրջ ծավալված իրադարձությունները, այդուհանդերձ, որոշակիորեն ծանոթ են եղել ընտանիքին, իհարկե, ամենևին ոչ այդօրինակ ողբերգական վախճանի հեռանկարով, ու այդ իմաստով քննության հետ լիարժեք գործակցությունը էապես կարևոր է գործի լիարժեք բացահայտման համար:

Անշուշտ, այստեղ թերևս պետք է նկատի ունենալ նաև մի հանգամանք՝ ընտանիքի լիարժեք գործակցությունը կարևոր, անհրաժեշտ, սակայն, անկասկած, հազիվ թե ամբողջապես բավարար պայման է գործի բացահայտման համար, և անշուշտ պետք է այս դեպքում էլ անել այնպես, որպեսզի այժմ էլ շահարկումների առիթ չդառնա այն, թե ընտանիքը բավարար չի գործակցում, և այդ իսկ պատճառով չկա լիարժեք բացահայտում:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031