Ռադիոյով հնչող գովազդներից մեկում ասվում է՝ «ոչ սթափ եւ հոգեճնշված վիճակում խաղալն անթույլատրելի է»: Խոսքը շահումով խաղերի մասին է, որոնք մարդիկ խաղում են համակարգիչների միջոցով:
Զգուշացումն, իհարկե, տեղին է: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ եթե ինչ-որ բան արգելվում է, ապա պետք է լինեն լծակներ՝ այդ արգելքը շրջանցողների վրա ազդելու: Մինչդեռ եթե մարդը տանը կամ ինտերնետ-ակումբում համակարգչի առջեւ նստած նման խաղեր է խաղում եւ գտնվում է ոչ սթափ կամ հոգեճնշված (դեպրեսիվ) վիճակում, ապա ո՞վ պետք է նրա ձեռքը բռնի, խանգարի կամ պատասխանատվության ենթարկի:
Ոչ սթափ վիճակում մեքենա վարելն, օրինակ, լուրջ իրավախախտում է, բայց այդպիսի վարորդին հայտնաբերելու եւ պատժելու համար հնարավորություններ կան: Ոչ սթափ խաղամոլին հայտնաբերելն անհնար է: Էլ ուր մնաց՝ հոգեճնշված խաղամոլին: Անգամ եթե հարցը թողնվում է ամեն անհատի հայեցողությանը, ապա մարդը քիչ թե շատ կարող է գիտակցել, որ ինքը հարբած է, բայց խիստ կասկածում եմ՝ արդյոք որեւէ մեկը ինքն իրեն կարո՞ղ է «ախտորոշել»՝ հոգեճնշվա՞ծ է, թե՞ ոչ:
Բայց, կրկնեմ, գովազդի հեղինակները ճիշտ են՝ հոգեճնշված վիճակում սեփական գումարները ռիսկի ենթարկելը սխալ է: Ընդհանրապես այդ վիճակում չարժե որեւէ լուրջ բան անել, անգամ անլուրջ բաներ՝ օրինակ, ֆեյսբուքյան «ստատուսներ» գրել: Իսկ ավելի լավ է՝ առհասարակ նման վիճակում չգտնվել: Եվ այստեղ ամեն ինչ, կարծում եմ, պայմանավորված է դաստիարակությամբ (ինքնադաստիարակությամբ):
Կարդացեք նաև
Մեխանիզմը մոտավորապես հետեւյալն է: Երբ երեխան բարձրաձայն գոռում է ու երգում, մեծահասակները նրան սաստում են՝ «Սուս մնա, ներվերս կերար»: Բայց հենց որ երեխան սկսում է հազալ ու փռշտալ, մեծերը սկսում են նրան խղճալ՝ «Վո՜ւյ, քոռանամ ես, քեզ ի՞նչ է պատահել»: Եվ երեխան մտածում է՝ «Ըհը՜, երբ ես հիվանդ եմ, ինձ ավելի շատ են սիրում: Ուրեմն, ինձ ավելի ձեռնտու է հիվանդ լինելը»: Երեխան մեծանում է, եւ հասուն տարիքում նույնպես փորձում է իր հիվանդությունները, առաջին հերթին՝ հոգեճնշվածությունը, ընկճախտը «վաճառել» զուգընկերոջ, հարազատների, շրջապատի վրա:
Հասարակական կյանքում նույնն է: Ժողովուրդները երեխաների նման են. եթե նրանց սովորեցնում ես, որ բողոքելու, դժգոհելու, խեղճանալու պարագայում նրանց մասին ավելի շատ են հոգ տանում, կարեկցում են, սփոփում են, ապա նրանք հակված են ընկնել այդ հոգեճնշված վիճակի մեջ, որպեսզի իրենց սիրեն ու փաղաքշեն: Ճնշողն ու խեղճացնողն, իհարկե, իշխանությունն է, սփոփողն ու փաղաքշողը՝ ընդդիմությունը: Եթե վերջինիս հաջողվում է գեղեցիկ, համոզիչ բառերով խղճալ ու փաղաքշել ժողովրդին, հաջողությունն ապահովված է:
«Գորշ մթնոլորտ» արտահայտությունն առաջին անգամ արտաբերել է վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ փաստացի անկախություն ձեռք բերելուց ամիսներ հետո: Նա զարմանում էր՝ ինչպե՞ս կարելի է չուրախանալ, չոգեշնչվել, չըմբոշխնել, ստեղծագործական հզոր խթաններ չստանալ սեփական ձեռքերով պետություն կերտելու հնարավորությունից:
Բայց իրականում ժողովուրդը մի քանի ամիս իսկապես ըմբոշխնում է, իսկ հետո սկսում է խղճացողներ, սփոփողներ փնտրել: Այդպես է լինում բոլոր հեղափոխություններից հետո:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բոլոր տեսակի ճգնաժամերը’ լինի դա ժողովրդի մակարդակով թե անձնական, դա ճահճանալու, այսինքն’ հետըթացի պատճառով է, բնության մեջ այդպես է’ եթե չկա առաջընթաց, ուրեմն տեղի է ունենում հետընթաց եւ հակառակը, այդ ընկճվածություններն ու նյութական կամ դրամական ճգնաժամերը վարակիչ հիվանդության նման բան են, պետությունը պետք է ունենա միջոց այդ հիվանդներին բուժելու, հակառակ դեպքում կունենանք եւ ունենք համաճարակներ, լավ է կանխարգելել դրանք նախապես: Լավագույն միջոցը’ պետությունը պետք է վերացնի ստրկատիրական վարձու աշխատանքը, քաղաքացուն սովորեցնի մասնավոր աշխատանքի ռազմարվեստին, հստակ օրենքներ գրի մասնավորների համար, խստորեն հետեւի, որ մասնավորները այդ օրենքների սահմանում գործեն: Քանի դեռ կա վարձու աշխատանք, ստրուկ ու տեր, չի լինելու երկրի վրա ոչ երջանիկ ազգ, ոչ առաջընթաց, ոչ սեր:
Ներկայիս Հայաստանի մէջ ՛՛ոչ զօրաւոր՛՛ անձերը շատ շուտով կրնան ՛՛անբնական վիճակներու ՛՛ մէջ գտնուիլ – նկատի առած երկրին ՛՛ ոչ այնքան կայուն՛՛ վիճակը-հրապարակային վէճերը-որ օրըստօրէ կ՛աւելնան և կը ճնշեն անձերու վրայ- անգործութիւն-աղքատութիւն-տգիտութիւն-անօրէն զէնքերու առատութիւն- բարոյական արժէքներու անկում … Միակ արմատական բարելաւումը կրնայ գալ լրջօրէն զբաղուիլ այս ցաւերը վերացնելու մէջ -վայրկեան մը առաջ օրէնքի երկաթէ բազուկներով ։ Մեր ՛՛նոր՛՛ խօսարանի հրամցուցած պատկերը վստահաբար չի կրնար օրինակ ծառայել ժողովուրդին։ ԱՆՀՐԱԺԵՇՏ է պահ մը մոռնալ ՛՛ Ժողովրդավարութիւն խաղալ ՛՛ և որոնել առ այժմ ՛՛հայկական ժողովրդավարութեան՛՛
ուղի մը -մարդկային նոյնիսկ եթէ արեւմտեանէն մի փոքր տարբեր ։