Այսպիսով, գյուղացիների, ֆերմերների լայնածավալ բողոքի օրեր տևած գործողություններից հետո կառավարությունը հետքայլ է անում՝ ներկայացնելով խնդրի ոչ այնքան համալիր, խորքային, որքան միջանկյալ լուծում: Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերջնագիր է ներկայացնում բողոքի ձայն բարձրացնող հանրությանը:
Այս իրավիճակը վկայում է մի կողմից՝ կառավարության անսկզբունքայնության ու ոչ կոմպետենտ գործունեության, մյուս կողմից՝ թաքնված վախերի մասին: Խնդիրն այն է, որ, եթե սա իսկապես անհրաժեշտ բարեփոխում է, ինչպես պնդում է Ն. Փաշինյանը, ապա կառավարությունը չպետք է տուրք տար բողոքի ալիքին և չառաջնորդվեր պոպուլիզմով ու չնահանջեր: Դա, սակայն, կհակասեր անձամբ Ն. Փաշինյանի ու կառավարության պոպուլիստական էությանն ու գործելաոճին:
Մյուս կողմից՝ որոշման ընդունումից հետո է միայն կառավարությունը պարզում, որ անհրաժեշտ թվով սպանդանոցներ չկան, ինչը վկայում է կառավարության ոչ պրոֆեսիոնալության, ոչ կոմպետենտության մասին: Այսինքն՝ հերթական անգամ մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես է պոպուլիզմը հաղթում պրոֆեսիոնալիզմին: Բայց սա միջանկյալ հաղթանակ է կամ հաղթանակ չէ ընդհանրապես, որովհետև վարչապետի երեկվա հայտարարությունից հետո բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից շատերը տեղեկացրել են, որ առաջարկված միջանկյալ լուծումը չի բավարարում իրենց, և իրենք առաջիկայում վերսկսելու են բողոքի ակցիաները:
Ակնհայտ է, որ կառավարության քայլերի շարունակությունը կախված է լինելու ոչ թե ընդունված որոշման հիմնավորվածությունից ու անհրաժեշտությունից, այլ այն հանգամանքից, թե որքան մարդաշատ կլինեն բողոքի ակցիաներն առաջիկայում: Դա է պահանջում պոպուլիզմի կանոնը, որին անշեղորեն հետևում է Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում