«Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն իր աշխատասենյակի պատուհանին կրակելու դեպքը չի կապում իր մասնագիտական գործունեության հետ. նա այսօր աշխատանքի վայրում է եւ սովորականի պես աշխատում է». դատավորի հետ զրույցից հետո այդ մասին ՀԺ-ին փոխանցեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը:
«Նախնական կարող եմ ասել, որ ինքն է հայտնաբերել փամփուշտը պատուհանի մեջ: Ես կարծում եմ, որ կրակոցն ուղղված չի եղել Տաթեւիկ Գրիգորյանի դեմ, ընդամենը պատահականություն է եղել հենց նրա պատուհանին դիպչելը: Բայց պետք է սպասենք մինչեւ քննության ավարտը, որպեսզի կարողանանք ամբողջական կարծիք եւ եզրակացություն ունենալ: Բարձրագույն դատական խորհուրդը հետամուտ է լինելու, որ գործի հանգամանքները պարզվեն օբյեկտիվորեն եւ ամբողջությամբ, որպեսզի դատարանի նկատմամբ նման բաները բացառվեն»,- ասաց ԲԴԽ անդամը:
Հարցին, թե ինչից ելնելով է կարծում, որ Գրիգորյանի պատուհանին դիպչելը պատահականություն է, Բեքմեզյանը պատասխանեց. «Իր հետ զրույցից, նրա վերաբերմունքից (դատավորը շատ հանգիստ էր), նաեւ կրակված դիրքից, տեղից եւ այլն: Որովհետեւ ինչքան ես եմ հասկանում, եթե ուղիղ կրակեր պատուհանի վրա, ապակու մեջ չէր մնա փամփուշտը: Պետք է մի տեղից դուրս գար»:
ԲԴԽ անդամը դժվարացավ ասել՝ կրակոցը եղել է գազայի՞ն զենքից, թե՞ մարտական: Ասաց, որ դա կպարզվի փորձաքննությամբ:
Կարդացեք նաև
Ամեն դեպքում կրակոցի պահին դատավորն իր աշխատասենյակում չի էլ եղել:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում