Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձեռնմխելիները»

Հունվար 23,2020 09:00

Անձեռնմխելի ասելով, նկատի չունեմ, պաշտոնական, իրավական, Հայաստանում վերջին շրջանում չարչրկված եզրը, այլ հնդկական կաստան։

Այս թեմային վաղուց էի ուզում անդրադառնալ, սակայն առիթը պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Ռուբեն Ռուբինյանի փոխհրաձգությունն էր, կապված «նախկինների» հետ սրճելու հարցին։

Հիշում եմ ծնողներիս պատմածները, հեռավոր ստալինյան ժամանակաշրջանի մասին, թե ինչպես էին շատ հարազատներ, նրանց զավակները՝ ծնողների հորդորով, ընկերներ խուսափում շփվել գնդակահարված կամ աքսորված «ժողովրդի թշնամիների» («անձեռնմխելիների») ազգականների, երեխաների հետ։

Այդ պատմությունները «մղձավանջային» հեքիաթ էին թվում, նույնիսկ հետստալինյան ԽՍՀՄ-ում։

Ո՞վ կսպասեր, որ ազատ, անկախ, ժողովրդավարական, իրավական, սոցիալական և այլն Հայաստանում այս երևույթը նորից կկրկնվեր։

Առաջին անգամ նման երևույթի հանդիպեցի, արդեն 1988-1990 թվականներին։ Լինելով «Ղարաբաղ» կոմիտեի, հետագայում ՀՀՇ վարչության անդամ, մեծ համակրանք ունեի անկախականների՝ Պարույր Հայրիկյանի, Աշոտ Նավասարդյանի, Մովսես Գորգիսյանի և այլոց հանդեպ։ Հաճախ այցելում էի նրանց գրասենյակներ, զրուցում, քննարկում, վիճում տարբեր հարցերի շուրջ։ Երբեմն, երբ իմ ընկեր հհշականները տեսնում կամ իմանում էին այդ շփումների մասին, ՀՀՇ գրասենյակում հարձակվում էին․ «Էդ ու՞մ հետ ես ընկերություն անում և այլն»։ Այս կապակցությամբ կարող եմ շատ զվարճալի մանրամասներ պատմել։

Հետո, երկար ժամանակ իշխանության մաս կազմող հհշական շատ ընկերներիս հետ շփումներ չեմ ունեցել։ 1998թ․ իշխանափոխությունից հետո շփումները վերականգնվեցին։ Այն ժամանակվա «նախկինները» («անձեռնմխելիները») կազմակերպում էին քննարկումներ, նույնիսկ խնջույքներ, որոնց ես էլ էի հրավիրվում և մասնակցում։ Այո, նաև սրճում էինք, կատակում և այլն։ ․․․Այս անգամ էլ, արդեն շատ նախկին ընդդիմադիրներ, ծանոթներ, ընկերներ, հանդիպելիս նախատում էին․ «Քեզնից չէինք սպասում, ու՞ր ես դրանց հետ հանդիպում, անհարմար է և այլն»։

Սակայն, անհանդուրժողականության հերթական, ամենաթունդ փուլը մեկնարկեց 2007 թվականին, նախագահական ընտրությունների ժամանակ, գագաթնակետին հասավ 2008թ․ և մասամբ մարեց 2012թ.: Այս անգամ արդեն, ոչ թե չէր կարելի շփվել ոմանց հետ, այլև իրավունք չունեիր լինել չեզոք։ Ցանկացած անձ, եթե, այսպես կոչված «համաժողովրդական շարժման» մասնակից չէր, ապա սրիկա էր, դավաճան, ծախված և այլն։ Փողոցում հանդիպում ես վաղեմի ծանոթ-ընկերներին, ուրախ-ուրախ ուզում ես ողջունել, լավագույն դեպքում մռայլ դեմքով, առանց բարևելու անցնում են, ավելի հաճախ՝ նախատում, գոռգոռում, թե ինչու «ժողովրդի» հետ չեմ։ Ես էլ էի դարձել «անձեռնմխելի»։

Եվ հիմա․․․ Հիմա էլ , սկսած 2018թ․-ից «անձեռնմխելիները»՝ նախկիններն են և այլոց նկատմամբ ամենամեծ խարանը նրանց նախկինների հետ համեմատելն է, իսկ նախկինների հետ շփումները, սրճելը՝ մահացու հանցանք։ Այս ամենը, ինչպես անցյալում, զգում եմ նաև անձամբ ինձ վրա։ Հանդիպում, սրճում ու զրուցում ես այսօրվա իշխանությանը քննադատող նախկին կամ ներկա գործիչի հետ։ Դե, Երևան է, տեսնողներ են լինում, և․․․ Ամիսներ առաջ հրավիրված էի «Իբիս» հյուրանոցում մարդու իրավունքների մասին քննարկման։

Թե ինչ նախատինքներ ստացա նախկին համախոհներից․ «Էդ ու՞մ հետ էիր նստել և այլն»։

Հետաքրքիրն այն է (իհարկե, անուններ չեմ տա, նրանք շատ-շատ են), որ այսօրվա այդ «նախատողները»՝ «Իմ Քայլ»-ի, մյուս խմբակցությունների պատգամավորներ, այլ քաղաքական, հասարակական գործիչներ, մինչև 2018թ․ ինչերի ասես, որ պատրաստ չէին և ինչերի ասես, որ չէին դիմել արժանանալու համար ՀՀԿ-ականների բարի հայացքին, էլ չեմ ասում նրանցից ցանկացածի հետ սրճելու պատվին։

․․․ Սպասենք ապագա «անձեռնմխելիների» հետ սրճելու ժամանակներին։

C՚est la vie` այս է կյանքը։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

24.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031