Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմենը երազում էր օպերատոր դառնալ

Հունվար 23,2020 12:30

«Արմենը» գիրքը, որը լույս է տեսել անցյալ տարվա աշնանը, պատմում է 2014թ. հունվարի 20-ին արցախա-ադրբեջանական հակամարտ գծում`հյուսիս-արեւելյան (Ջրաբերդ) հատվածում զոհված մեր հերոսի` Արմեն Լեւոնի Հովհաննիսյանի մասին, հերոսի, որը նկատել է հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր, զգուշացրել էր զինակիցներին, սկսել դիմադրություն, անգամ ծանր վիրավոր վիճակում չընկրկելով:

Ի՞նչ գիտենք Եռաբլուր պանթեոնում ամփոփված մեր հերոսներից մեկի մասին, որի դիմաքանդակը պահվում է «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, որի հուշաքարը ի հիշատակ նրա, Մարտակերտի զորամասում է, վրան էլ գրված. «Բոլոր դիրքապահները թագավոր տղերք են», «Աստված պահապան բոլոր զինվորներին»: Գրքում հիշողություններ են, նրան ճանաչողների, ծառայակից ընկերների խոսքը, մանկությունից, պատանեկությունից հուշեր, հրապարակումներ, փաստավավերագրական լուսանկար-մասունքներ:

«Տասնյակ հարյուրավոր անունների կողքին անասելի հպարտությամբ եւ լռելայն խոնարհումով եմ արտաբերում 2014թ. հունվարի 20-ին զոհված Արմեն Հովհաննիսյանի անունը: Թեպետ անձնապես չճանաչելով նրան, անտարակույս կարող եմ ասել, որ նա եւ իր ընկերները մեր բանակի «ցեմենտն» են: Իմ անցած զինվորական ճանապարհի հեռուներից մեծագույն պարծեցումով եմ նայում այսօրվա զինվորին` Արմեն Հովհաննիսյանին: 20-ամյա երիտասարդը բարձրագոչ ճառեր չասաց, այլ լուռ, տղամարդուն վայել, իսկական հերոսին հարիր դրսեւորմամբ ապացուցեց սերն առ հայրենիք, սերն առ ազգ: Նա ոչ միայն  թշնամուն, այլ հարազատ ժողովրդին ապացուցեց, որ հայ զինվորը պատրաստ է սեփական կուրծքը դարձնել անառիկ պարիսպ` հայրենիքի սահմաններին»,-գրել է գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Արմենը եղել է տան ամենափոքրը`միակ արու զավակը: Երեք քույր ուներ: Պատանեկության տարիներին տարվել է նկարչությամբ եւ քանդակագործությամբ: Նրա քույրերից Լիլիթը`խեցեգործ-նկարչուհի էր, եւ գրքում հենց այդ մասին էլ ասվում է, որ քույրը հավանաբար դեր է խաղացել Արմենի նախասիրության հարցում: Մինչ զինվորական ծառայությունը, Արմենը երեք տարի սովորել է Մշակույթի պետական քոլեջի կինոսարքավորումների եւ տեսատեխնիկայի բաժնում, երազում էր օպերատոր դառնալ: Ի դեպ, քոլեջի լսարաններից մեկն այսօր կրում է Արմենի անունը:

Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, իսկ Արցախի նախագահի հրամանագրով էլ`«Արիության համար» մեդալով: Հերոսի մայրն ասել է. «Ես երեւի միայն ինձ համար չէի լույս աշխարհ բերել Արմենին, հիմա նոր եմ հասկանում: Ցավը միայն ուզում եմ` իմը լինի, բայց երբ անընդհատ մարդիկ են այցելում, զանգում, գրում, արդեն գիտակցում եմ, որ իրոք, միայն ինձ համար չէի բերել… Թող Արմենի նման տղաներ շատ ծնվեն»:

Արմենի ծառայակից ընկերներից` Հրայր Համբարյանը պատմել էր. «Մաքրության ժամանակ սովորաբար ջոկի հրամանատարները կանգնում են, հրամաններ տալիս, իսկ Արմենը մեզ հետ հավասար մաքրություն էր անում, մեզ սիրում էր, հարգանքով էր վերաբերվում»: Հուշագիրներից` համածառայակից Սարգիսը պատմել էր, որ Արմենը զորամասի հոգեւոր հովվին` քսանամյա սարկավագին առաջարկել էր զորամասում մատուռ սարքել, ասելով` եթե զորացրված էլ լինեմ, կգամ աշխատանքներին մասնակցելու:

Արմենին նվիրված գիրքն ավարտվում է նրան նվիրված բանաստեղծություններով: Գիրքը լույս է տեսել «Տիգրան Մեծ» հրատարակչատանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

22.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031