Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Դատարանը բավարարեց հոգեկան առողջության կենտրոնի միջնորդությունը

Հունվար 23,2020 13:00

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան էր դիմել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Ա.Հակոբյանը՝ «քրեական օրենքով արգելված արարք կատարած» Աստղիկ Խ.-ի նկատմամբ նշանակված հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը եւ հարկադիր բուժումն ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժմամբ փոխարինելու մասին միջնորդությամբ:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Պողոսյանը օրեր առաջ այդ միջնորդությունը բավարարել է: Անցյալ տարվա փետրվարից սկսվել էին այս միջնորդության հետ կապված դատական գործընթացները: Հիմնականում դատական նիստերի չէին ներկայանում հոգեբուժարանի ներկայացուցիչ Ա.Պողոսյանը, ապա նաեւ Աստղիկի օրինական ներկայացուցիչը:

Աստղիկը դատական գործընթացների ժամանակ եղել է ավելի հավասարակշռված, եւ նաեւ մեր հետ զրույցի ժամանակ հայտնել էր, որ իր նկատմամբ ամենը սկսվել է այն ժամանակվանից, երբ իրեն աշխատանքից ազատել էին, եւ նա միայնակ ցույցեր էր սկսել Բաղրամյան պողոտայի վրա` ՀՀ նախագահի նստավայրի դիմաց:Աստղիկի պաշտպանությունը ստանձնած Ա.Հակոբյանը դատարանում առարկել էր հոգեբուժարանի միջնորդության դեմ, իսկ Աստղիկն էլ դատարանում պնդեց, որ հիվանդ չէ, եւ կամավոր չի շարունակի բուժումը:

Բարձրագույն կրթություն ունեցող, Երեւանի պետական համալսարանը փայլուն առաջադիմությամբ ավարտածին անմեղսունակ են ճանաչել եւ փորձել մեղադրանք առաջադրել այն բանի համար, որ հարեւանի տան գույքը «միտումնավոր» վնասել է, այն է` ջուր է բաց թողել, կես միլիոն դրամից ավելի վնաս պատճառելով նրան:

Դատարանին ներկայացրած միջնորդության մեջ նշվել էր, որ Աստղիկ Խ-ն չի հաճախում տեղամասային հոգեբույժի մոտ, չի ստանում դեղորայք, քանի որ իրեն չի համարում հոգեկան հիվանդ: Հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային հարկադիր հիվանդների վերանայման հանձնաժողովի եզրակացության համաձայն էլ, Աստղիկ Խ-ն ունի հսկողությունը շարունակելու կարիք, ուստի հարկադիր բուժումը նա պետք է շարունակի հարկադիր հոգեբուժական բաժանմունքում:

Աստղիկն «Առավոտին» դատական նիստից հետո ասաց, թե անպայման բողոքելու է իր դեմ կայացրած որոշումը, բողոքն արդեն պատրաստ է, եւ նա վերաքննիչ դատարան է ներկայացրել:Նա ասաց, որ միջնորդության համար հիմք է հանդիսացել Հատուկ քննչական ծառայության կողմից կայացված որոշման փաստարկները. Խոսքը քրեական գործ չհարուցելու մասին որոշման մասին է: ՀՔԾ-ին հաղորդում տվողը եղել է հենց Աստղիկ Խ-ն: Նա հայտնել էր, որ ոստիկանության Կենտրոնի աշխատակիցները կոտրել են իր բնակարանի դուռը, ապօրինի մտել բնակարան, ապօրինի զննել իր տան ջրագծերը: Նա բնակվում է իր մոր հետ, որեւէ շփում չունի հարեւանների հետ: Աստղիկն ասում է, որ իրեն շղթայակապ բերման են ենթարկել, երբ մոր ահազանգից հետո նա գնացել էր տուն, չորս ժամ շղթայակապ այդ վիճակով պահել են ոստիկանությունում, պատճառել հոգեկան, ֆիզիկական ցավ: Նա ՀՔԾ-ի ուշադրությունը հրավիրել էր այն փաստի վրա, որ եղել են մարդիկ, ովքեր տեսել են, թե ինչ են անում իր եւ մոր դեմ, ինչպես նաեւ առկա է եղել տեսանյութ, որը սակայն չկա, չի զննվել:

Ի դեպ, «ջրի գործով» Աստղիկ Խ-ի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց կալանավորում երկու ամսով: Նրան բերման ենթարկելու ժամանակ, ոստիկանների հետ ներկա են գտնվել նաեւ ԱԻՆ փրկարարները, քանի որ երբ թակել են դուռը, եւ այն չի բացվել, մտածել են, թե հնարավոր է փրկարարների անհրաժեշտությունը լինի`ջրի արտահոսք, մահացած մեկը… բնակարանի դուռը բացելուց հետո պարզվել էր, որ Աստղիկն ու մայրը հյուրասենյակում են եղել:

Այն, որ Աստղիկին ձեռնաշղթաներ են հագցրել, հաստատել են բնակարան գնացած ոստիկանության չորս տեսուչները, չորս ԱԻՆ աշխատակիցները: «Առանձնապես վտանգավոր» անձին, իրենց իսկ բնորոշմամբ «հիվանդ», երիտասարդ կնոջ մեկուսացմանը ներկա են եղել շտապ օգնության աշխատակիցները, համատիրության աշխատակիցները:

ՀՔԾ-ի որոշման նկարագրական մասում էլ արձանագրվել էր, որ ոստիկանները համատիրության աշխատակիցների հետ ջրի հետ կապված բողոք լսելուց հետո եկել են Աստղիկ Խ-ի բնակարան, նրա մայրը բացել է դուռը, զարմացել, որ կա բողոք, թե ջուր են բաց թողել հարեւանների վրա, տեսել են ջրագիծը չոր է, տանն իրոք ջրի արտահոսք չկա, «առանց խնդրի դուրս են եկել»:

Անգամ հարեւանուհին, ում առաստաղը այդ պահին թրջվել է, բարձրացել է վերեւի հարկ, համոզվել, որ ջրագիծը չոր է, եւ Աստղիկենք արտահոսքի հետ կապ չունեն:Այն, որ դուռը կոտրել են փրկարարները, որի ժամանակ վնասվել էր Աստղիկենց դռան փականները, դիտանցքը, նշանակվել էր դատաապրանքագիտական փորձաքննություն, նյութական վնասը կազմել էր մինչեւ քսանհինգ հազար դրամ գումար:

Այս հաղորդման ժամանակ, փորձել էին բացատրություն վերցնել Աստղիկից, մորից, սակայն այդ ժամանակ, նա արդեն գտնվում էր հոգեկան առողջության կենտրոնում, ինչի մանրամասներին անդրադարձել էինք, եւ ենթադրյալ սուտ մատնության վերաբերյալ էլ ՀՔԾ քննիչը բավարար տվյալներ ձեռք չէր բերել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

22.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031