Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սիցիլիա՝ առանց շպարի  Իտալիա

Հունվար 23,2020 13:30

Կատանիայի սեւամորթների գետտոյից ու մարմնավաճառներից  մինչեւ բոհեմական Տաորմինա:

Իտալիայի հարավում գտնվող Սիցիլիան ուրիշ Իտալիա է: Կարելի է ասել՝ այն Իտալիա է առանց շպարի, բնական, գեղեցիկ, աղմկոտ, համեղ եւ մատչելի:

Սիցիլիան հայտնի է որպես կոլորիտային քաղաքներով եւ պատմամշակութային հուշարձաններով հարուստ տարածաշրջան: Այն մի ժամանակ մաս է կազմել Սիցիլիական թագավորության:

Սիցիլիայի վարչատարածքային կենտրոնը Պալերմոն է, որի փողոցներում միշտ կարելի է հանդիպել զբոսաշրջիկների, հուշանվերներով լեփ-լեցուն կրպակների ու խանութների, բազմաթիվ ռեստորանների ու սրճարանների:

Ամեն քայլափոխի, այստեղ առաջարկում են ձիով զբոսանք: Ռուջերա Սետտիմո հրապարակում գտնվում է նեոկլասիկ ճարտարապետության լավագույն նմուշներից մեկը՝ Teatro Politeama Garibaldi-ն: Teatro Massimo-ն էլ գտնվում է Վերդիի հրապարակում եւ համարվում է Իտալիայի ամենահայտնի օպերային թատրոններից մեկը: Այստեղ ազդագրերից մեկում նաեւ մեր հայրենակից Ստեփան Սիմոնյանի անվանը հանդիպեցինք:

Պալերմոյի գեղեցկագույն հատվածներից է Պրետորիա հրապարակը, որի զարդը համանուն շատրվան է՝ միֆական կերպարներով: Քանի որ բոլոր քանդակները մերկ են, Պալերմոյի բնակիչների մոտ Պրետորիա շատրվանը ստացել է «ամոթի շատրվան» անվանումը: Վերջինիս հարեւանությամբ էլ 17-րդ դարում կառուցված Սուրբ Կատերինայի տաճարն է:

Քաղաքի պատմական կենտրոնում Բելինիի հրապարակն է, որը նույնպես գեղեցիկ է: Այստեղ երկու չքնաղ կառուց կա՝ Մարտորանա եկեղեցին եւ մզկիթ հիշեցնող Սան Կատալդոն, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է:

Պալերմոյի արվարձաններից Մոնրեալեն պարտադիր այցելելու վայր է: Այստեղ կարելի է գնալ համար 389 ավտոբուսով, դա քեզ մայրենի լեզվով կասի յուրաքանչյուր պալերմոցի, ու կարեւոր չէ, որ դու այդ լեզվին չես տիրապետում: Կասի ու բարեհամբույր ցույց կտա կանգառի տեղը: Ու հենց կանգառում քեզ կմոտենան անհատ տաքսիների բազմաթիվ վարորդներ ու կառաջարկեն 7-10 եվրոյով տանել Մոնրեալե, կփորձեն միմյանցից ուղեւոր գողանալ, «գին գցել»: Մեզ եւս այդպիսի մի տաքսիստ հանդիպեց, որը ողջ ճանապարհին մեր ճաշակով իտալական երգեր միացրեց, հետաքրքրվեց՝ որ երկրից ենք, վերջում էլ սեղմեց բոլորիս ձեռքերն ու ասաց, որ Հայաստանի տեղը չգիտի, բայց հավանել է հայերին: Ինչին իհարկե կասկածեցինք, քանի որ մեքենայում մենք ավելի բարձր էինք խոսում ու ծիծաղում, քան ցանկացած միջին վիճակագրական պալերմոցի:

Մոնրեալե նշանակում է թագավորական լեռ: Ըստ ավանդության, երիտասարդ արքա Վիլհելմ Երկրորդին տեսիլքով երեւացել է Աստվածամայրը եւ հուշել, թե որտեղ են գտնվում հոր գանձերը: Նա էլ խոստացել է հենց այդ վայրում տաճար կառուցել ու կատարել է խոստումը: 12-րդ դարում կառուցված այդ հրաշք տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է: Կատանիան խոշոր սիցիլիական նավահանգստային քաղաք է, այստեղ եւս պատմության շունչ կա, պատերազմների, նվաճողների, անգամ ժանտախտի:

Կատանիան ավելի շատ հայտնի է Էթնայով, որը գործող հրաբուխ է եւ վերջին անգամ ժայթքել է 2013-ին: Կատանիայում յուրաքանչյուր հուշանվերից երկրորդը պատրաստված է Էթնայի լավայից: Կատանիան այլ քաղաքներից ավելի անխնամ է, աղբի մեջ կորած փողոցներով, ամեն անկյունում մուրացկաններ են, թեեւ ասում են՝ Կատանիայում ստեղծվել է բարձր տեխնոլոգիական արտադրություն, եւ այն անվանում են եվրոպական Սիլիկոնային հովիտ: Ի դեպ, 1434 թ. հենց Կատանիայում է բացվել Սիցիլիայի առաջին համալսարանը: Կատանիայում շատ են փախստականները, որոնք տարբեր անկյուններում էժանագին հուշանվերներ են վաճառում:

Կատանիայի Մայր տաճարից ոչ այնքան հեռու գտնվում է անօրինական սեւամորթ ներգաղթյալների գետտոն, որտեղ պատահաբար հայտնվեցինք՝ քաղաքում մի երեկո զբոսնելիս: Պարզվեց, որ այն նաեւ Կարմիր լապտերների թաղամաս է: Հին մասնագիտության տեր կանայք էլ ահավոր տգեղ էին, գեր, ծեր, խռպոտ ձայներով, նրանց կողքին խմբված տղամարդիկ՝ նույնպես: Ընդհանրապես այդ տարածքը առանձնահատուկ հոտ ուներ: Կոնտրաստն ուղղակի շշմեցնող էր, քանի որ մի քանի հարյուր մետր այն կողմ այլ Կատանիան էր՝ գեղեցիկ շենքերով ու լավ հագնված մարդկանցով: Սեւամորթները շատ էին նաեւ քաղաքի կայարանամերձ հատվածում, որտեղ ամեն ինչ մի քանի անգամ էժան էր կենտրոնից: Ընդհանրապես Կատանիան խորհրդավորություն ուներ, հատկապես երեկոները այն ինձ քրեական սերիալներից հայտնի միջավայր էր հիշեցնում, իսկ վատ լուսավորված փողոցները վախ էին ներշնչում:

Սիրակուզան Սիցիլիայի՝ ինձ դուր եկած քաղաքներից մեկն է: Այն նույնպես անվանում են թանգարան՝ բաց երկնքի տակ: Սիրակուզան ոտքով ու սիրած մարդու հետ զբոսնելու քաղաք է: Այստեղ է ապրել ու ստեղծագործել Արքիմեդը: Ցիցերոնի թողած հիշատակություններում Սիրակուզան հիշատակված է որպես գեղեցկագույն քաղաք: Սիրակուզայում է գտնվում Սուրբ Լյուչիայի տաճարը եւ հենց այստեղ կարելի է տեսնել Կարավաջոյի հայտնի «Սուրբ Լյուչիայի թաղումը» գլուխգործոցը:

Բավականին յուրօրինակ քաղաք է Չեֆալուն, որը գտնվում է Սիցիլիայի հյուսիսում: Չեֆալուի Դուոմոյի հրապարակը մշտապես մարդաշատ է: Վիտորիո Էմանուելե փողոցում գտնվում է միջնադարյան լվացքատուն, որը գրավում է զբոսաշրջիկներին: Չեֆալուի խորհրդանիշներից մեկն էլ La Rokka 280 մետրանոց ժայռն է, որի գլխին բարձրանալիս՝ գեղեցիկ տեսարան է բացվում: Չեֆալուն նեղլիկ փողոցներով փոքրիկ քաղաք է, որտեղ քեզ զգում ես միջնադարում:

Ինձ դուր եկավ նաեւ ծովի մակարդակից 206 մետր բարձրության վրա, Տաուրո լեռան լանջին գտնվող Տաորմինա քաղաքը՝ Սիցիլիայի մարգարիտը: Այդպես այս քաղաքը բնորոշել է Մոպասանը, իսկ Գյոթեն այն անվանել է դրախտ: Ոմանք այն անվանում են նաեւ երկրորդ Մոնտե-Կարլո: Ասում են՝ այստեղ հանգստանում է համաշխարհային բոհեմական հասարակությունը, եւ չի բացառվում, որ կարող եք հանդիպել աստղերի: Անձամբ, ինձ բախտ չվիճակվեց նրանց տեսնել: Տաորմինայում բազմաթիվ ռեստորաններ, սրճարաններ, ժայռերի գլխին «բուսած» հյուրանոցներ կան, ու անսահման շատ զբոսաշրջիկներ:

Քաղաքի վերեւում անտիկ թատրոն կա, որը կառուցվել է մ.թ.ա. Երրորդ դարում: Այնտեղ այսօր էլ ներկայացումներ են խաղում, փառատոներ կազմակերպում: Քաղաքի մշակութային կենտրոնը համարվում է «Ապրիլի 9-ի» հրապարակը, որտեղ ամենաշատն են փողոցային երաժիշտները, դերասանները, նկարիչները:

Քաղաքի կենտրոնում է գտնվում նաեւ XVII դարի մի շատրվան, որը կին-կենտավրի տեսք ունի: Իսկ զբոսաշրջիկների լուսանկարվելու ամենասիրելի վայրերից մեկը Stretto նեղլիկ փողոցն է: Տաորմինայի Palazzo Corvaja-ում, որ կառուցվել է արաբական ամրոցի ավերակների վրա, ժամանակին առաջին անգամ իր նիստեր է հրավիրել Սիցիլիական խորհրդարանը:

Տաորմինան հայտնի է նաեւ նրանով, որ 2017 թ. այստեղ է կայացել Մեծ Յոթնյակի գագաթաժողովը:

Ընդհանրապես Սիցիլիա այցելությունը ուրիշ լիցքեր է պարգեւում, ու այն արժանի է քաղաք առ քաղաք բացահայտելու, քանի որ շաբլոն Իտալիա չէ:

Սիցիլիան կարոտելու վայր է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Պալերմո-Կատանիա-Սիրակուզա- Չեֆալու- Տաորմինա- Երեւան
 Լուսանկարները՝ հեղինակի:

«Առավոտ» օրաթերթ
22.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031