Դատարանները հաշվի չեն առնում, որ հայցվորը տարեց է եւ հարցը հրատապ լուծում է պահանջում
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Էրեբունու նստավայրի դատավոր Դիանա Հարությունյանը 81-ամյա կնոջ՝ Լենա Ավետիսյանի հայցադիմումը վարույթ է ընդունել անցյալ տարվա սեպտեմբերին՝ ինչպես տեղականում ենք «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգից, բայց չորրորդ ամիսն է լրանում, նիստի օրը չի նշանակվում:
Լենա Ավետիսյանի հայցը կենսական նշանակության է, խմելու եւ կենցաղային հարցերը լուծելու ջրի խնդրով: Բայց աչքը «ջուր է կտրել», գործն այդպես էլ դատարանը չի քննում:
Այո, մեր երկրում դատարանները գերծանրաբեռնված են աշխատում: Այս մասին փաստում են նաեւ մեր երկրի արդարադատության պատասխանատուները՝ որպես պատճառ նշելով աշխատակազմի նյութատեխնիկական, շենքային պայմանների ապահովման հարցը, էլեկտրոնային արդարադատության ինստիտուտի բացակայությունը, հաշտարարության, այսինքն՝ վեճերն արտադատարանական կարգով լուծելու ինստիտուտի ոչ բավարար չափով ներդրված լինելը եւ այլն:
Սակայն սրանք ժամանակ պահանջող գործընթացներ են, որոնք կամ կլուծվեն, կամ՝ չէ, բայց քաղաքացին, որն արդեն բոլորել է իր կյանքի ութ տասնամյակը, չի կարող սպասել՝ մինչեւ՝ օրերից մի օր դատարանը գործը կլսի: Հաշվի առնելով հայցվորի տարիքը, բարձրացրած խնդիրը, դատարաններն առնվազն այսպիսի հարցերը պետք է արտահերթ կարգով քննեն:
Կարդացեք նաև
Այնքան ջուր է կրել, ձեռքերը ցրտահարվել ու ջլատվել են
Տարեց կնոջ գործը չէր էլ հասնի դատարան, եթե ոստիկանությունը, Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցները, որոնք աշխատավարձ են ստացել հենց նույն կնոջ՝ երկար տարիներ վճարած հարկերից, պատշաճ ապահովեին Լենա Ավետիսյանի՝ ջուր ունենալու իրավունքը: Մեծահասակ կինը, որն անժառանգ է եւ միայնակ, 24 տարի է առանց ջրի է:
Բնակարանը ջուր անցկացնելուն խոչընդոտում է տակի հարեւանը: Բոլոր մարմինների թույլտվությունը ձեռքին, տիկին Լենային ո՛չ ոստիկանությունն է օգնում, ո՛չ քաղաքապետարանն ու վարչական շրջանի պատասխանատուները:
«Այնքան ջուր եմ կրել՝ ուժասպառ եմ եղել, էլ չեմ կարողանում, աողջությունս ու տարիքս չի ներում»,-ցույց տալով տարիների ընթացքում ցրտահարված ու ջլատված ձեռքերը՝ «Առավոտի» հետ զրույցում ասում է տիկին Լենան:
Նրա խոսքով, եթե տարիներ առաջ, գոնե կենսունակ էր, կենցաղային խնդիրները հոգալու, խմելու համար կարողանում էր ջուր կրել, հիմա արդեն ուժերը տեղի են տվել: Կինն ի վիճակի չէ ծանր դույլերը բարձրացնել: Ջրի խնդիրը մաշեցրել է կնոջը:
Տարեց կնոջ բնակարանում ցուրտ էր, բայց միեւնույն է՝ ամեն ամիս թոշակից 2 հազար դրամ ինքնակամ վճարում է զինվորների հիմնադրամին
Նա բնակվում է Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 18 հասցեում գտնվող հանրակացարանի շենքում: Այս հանրակացարանը նախկինում պատկանել է «Կանազ» գործարանին, սակայն 25 տարի առաջ գործարանի հաշվեկշռից դուրս է եկել: 1980 թվականին գործարանն այն իրացրել է եւ հիմնական բնակիչներին վերաբնակեցրել: Լենա Ավետիսյանն այստեղ է տեղափոխվել 1987 թվականին:
Տիկին Ավետիսյանը մեկ այլ հիմնարկում տան համար հերթագրված է եղել եւ բնակվելու տեղ չունենալու պատճառով, այս հանրակացարանում ապրելով, սպասել է իր բնակարանին: Սակայն խորհրդային կարգերի փոփոխման հետեւանքով տունն այդպես էլ չի ստացել եւ մնացել է հանրակացարանում` առանց ապրելու համար բարվոք պայմանների: Շենքը չորրորդ կարգի վթարային է:
Սենյակում, որտեղ տարեց կինն է ապրում, մեր այցելության պահին բնակվելու համար բավականին ցուրտ էր:
Չնայած իր այդ պայմաններին, տիկին Լենան իր թոշակից ամեն ամիս գումար է վճարում զինվորների հիմնադրամին: Թոշակները ավելանալուց հետո այդ թիվը կրկնապատկել է: Ասում է՝ ոչինչ, թող մի բան պակաս լինի, բայց զինվորը՝ ապահովված:
Թոշակով գնած լվացքի մեքենան 4-5 տարի է անշարժ գույք է
Ջրի բացակայության պատճառով չի կարողանում օգտագործել նաեւ թոշակից կոպեկ-կոպեկ հավաքած ու գնած լվացքի մեքենան, որն արդեն, նրա համոզմամբ, անգործությունից փչացել է:
Դիմացի խորդանոցում կինն իր համար որոշակի հարմարություններ է ստեղծել, որպեսզի գոնե լվացվելու հարցերը լուծի, բայց անգամ դրա համար ջուրը պետք է կրի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.01.2020