Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բաքուն հիասթափված է, Մոսկվան «առարկայական զրույց» է ակնկալում Արցախի շուրջ

Հունվար 23,2020 12:00

ԼՂ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը սպասվում է այս ամսին։ Դրա մասին ակտիվորեն հիշեցնում է Ադրբեջանի արտգործնախարարը: «Երեկ Կասպրչիկի հետ քննարկել եմ այս թեման: Համանախագահներն առաջարկում են տարեսկզբին հանդիպում անցկացնել, Ադրբեջանն էլ համաձայն է բանակցությունների շարունակմանը»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Արտգործնախարարների հանդիպման տեղն ու ժամկետները դեռեւս հայտնի չեն:

Օրեր առաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժերի առկայության մասին: ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված՝ լրատվամիջոցների հարցերին տրված պատասխաններում, որոնք նախապատրաստվել, բայց չեն հնչել 2019-ին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված ՌԴ ԱԳ նախարարի՝ Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսի ընթացքում, ասվում է. «Տեղաշարժեր կան «փոքր քայլերի» իրականացման հարցում, որոնց շուրջ ԱԳ նախարարները պայմանավորվել են 2019-ի ապրիլին Մոսկվայում հանդիպման ժամանակ, զարգացնելու 2019-ի մարտին Վիեննայում Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները: Իրադրությունը սահմանում եւ շփման գծում հարաբերականորեն հանգիստ է: Երեւանի եւ Բաքվի միջեւ կապի թեժ գիծ է գործում: Կարծում ենք, որ այս ամենը վկայում է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու՝ կողմերի մտադրության մասին: Սակայն կարգավորման բովանդակային հարցերի շուրջ առաջ շարժվել առայժմ չի հաջողվել»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ում՝ կողմերի միջեւ առարկայական զրույցի վերականգնման հույս հայտնելով:

Անցած տարին ԼՂ հակամարտության կարգավորման համար բավական ակտիվ տարի էր: Այդ ակտիվությունն, ըստ ամենայնի, կպահպանվի նաեւ այս տարի:

Նոյեմբերի կեսին՝ Հայաստանում 2018թ. իշխանափոխությունից հետո առաջին անգամ Հայաստան ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուշագրավ հայտարարություններ արեց՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով, վստահեցնելով, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության եւ հավելելով, թե Հայաստանը պարզապես այն չի ստորագրի:

Լավրովն ու Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններից հետո հանդիպել էին լրագրողներին: Արձագանքելով հարցին, թե Մոսկվան ինչպես է վերաբերվում Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին Երեւանի առաջարկին՝ Սերգեյ Լավրովը հիշեցրել էր, որ Հայաստանի նախկին նախագահներից մեկի ջանքերի շնորհիվ էր, որ Ստեփանակերտը դուրս մնաց բանակցություններից. «Բանակցությունների մասնակիցների կազմը պետք է համաձայնեցնեն ու սահմանեն իրենք՝ բանակցությունների կողմերը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ տարվող քննարկումների, հետագայում՝ բանակցությունների վաղ շրջանում, երբ դադարեցվեցին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը համապատասխան պայմանավորվածությունների ու բանակցությունների մասնակից էր, որոնք հաջորդեցին կրակի դադարեցմանը:

Ինչ-որ մի փուլում Հայաստանի ղեկավարությունը, նախկին նախագահներից մեկը որոշում կայացրեց, որ Ղարաբաղի շահերը կներկայացնի Երեւանը: Ցանկացած պարագայում մենք, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, առաջ մղելով այս գործընթացը՝ կարող ենք միայն հետամուտ լինել, որ այն ընդհանուր համաձայնության հունով գնա: Բոլորի համար հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, բնակչության համաձայնության, որեւէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձեւակերպել: Հայաստանը պարզապես այն չի ստորագրի: Մենք ելնում ենք սրանից: Խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին՝ ցանկանում եմ նշել այն, ինչ այսօր մեր հանդիպմանը ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց իր հրապարակային հայտարարությունը, թե եզրափակիչ պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն եւ՛ Հայաստանի, եւ՛ Ղարաբաղի, եւ՛ Ադրբեջանի շահերը: Դժվար է վիճել այս մոտեցման հետ»:

Դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում էր: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանն անդրադառնալով ղարաբաղյան գործընթացին, նա շեշտել էր, որ պաշտոնական Մոսկվան շահագրգռված է, որ իրագործվեն վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ պայմանավորվածությունները: «Մենք շահագրգռված ենք, որ իրագործվեն Վիեննայի գագաթնաժողովին ձեռք բերված եւ Մոսկվայում նախարարների հանդիպմանը վերահաստատված վստահության ամրապնդման միջոցառումների մասին պայմանավորվածությունները»,- ասել էր Լավրովը՝ հավելելով, թե այդ պայմանավորվածություններն աստիճանաբար իրագործվում են, եւ հույս հայտնելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկայում կայանալիք հանդիպումը կհամախմբի այդ գործընթացը:

Լավրովն Ալիեւի հետ հանդիպմանը նկատել էր նաեւ, թե երկարաժամկետ քաղաքական կարգավորման հետ կապված դեռ շատ բան կա անելու, եւ միաժամանակ նշել էր. «Ես բացարձակապես պաշտպանում եմ Ձեր այն թեզը, որ պետք է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է երկու կողմերի հաստատած հիմնարար սկզբունքներին՝ ամրագրված ՄԱԿ-ի Կանոնադրությունում եւ Հելսինկյան եզրափակիչ ակտում»:

Այսպես, պաշտոնական Մոսկվան՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կողմերին աջակցելը՝ առաջնային խնդիր է համարում Ռուսաստանի արտաքին քաղաքականության օրակարգում: Անցյալ ամիս ՌԴ ԱԳՆ-ն շեշտեց, որ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում է:Տարեվերջին պաշտոնական Բաքուն, կարելի է ասել, քարոզչական լուրջ աշխատանք տարավ՝ ցույց տալու համար, որ բանակցությունները Հայաստանի հետ Ադրբեջանի համար ցանկալի արդյունքը չեն տվել: Ադրբեջանի իշխանությունները մթնոլորտ են ձեւավորել, թե իրենց երբեմնի հույսերը չեն արդարացել: Նրանք, կարծես, հասկացնել են տալիս, թե 2018թ. գարնանից հետո Ադրբեջանի իշխանությունների համբերությունը սպառվել է եւ իրենք հիասթափված են:

Դեկտեմբերի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ամփոփելով տարին, հայտարարեց՝ 2019թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում լուրջ առաջընթաց չի արձանագրվել։ «Կարծում եմ, դա պայմանավորված է մի քանի պատճառներով` Հայաստանի իշխանությունների ոչ կառուցողական դիրքորոշումը, միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի վրա բավարար ճնշման բացակայությունը»,- լրատվամիջոցների հետ զրույցում պարզաբանել էր Ադրբեջանի ղեկավարը:

Նա նաեւ հավելել էր, թե Հայաստանի ղեկավարության «հակասական եւ անպատեհ» հայտարարությունները եւս բացասաբար են անդրադարձել բանակցային գործընթացի վրա. «Հայաստանի իշխանությունները հայտարարում են այն մասին, որ Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ վարի: Անհեթեթություն է: Այսօր Լեռնային Ղարաբաղում զինծառայողների 90 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են, այդ իսկ պատճառով բանակցություններն ընթանում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ», նշել էր Իլհամ Ալիեւը՝ եզրափակելով.- «2019-ին բանակցությունների ձեւաչափը մնացել է անփոփոխ՝ չնայած Հայաստանի կողմի այն փոխելու բոլոր փորձերին: Կարծում եմ, որ դա մեր դիվանագիտական հաջողությունն է»։

Իլհամ Ալիեւը հերթական անգամ շեշտել էր, թե՝ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է», հետեւաբար, կարգավորման հարցում առաջնայինը տարածքային ամբողջականությունն է. «Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է, հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման սկզբունքով»: Իսկ տարեսկզբի ուղերձում անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորմանը՝ Ալիեւը պնդել է, թե Բաքվի դիրքորոշումը չի փոխվել. «Ղարաբաղը պատմական ադրբեջանական հող է, եւ բոլոր միջազգային նորմերով՝ Ադրբեջանի անքակտելի մասը: Ադրբեջանի տնտեսական հզորությունը, ռազմական ուժը, ժողովրդագրական աճը ամրապնդում են մեր դիրքերը: Ես վստահ եմ, որ կգա այն օրը, երբ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»:

Դեկտեմբերի վերջին Երեւանում կայացած Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին շեշտեց Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածության ապահովումը. «Անցած ամիսների ընթացքում այդ ներգրավվածության ավելացման անհրաժեշտության ընկալումն էականորեն ամրապնդվել է: Այս տեսակետից արդյունք են տվել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իշխանությունների իրականացրած քայլերը: Կարեւոր է, որ այդ քայլերն արտահայտել են օբյեկտիվ իրականությունը, որն ստեղծվել է տարածաշրջանում Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո»: Ապա՝ նա հավելել էր. «Հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր հիմնարար փաստաթղթերը կամ ներառում են Արցախի ընտրված իշխանությունների մասնակցության հղում, կամ հաստատվել են Արցախի ընտրված իշխանությունների ներկայացուցիչների կողմից»: Նա վստահեցրել էր, որ Հայաստանը կշարունակի հանդես գալ որպես Արցախի համապարփակ անվտանգության երաշխավոր եւ այս տեսակետից իր երախտագիտությունը հայտնել Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ Արցախի ժողովրդավարական գործընթացներին սատարելու համար:

«Կարեւոր է, որպեսզի ադրբեջանցի լրագրողներն այցելեն Հայաստան եւ Արցախ, իսկ հայաստանցի եւ արցախցի լրագրողները լինեն Ադրբեջանում եւ ի վերջո կարողանան աշխատել իրար հետ: Տարբեր առիթներով ես այս տարվա ընթացքում մատնանշել եմ, որ առանց Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի ակտիվ ներգրավման եւ համաձայնության հնարավոր չէ հասնել կայուն խաղաղության եւ հաշտեցման: Հուսանք, որ այս ծրագիրը սկիզբ կդառնա ժողովուրդների խաղաղության նախապատրաստման եւ հաշտեցման համար», հավելել էր Փաշինյանը:

Նա, այնուհետեւ, հարկ էր համարել ընդգծել, որ ՀՀ կառավարությունը կարգավորման առումով որդեգրել է կառուցողական դիրքորոշում. «Արցախի հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Այս սկզբունքը հայտարարելով՝ ես հույս ունեի, որ Ադրբեջանի նախագահը հանդես կգա համանման հայտարարությամբ, ինչը բանակցային գործընթացում էական առաջընթաց ապահովելու մեծ հնարավորություններ կբացի:

Ցավոք, սակայն, մենք մինչեւ օրս Ադրբեջանի ղեկավարի կողմից նման հայտարարություն չենք լսել եւ կարծում եմ՝ հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ բոլոր միջազգային կառույցներն ու գործընկերներն իրենց առաջ խնդիր պիտի դնեն քաջալերել Ադրբեջանի նախագահին՝ հանդես գալ նման հայտարարությամբ, համաձայնվել հասկանալի եւ տրամաբանական բանաձեւի հետ, որովհետեւ այն ընկալումը, թե հակամարտության կարգավորման սցենարը պետք է բավարարի կողմերից մեկի պատկերացումները եւ արհամարհի մյուս երկու կողմերի պատկերացումները, բանակցային գործընթացում տեղապտույտ են ստեղծելու»:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 22.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031