Լրահոս
Օրվա լրահոսը

16 ամյա աղջկան խեղդելու մեջ մեղադրվողը պատմել է հորը՝ ինչու է ինքնախոստովանականը գրել

Հունվար 22,2020 23:13

16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանի հայրը՝ Արա Սուքիասյանը որդու հետ տեսակցել է, հետաքրքրվել՝ ինչու է ինքնախոստովանական գրել, եթե պնդում է՝ ինքը չի կատարել սպանությունը:

«Որդուս հետ տեսակցություն եմ ունեցել, հավաստիացել եմ, որ ինքը մեղք չունի, իր մեղքը չի ընդունել դատարանում, բայց այդուհանդերձ կալանավորել են: Կալանքի մասին որոշումը կատարվել է ոստիկանությունում սարքված ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա: Ես որդուցս հարցրի՝ եթե դու չես արել, դու գիտես, որ գլխիդ մեղադրական բեռ ես վերցնում, ինչու գրեցիր ինքնախոստովանական ցուցմունքը, ինքը խոսեց իր վրա գործադրված ճնշումների մասին, որոնք սկսվել են բերման ենթարկելու պահից:

Նախ` ինքը վախեցել է, երբ որ քաղաքացիական հագուստով մարդիկ իրեն առեւանգել են փողոցից, նստեցրել են մեքենան, ինչքան տեղեկացա, մեքենան եղել է վրացական համարներով, կամ գուցե ինքը ուրիշ բան էր ասում, ես լավ չեմ ընկալել: Քաղաքացիական մեքենա է եղել, քաղաքացիական հագուստով մարդիկ չեն ներկայացել, որդուս նստեցրել են մեքենան, երբ որդիս պնդել է՝ ովքեր են, իրեն ուր են տանում, վարորդը մեջքով թեքվել ու հարվածել է տղայիս դեմքին, կողքինը նսեմացնող հայհոյանք է ուղղել որդուս՝ հարցնելով՝ հիմա հասկացա՞ր, ովքեր ենք մենք: Ստացվում է՝ ոստիկանությունը ներկայանալու նոր մեթոդ է կիրառում:

Ոստիկանությունում որդիս եղել է հոգեպես ճնշված վիճակում, իրեն ինչ ասել են, ինքը ասել է հա, ասել են գրի այսպես, ինքը գրել է: Ցուցմունքը տվել է առանց պաշտպանի ներկայության, հետո իրեն տարել են հանցանքի վայր՝ տեղազննության ու կրկին առանց պաշտպանի: Նման տեղազննությունն առանց պաշտպանի համարում եմ ճանաչողական էքսկուրսիա, որ որդիս նախապատրաստվի դատարանում հաստատել այն, ինչ գրել է ինքնախոստովանական ցուցմունքում, դրա համար իրեն տարել են այդ տեղը ցույց տալու»,-Aravot.am-ին պատմեց 16 ամյա աղջկա սպանության համար մեղադրվողի հայրը՝ Արա Սուքիասյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին, ժամը 23:10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Սայաթ- Նովայի պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում
աղջկա դի կա: Սպանությունը կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՊՆ ծառայող Ռաֆայել Սուքիասյանին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031