Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով անդրադարձավ Ամանորի տոնական միջոցառումների համար կառավարության՝ Երեւանի քաղաքապետարանին հատկացրած 271 միլիոն դրամ գումարին եւ այդ ծախսից ստացված արդյունքին:
Փաշինյանն ասաց, որ 2019 թվականի դեկտեմբերի 28-ից մինչեւ 2020 թվականի հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ դրամաշրջանառություն է եղել: Այսինքն՝ ըստ նրա, 271 միլիոն հավելյալ ծախսելով 9 միլիարդ դրամից ավելի դրամաշրջանառություն է եղել, որից մոտ 4 միլիարդը տեղի է ունեցել ՀՀ մարզերում:
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը կարծում է, որ վարչապետի հրապարակած 9 միլիարդ թիվը ոչ մի բանի մասին էր:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սահակյանն ասաց. «Եթե պարզենք, թե որքան է ընդհանուր առեւտրաշրջանառությունը եւ պարզվի, որ այդ 9-ը միլիարդը դրա մեկ տոկոսն է, ապա, ըստ էության, կարելի է ասել, որ ոչ մի բան չի փոխվել նախորդ տարվա համեմատությամբ, որովհետեւ դա հենց ինֆլյացիան է, որը մեկ, մեկից ավել տոկոս է եղել: Այսինքն՝ ինչքան ինֆլյացիան է եղել, այդքան պիտի ավելանար այսպես թե այնպես»:
Հիշեցնենք, որ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ճիշտ կլիներ «հանրային հաշվետվության տեսքով հանրությանը ներկայացնել, որ էսքան ծախսեցինք, էսքան տուրիստ եկավ, ծախսը փակվեց՝ չփակվեց»։
«Երբ Բրեգովիչի համերգի կազմակերպման համար ծախսված գումարի վերաբերյալ քննադատություն կար, կառավարությունն ու Երեւանի քաղաքապետարանը հակադարձում էին, որ տուրիստներ են գալու, գումարը չի մսխվելու, այլ բազմապատկվելու ու վերադառնալու ա տնտեսություն։ Շատ լավ։ Էն երեւույթից հետո, երբ Թիֆլիսը Երեւան հրավիրող պաստառներով էր ողողված, բայց, չգիտես ինչու, սահմանին հերթեր էին գոյացել ոչ թե Հայաստան գալու, այլ Վրաստան գնալու համար, դրա արդյունավետության վերաբերյալ կասկածներ առաջացան»,-գրել էր Սուրեն Սահակյանը։
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում, պարոն Սահակյանն ասաց, որ ինքն, ընդհանրապես, հարց էր բարձրացրել, թե քանի հոգի է եկել, որպեսզի ըստ դրա էլ կարողանայինք ինքներս հաշվարկ անել, թե ինչքանով էր արդյունավետ: «Ոչ թե ինչքան փող է ծախսվել ավել, այլ որքան մարդ է եկել: Որովհետեւ ասում էին՝ տուրիստների հոսք է լինելու,իսկ տուրիստների հոսք չկար: Վարչապետն ընդհանրապես ասաց, որ 9 միլիարդ է ծախսվել, բայց այդ 9 միլիարդը կարող էր այսպես թե այնպես ծախսվեր՝ առանց Բրեգովիչի համերգի, առանց այդ 271 միլիոն դրամի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ