«Միանշանակ, պետք է անցնենք սպանդանոցային համակարգի: Բացի առողջապահական խնդրից, այն երկրի վարկանիշի հարց է»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սպանդանոցների խնդրին:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ հունվարից ՀՀ-ում սպանդանոցային մորթը պարտադիր է: Փաշինյանը նախ փաստեց, որ ընթացիկ վիճակից բողոքողների փաստարկները հիմնավոր են. «Սպանդանոցների բավարար խտություն եւ քանակ չունենք այս պահին, որովհետեւ անընդհատ այս որոշումը հետաձգում ենք: Նրանք, ովքեր մտադիր են ներդրում անել, վերջին մեկ տարում երկու անգամ հետաձգում արել ենք, մարդն էլ մտածել է՝ կարո՞ղ է սպանդանոց կառուցեմ, իսկ կառավարությունը չեղյալ անի որոշումը: Ունենք սիրելի հայրենակիցներ, որոնք ներդրում են արել եւ սիրելի հայրենակիցներ, որոնք բողոքում են»:
Փաշինյանը վստահեցրեց՝ կառավարությունը պատրաստ է քայլ ձեռնարկել. «Մինչեւ փետրվարի վեցը կդիտարկի սուբսիդավորող ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման եւ տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ: Առավել հասցեական կֆինանսավորենք այն ծրագրերը, որոնք լուծելու են սպանդանոցների տեղակայման եւ հասանելիության խնդիրները: Եթե մեր բողոքող հայրենակիցների համար ընդունելի է, որ մինչեւ հուլիսի մեկը աշխատենք, իսկ դրանից հետո այս թեմային էլ չենք անդրադառնալու… պատրաստ ենք նաեւ այլ առաջարկներ լսել մինչեւ փետրվարի վեցը: Հուլիսի 2-ից այս թեմային էլ չենք վերադառնալու ոչ մի պատճառով: Եթե մեր այս առաջարկն ընդունելի է, պատրաստ ենք սկսել դրանք անել՝ սուբսիդավորում եւ մինչեւ հուլիսի մեկը հետաձգում՝ բացառությամբ սուպերմարկետների եւ հանրային սննդի ցանցի»:
Վարչապետը հավելեց, որ ասֆալտի վրա կամ այլ հակահիգիենիկ պայմաններում միս վաճառելը ՀՀ-ում պետք է բացառվի:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ