Լրագրող՝ Բինսալ Աբդուլկադեր
Հարց – Պարոն նախագահ, Ձեր տպավորությունները «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումից։
Նախագահ Սարգսյան – Երկրորդ անգամն է, որ մասնակցում եմ այս շատ կարևոր միջոցառմանը: Առաջին անգամ անցյալ տարի էր, որի ընթացքում հանդես եկա ելույթով, քննարկումներ ունեցա տարբեր մարդկանց հետ, խոսեցինք, թե համաշխարհային մակարդակում ինչ է արվում կայունություն ապահովելու համար:
Կարծում եմ՝ մեր կյանքում կայունությունը շատ կարեւոր դեր ունի: Կայունությունը միայն շարունակականություն կամ հաստատունություն ապահովելը չէ։ Այն նաև պետք է զարգացում ներառի: Գործարար կամ այլ ոլորտում կայուն միջավայր ապահովելու համար չկա այլ ճանապարհ, քան ինքնազարգացումը:
Կարդացեք նաև
Նոր, արագ փոփոխվող, անորոշ, անկանխատեսելի աշխարհում կայունությունը խճճված և բարդ է: Ներկայում մենք պետք է կայունությունը դիտարկենք զարգացման, աճի, ինչպես նաև հնարավորությունների ստեղծման տեսանկյունից:
Կայունությունը կլիմայական փոփոխությունների, բնության հետ կապված հարցերում պետք է դիտարկել նախկինում արված գործողությունների, բնությանն ավելի քիչ վնաս պատճառելու համատեքստում: Երեք մեծ արդյունաբերական հեղափոխություններն ամբողջ աշխարհում մեծ ներազդեցություն են ունեցել կլիմայի փոփոխության վրա, ինչպես նաեւ բնությանը վնաս հասցնելու գործում: Սկզբում մենք այրեցինք փայտը, նավթը, գազը՝ էներգիա ստանալու համար: Այնուհետև մենք ստեղծեցինք էլեկտրականությունը՝ կրկին այրելու միջոցով, հետո հայտնաբերեցինք համակարգիչները, որի արդյունքում շատ նոր միջին օղակի աշխատեղեր ստեղծվեցին՝ որոշակիորեն նվազեցնելով էներգիայի պահանջարկը: Էներգիան և այրվող էներգիան ստեղծեցին այն միջավայրը, որում ենք ապրում ենք այսօր: Այժմ բնությունը, կլիման պաշտպանելու համար կրկին օգնության են հասնում տեխնոլոգիաները: Դրանց շնորհիվ մենք կարողանում ենք էներգիա ստանալ արևից և քամուց, որն այսօր ավելի մատչելի է, քան 10, 20 տարի առաջ էր: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ աշխարհն ավելի արդյունավետ կօգտագործի էներգիան, կլինեն փոքր սարքեր, որոնք ավելի քիչ էներգիա կսպառեն: Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ մենք կարող ենք մեղմացնել բնությանը վնաս հասցնելու միտումը այն տեխնոլոգիաների միջոցով, որոնք մենք այսօր օգտագործում ենք մեր ամենօրյա կյանքում։ Ինչ-որ առումով պետք է վերանայենք և վերակառուցենք այն բնական պայմանները, որում մեր նախնիները ապրել են հարյուր հազարավոր տարիներ առաջ:
Երբ մտածում եմ կայունության մասին, մտածում եմ նաև մշակույթի, մեր բարոյական արժեքների, երեխաներին կրթելու մեթոդների կայունության մասին: Մենք պետք է ամբողջովին փոխենք մեր երեխաներին կրթելու ձևերը, քանի որ նրանք այսօր շատ ավելի տեղեկացված, արագ են և իրենց կյանքի մեծ մասը անցկացնում են վիրտուալ տարածքում: Մենք պետք է նոր մոտեցումներ գտնենք, զարգացնենք, նորարարական լուծումներ առաջարկենք՝ կրթությունը կայուն դարձնելու համար: Կայունությունն իր մեջ շատ բաղադրիչներ է պարունակում:
Վերադառնալով իմ մասնակցությանն այս համաժողովին՝ կարող եմ նշել, որ ինձ համար հաճելի էր ներկա գտնվել այստեղ, հանդիպել, քննարկումներ ծավալել երիտասարդների, որոնք մեր ապագան են: Քննարկում կար նաև գենդերային հավասարության կայունության վերաբերյալ, որը շատ երկրներում բավական կարևոր խնդիր է: Կարծում եմ՝ գենդերային հավասարության ապահովումը հաջողության հասնելու մեկ այլ բանալի է: Ամբողջ աշխարհում կանանց մեծամասնությունը հիմնականում ներգրավված չէ հետազոտության, զարգացման, նորարարության ոլորտներում, այն դեպքում, երբ նրանք ունեն բոլոր հմտությունները, շատ ավելի կայուն են, կարողանում են մեր ընտանիքները կայուն և հաստատուն պահել:
Հարց – ԱՄԷ-ն հակված է գենդերային հավասարությանը: Կարո՞ղ են երկու երկրները համատեղ աշխատել այս ուղղությամբ:
Նախագահ Սարգսյան – Կարծում եմ, որ մենք կարող ենք աշխատել միասին, փորձի փոխանակման միջոցով բացահայտել միմյանց ձեռքբերումներն այս ոլորտում: Անկեղծորեն տպավորված եմ այստեղ տեսնել այդքան երիտասարդ կանանց, որոնք աշխատում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, կառավարությունում: Սա խոսում է այն մասին, որ դուք կարողանում եք կայուն կերպով ավելի շատ կանանց ներգրավել տարբեր աշխատանքներում՝ միաժամանակ, պահպանելով մշակութային, ավանդական, կրոնական արժեքները: Այսինքն, հնարավոր է ավելի շատ ներգրավվածություն ապահովել՝ առանց քանդելու այն կերտվածքը, որ հարյուր հազարավոր տարիներ առաջ եղել է երկրի մշակույթում, ավանդույթներում և կրոնում:
Հարց – Այստեղ ունեցած հանդիպումների ժամանակ քննարկումներ են եղել էներգիային, նոր տեխնոլոգիաներին, սննդի անվտանգությանը վերաբերող ոլորտների շուրջ: Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր առաջնահերթություններն այս առնչությամբ:
Նախագահ Սարգսյան – Այդ ոլորտներն էական են բոլորի համար: Հայաստանը չունի նավթ, գազ, բայց հարուստ է արևով, քամով: Անցյալ տարվա մեր համագործակցության արդյունքում մենք ունենք լավ արդյունքներ՝ «Մասդար» ընկերությունը Հայաստանի հետ ստորագրել համաձայնագիր՝ մեր երկրում 400 մեգավատտ ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր մշակելու վերաբերյալ: Սա առաջին քայլն է այս ոլորտում մեր հետագա համագործակցության համար:
Մենք դիտարկել ենք նաև կրթական և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Հայաստանը ավանդաբար ունեցել է կրթության, գիտության բարձր մակարդակ և այսօր իր տեսլականը կառուցում է բարձր տեխնոլոգիաների համատեքստում:
Սննդի անվտանգությունը ևս շատ կարևոր ոլորտ է բոլորի համար: Խոսքը միայն ուտելիքի որակի անվտանգ, առողջ լինելու մասին չէ, այլ նաև, թե ինչպես կարող է պետությունը կայուն ապագա ապահովել այս փոփոխվող աշխարհում: Կլիմայի փոփոխություններով պայմանավորված՝ ջրի սակավություն է լինելու, և մենք պետք է ապագայի համար ապահովենք այն պայմանները, որ մեր բնակչությունը կարողանա լավ և ճիշտ սնվել: Սա խնդիր է շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, ԱՄԷ-ի համար: Հայաստանում կան լեռներ, բարձրորակ ջրի մեծ պաշարներ, մենք նաև արտադրում ենք որակյալ սնունդ և բանջարեղեն: ԱՄԷ-ն իր պարենի մեծ մասը ներկրում է արտերկրից: Ուստի մեր համագործակցությունը հնարավոր է, և մենք պետք է նախանշենք, թե ինչ կարող ենք անել միասին:
Հարց – Խնդրում եմ հակիրճ ներկայացնել ATOM նախաձեռնությունը։
Նախագահ Սարգսյան – Սա երազանքի ծրագիր է, որը նախագահական նախաձեռնություն է: Այն այսօր իրականություն դառնալու ընթացքում է, քանի որ մի շարք ընկերությունների հետ արդեն իսկ համագործակցության համաձայնագրեր ենք ստորագրել:
Այս նախաձեռնությունը մեզ դեպի ապագա տանելու հնարավորություն է ընձեռելու: Այն բաղկացած է լինելու երեք մասից: Առաջինը լինելու է զվարճանքի այգի՝ ապագայի, արհեստական բանականության, թե ինչպիսին է աշխարհը լինելու 20, 30 կամ 50 տարի հետո։ Եւ երբ երեխաներն այցելեն այդ այգի, կբացահայտեն, թե ապագայում ինչպիսի տեսք է ունենալու այն ամենը, ինչն այսօր շրջապատում է իրենց: Այս կերպ կփորձենք նրանց պատրաստել ապագային, սովորեցնել այն հմտությունները, որոնց անհրաժեշտությունը կունենան ապագայում: Այն ունենալու է պլանետարիում, ինչպես նաև Վաղվա թանգարան:
Նախաձեռնության երկրորդ մասը լինելու է գիտական՝ մեծ համաշխարհային ընկերությունների ներգրավմամբ: Հույս ունենք, որ նրանք իրենց սեփական լաբորատորիաները կստեղծեն Հայաստանում՝ արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման ոլորտներում: Երրորդ մասը կրթական հարթակին և ծառայություններին է վերաբերելու: Ընդհանուր առմամբ, այն լինելու է ապագայի փոքր քաղաք, որտեղ երիտասարդները կարող են պատկերացում կազմել, թե որտեղ են ցանկանում լինել ապագայում:
Հարց – Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Ի՞նչ եք կարծում՝ ԵԱՏՄ-ն ինչքանո՞վ է օգտագործել իր ներուժը:
Նախագահ Սարգսյան – Յուրաքանչյուր միություն ունի խճճված պատմություն, որտեղ կարող են լինել տարբեր խնդիրներ՝ կապված շահերի, համապատասխան ներդաշնակ մթնոլորտի ձևավորման հետ: Եվրասիական տնտեսական միությունն այսօր կարող ենք հաջողված համարել, քանի որ, ի թիվս այլ ձեռքբերումների, այլ երկրների կողմից հետաքրքրություն է նկատվում միանալ և համագործակցել միության հետ: Մի շարք երկրներ ազատ առևտրի մասին համաձայնագիր են ստորագրել, այդ թվում՝ Սինգապուրը, Իրանը: Սա խոսում է այն մասին, որ միությունը գործում է: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է և, միաժամանակ, Եվրոպական միության հետ ստորագրել է համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիր: Այդպիսով, մենք յուրահատուկ դիրք ունենք՝ խորը հարաբերություններ ունենալով ԵՄ-ի հետ և հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, ինչ-որ առումով կամուրջ դառնալով Եվրասիայի և Եվրոպայի միջև: Սա մեծ առավելություններ է ստեղծում բոլոր նրանց համար, ովքեր մտածում են Հայաստանում բիզնես գործունեություն իրականացնելու մասին:
Հարց – Հայաստանի հարաբերությունները Ծոցի երկրների, հատկապես ԱՄԷ-ի հետ:
Նախագահ Սարգսյան – Հայաստանը գտնվում է տարբեր մշակույթների, քաղաքակրթությունների, կրոնների խաչմերուկում: Պատմականորեն մենք առևտրով ենք զբաղվել: Հայաստանը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ, որը սփռված է ամբողջ աշխարհով: Եթե աշխարհագրորեն նայեք, չնայած Հայաստանը կենտրոնում է, այն նաև շրջափակված է: Ես կասեի, որ Հայաստանը միջերկրական երկիր է, քանի որ հարևաններ ունի այդ շրջանում։ Նույն կերպ՝ չնայած դեպի Սև ծով ելք չունենք, մենք նաև սևծովյան երկիր ենք, չնայած դեպի Ծոցի երկրներ ելք չունենք, բայց շատ մոտ ենք, ունենք լավ հարաբերություններ այդ տարածաշրջանի երկրների հետ: Հայերը մշտապես գնահատել են Ծոցի շատ երկրների բարեկամական վերաբերմունքը։ Երբ հայերը ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը, եկել են նաև այստեղ: Ես շատ ուրախ եմ, որ իմ հայրենակիցներն այս երկրին շատ լավ ինտեգրված են: Կարծում եմ՝ մենք Ծոցի երկրների հետ համագործակցելու լայն հնարավորություններ ունենք: Մասնավորապես, առանձնահատուկ լավ հարաբերություններ ունենք Կատարի և ԱՄԷ-ի հետ և զարգացնում ենք գործակցությունը շատ ոլորտներում՝ տուրիզմ, մշակույթ, հաղորդակցություն, գիտություն, տեխնոլոգիաներ: Մենք կարող ենք շատ այլ ոլորտներում ևս համագործակցել, և իմ այս այցելության ընթացքում ևս այդ հարցերը քննարկվել են: Հայաստանը պատմականորեն սովորել է վերապրել, հաղթահարել տարբեր դժվարություններ, գտել է շատ խնդիրների լուծումներ, և, հնարավոր է, կկարողանա այլ երկրներին ևս օգնել գտնելու խնդիրների լուծումները:
Հարց – Ձեր խորհուրդը տարածաշրջանում անկայունության վերաբերյալ:
Նախագահ Սարգսյան – Կարծում եմ չկա ավելի լավ լուծում, քան երկխոսությունը, բանակցությունը, քանի որ բոլոր մնացած գործողությունները՝ ներառյալ ռազմականը, անդառնալի վնասներ են առաջացնում բոլոր կողմերի համար: Հայաստանը պատմականորեն մշտապես երկխոսության և հանդուրժողականության կողմնակիցն է եղել: Մենք՝ որպես պետություն, որպես ազգ, ես՝ որպես նախագահ, պատրաստ ենք և ուրախ կլինենք մեր ներդրումն ունենալ երկխոսության և հանդուրժողականության կայացման գործում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ